կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-06-23 12:30
Քաղաքական

Նախագահականը ևս մասնակի՞ց է հակասահմանադրական ընթացքին

Նախագահականը ևս  մասնակի՞ց է հակասահմանադրական ընթացքին

Հայաստանի Ազգային ժողովն երեկ հունիսի 22-ին, շատ կարճ արտահերթ նիստ հրավիրեց և երկրորդ ընթերցմամբ քննարկեց ու քվեարկեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից օրենսդրական փաթեթը:

Օրինագծին կողմ քվեարկեց 89 պատգամավոր, դեմ չկար, քանի որ ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները չէին մասնակցում նիստին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հարցը ներկայացնելիս նշեց.

«Այս նախագծով առաջարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասին հանել «ուղարկվում է ՀՀ նախագահին, որը 21-օրյա ժամկետում ստորագրում է և» բառերը: Ստացվում է, որ ԱԺ կողմից ընդունված սահմանադրության փոփոխությունների նախագիծը 7-օրյա ժամկետում հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Այս առաջարկի էությունն այն է, որ սահմանադրական փոփոխությունների պրակտիկան չի ենթադրում այդ փոփոխությունների ստորագրման ինստիտուտ: Նախկինում ևս սահմանադրական փոփոխություններն ընդունվել, հրապարակվել են և մտել ուժի մեջ՝ առանց ստորագրման»,- ասաց նա:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սոցցանցերում որոշ մեկնաբանությունների առիթով որոշեց պարզաբանում մտցնել.

«Ես տեսա մեկնաբանություններ, որ մենք փորձում ենք ՀՀ նախագահից լիազորություններ վերցնել: Ուղղակի տեղեկացնեմ ձեզ ու ի լուր աշխարհի, որ այս նախաձեռնության այդ հատվածն ինտենսիվորեն քննարկվել է ՀՀ նախագահի և նրա աշխատակազմի հետ։ Ավելին ասեմ՝ մեզ այնտեղից են գործընկերաբար մատնանշել օրենսդրական բացը և առաջարկել շտկել այդ բացը և հստակ կարգավորում մտցնել, ինչը և անում ենք։ Այնպես որ, խնդրում եմ զանազան ապատեղեկատվության չտրվել»: