կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-03 13:40
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՔԾ-ն մեկ հոգու հետ է զրուցել, որն ինքն էլ հանցակից է․ Արթուր Ղազինյանը՝ իր ներկայացրած հաղորդման մասին

ՀՔԾ քննիչը տեխնիկական առումով սահմանափակվել է բացատրություն վերցնելով միայն ՀՀ առողջապահության փոխնախարարից՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ մերկաբանելով իմ կողմից հունիսի 12-ին ներկայացված՝  հանցագործության մասին հաղորդմանը ՀՔԾ պատասխանին։

Հաղորդումը կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործի հարուցելու մասին է, որը ՀՔԾ-ն մերժեց։

«Ընդամենը մեկ հոգու հետ է զրուցել ՀՔԾ-ն, ընդ որում, այդ սուբյեկտը ինքն էլ հանցակից և պատասխանատու է թաքցված և աղավաղված տեղեկատվության համար։ Քննիչը պետք է ձեռնարկեր համալիր միջոցառումներ նյութերի նախապատրաստման ընթացքում, բացատրություններ վերցներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից, Նորքի ինֆեկցիոն կլինիկայի տնօրենից և մնացած այլ սուբյեկտներից, որոնք այս ընթացքում կորոնավիրուսի վտանգավորության, մահաբերության, դրա տարածման մասին տեղեկատվություն են տրամադրել»,-ասաց Արթուր Ղազինյանը։

Նա վստահեցրեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից փետրվարի 6-ից մինչև մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսի մասին տրամադրված տեղեկատվությունը քննիչը չի ամփոփել և չի համադրել Նիկոլ Փաշինյանի և Արսեն Թորոսյանի կողմից հանրությանը տրամադրած տեղեկատվության հետ։

ՀՔԾ-ն հաստատված է համարել այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը՝ որպես առողջապահության քաղաքականության մշակման լիազորություն ունեցող մարմին, չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ։

«Այսինքն, իրենք գործել են ըստ իրավիճակի և վարակակիրների թվից կախված՝ որոշել են միջոցառումների շրջանակը։ Այսինքն, որևէ գործողություն, որը կզսպեր, կկանխեր, կարգելափակեր վիրուսի թափանցումը Հայաստան չի ձեռնարկել»,-ասաց Արթուր Ղազինյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՀՔԾ՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու, մարդու կյանքի եւ առողջության համար վտանգ ներկայացնող տեղեկատվությունը թաքցնելու եւ աղավաղելու (ՀՀ քր. օր. 278 հոդված), ինչպես նաեւ պաշտոնեական դիրքը չարաշահելու (ՀՀ քր. օր. 308) փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով: Զուգահեռ, ԱԺ ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: Սակայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի միայն Ազգային ժողովի 2020թ. սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում:

Մանրամասն՝ տեսանյութում․