կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-24 14:34
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաժակյանը մեքենան վարել է, դրա համար խմբակցության վարորդին 6-րդ վարչությունը հարցաքննել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցներն այցելել են Երևանի ավագանու «Լույս» խմբակցությանն ամրագրված մեքենայի վարորդի բնակարան ու տարել նրան՝ բացատրություն տալու՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ավագանու նիստում։

Նա նշեց, որ ոստիկանները նպատակ են ունեցել պարզելու՝ որքանո՞վ է նա իրականացնում իր աշխատանքային պարտականությունները և թե ինչո՞ւ է Խաժակյանը ամիսներ շարունակ վարում խմբակցության մեքենան։ Ոստիկանները բաժին են հրավիրել նաև նրա կնոջը։

«Սա դեռ ամենը չէ․ երեկ ծանուցում եմ ստացել ՔԿ Շենգավիթի բաժնից, որով ինձ հարցաքննության են հրավիրել՝ բոլորովին այլ գործի շրջանակներում»,-ասաց Դավիթ Խաժակյանը։

Նրան ելույթով պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը․ «Ցավում եմ, որ մեր ավագանու կազմում կան գործընկերներ, ովքեր հանրային պաշտոնը դիտարկում են որպես արտոնություն։ Ո՞նց կլինի՝ իրավապահները համարձակվել են հարցաքննության կանչել մեր ընդդիմադիր գործընկերոջը, իսկ ո՞վ ասաց, որ մենք օրենքից վեր ենք․․․ Տեսեք էդ գործչի վերաբերմունքն ավագանու նկատմամբ՝ եկավ, իրա գովազդն արեց, թողեց գնաց»։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը արձագանքեց Գրիգոր Երիցյանի՝ Դավիթ Խաժակյանին ուղղված ելույթին․ «Լավ կլիներ՝ պարոն Խաժակյանի դիմաց խոսեիք։ Պարոն Խաժակյանն ասաց, որ գնում է 6-րդ վարչություն, որովհետև կանչել են։ Պարո՛ն Երիցյան, վերջերս որդեգրել եք մի քաղաքականություն՝ միշտ բոլորի հետևից եք խոսում․ տղա եղե՛ք»։

Ավելի ուշ վերադարձավ Դավիթ Խաժակյանն ու պատասխանեց անձամբ․ «Մի պահ դուրս էի եկել նիստերի դահլիճից ու ինձ տեղեկացրին, որ ավագանու անդամներից մեկը, ասացին՝ չգիտենք ով է, քաղաքական բնորոշմամբ անդեմ մարդ, ելույթ է ունեցել, քեզ է պատասխանել։ Ուզում եմ ասել՝ հարգելի իմքայլականնե՛ր, ես ձեզ հետ որևէ վեճ չունեմ․․․ Մարդիկ, ովքեր ինչ-որ տեղ, ինչ-որ գործունեություններ են ծավալել, քաղաքական կենսագրություն չունեն, եկել են՝ քաղաքական ելույթներ են ունենում․․․»։

Նշենք, որ Դավիթ Խաժակյանը ֆեսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ստացել է ծանուցում ներկայանալու ոստիկանության քրեական գործերի գլխավոր վարչություն (6-րդ վարչություն, Նալբանդյան 130) հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք տալու: Նա ասել է, որ դա արդեն երկրորդ քրեական գործն է, որի վերաբերյալ այսօր պետք է բացատրություն ներկայացնի: Հ.Գ.-ով ավելացրել է․ «Շատ պատահաբար քաղաքապետարանի ուղիղ եթերը խոտանվել է և խոսքիս 70%ը դուրս է մնացել»:

Մանրամասն՝ տեսանյութում․