Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2022-02-02 21:56
Իրավական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատավոր Բախշիյանի գործով փաստերը կարդում եմ՝ չեմ հավատում, որ դա տեղի է ունենում․ Արա Ղազարյան

Դատավոր Բորիս Բախշիյանի գործով փաստերը Արա Ղազարյանը կարդում է՝ չի հավատում, որ դա իսկապես տեղի է ունենում․ ասում է՝ դատարանների դռները շրջափակելուց հետո սա հաջորդն է արտառոցությամբ։

Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում այսպես մեկնաբանեց ընդդիմադիր հայացքներ արտահայտող ազատամարտիկ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթի կալանքը ազատությամբ փոխարինած դատավորին՝ իր կայացրած մեկ այլ որոշման համար քրեական հետապնդման ենթարկելու, կալանավորման իրավունք տալու, ապա գործունեությունը կասեցնելու փաստերը։

«Ես չգիտեմ՝ սա քաղաքական հետապնդում է, թե ոչ, բայց քանի որ ես շատ եմ հետազոտել դատավորի անկախության հարցերը, ԲԴԽ-ի գործառույթները, որի վերաբերյալ դեռ 2015 թ-ին ծավալուն հետազոտություն եմ արել, սա ամենաարտառոց որոշումն էր, որն ուղղակիորեն ուղղված է դատավորների անկախության դեմ, ես հեչ չէի ցանկանա, որ Հայաստանում դատավորի նկատմամբ քրեական գործ հարուցվեր զուտ նրա համար, որ ընտրել է կալանքը որպես խափանման միջոց, նույնիսկ եթե խախտումներով է ընտրել»,-ասաց Արա Ղազարյանը։

Բառերով չեմ կարողանում նկարագրել, թե ինչ անհեթեթ որոշում է ընդհանրապես քրեական գործ հարուցելը այդ բանի համար, նշեց Արա Ղազարյանը, ես նույնիսկ չէի էլ հավատում, թե դա ճշմարտություն է, կարծում էի՝ չափազանցնում են։

«Բայց անկեղծ, քրեական գործ հարուցել դատավորի դեմ, որովհետև նա օրենքն է խախտել, երբ կան բողոքարկման ընթացակարգեր և կողմերը նույնիսկ չեն էլ բողոքել, սա ուղղակի անհեթեթություն է»,-ասաց փաստաբանը։

Եվրոպական իրավունքում կայուն մոտցում կա, նշեց նա, որ դատավորին չի կարելի ենթարկել կարգապահական պատասխանատվության, էլ չասած՝ քրեական պատասխանատվության, իր կայացրած որոշման համար։

«Մեր քրեական օրենսգիրքը միայն մի դեպք է սահմանել՝ երբ որ դատավորը, ելնելով շահադիտական նկատառումներից, կանխամտածված կերպով  կայացնում է որոշում, որը հետևանք է առաջացնում։ Բախշիյանի դեպքում այս հիմքը չկա։ Իսկ կարգապահական պատասխանատվության էլի ոչ մի դեպքում չի կարելի ենթարկել իր կայացրած որոշման համար՝ էլի մեկ բացառությամբ՝ դատավորների ընդհանուր ժողովի որոշմամբ,  էթիկական նորմերի խախտման համար՝ եթե դատավորը որոշումը կայացրել է օրենքի բացահայտ արհամարհանքով, կանխամտածված կերպով՝ իմանալով, որ դա օրենքի խախտում է։ Հասկանալի է, որ սա հազարից մեկ կարող է տեղի ունենալ»,-պարզաբանեց Արա Ղազարյանը։

Այս կոնտեքստում այն, ինչ կատարվում է այսօր, ուղղակի անհասկանալի է, նշեց նա, ուղղակի եվրոպական կարգին դեմ գնացող պրակտիկա է։

«Մանավանդ Բախշիյանի գործը, ես էլի փաստերը կարդում եմ՝ չեմ կարողանում հավատալ, որ դա տեղի է ունենում։ Որովհետև դատավորն օրենքը կիրառում է փաստերի իր սեփական գնահատմամբ․ սա Նախարարների կոմիտեի հանձնարարականում դեռ 1994 թ-ին  է նշվել, հետո սա ամրագրվել է նոր հանձնարարականներով։ Սա արդեն ազդարարում է, որ, ՄԻԵԴ-ին ցիտելով, նույնիսկ եթե մեկ որոշման վերաբերյալ մի քանի կարծիք կա՝ չի նշանակում, որ դա վատ որոշում է»,-ասաց միջազգային իրավունքի մասնագետը։

Նա համոզված է, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում, աստիճանաբար կաշկանդելու է դատավորներին մինչև այն աստիճանի, որ 200 տարի առաջվա Ֆրանսիայի նման դատավորի կարգավիճակը հավասարեցվի քաղծառայողի կարգավիճակին։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝  տեսանյութով․