Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019 թ. նոյեմբերի 27-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում գործող «Nordic Monitor»-ի գործադիր տնօրեն, լրագրող, ազգությամբ թուրք Աբդուլլահ Բոզքուրթը «Թուրքիան Հայաստանի դեմ ռազմական գործողություններ էր ծրագրել» վերնագրով հոդված էր հրապարակել, ըստ որի Թուրքիան Հայաստանի դեմ օդային հարձակումներ էր նախաձեռնել, որը, սակայն, դեռևս ուժի մեջ է։
Բոզքուրթը «Nordic Monitor»-ում այս տարվա հունիսի 15-ին «Թուրքիան Հունաստան ներխուժելու ծրագիր ունի. բացահայտվում են գաղտնի փաստաթղթեր» վերնագրով հոդված է հրապարակել։ Ըստ այդ փաստաթղթերի՝ Հունաստան ներխուժման ծրագիրը կրում է 11-րդ դարի սելջուկ զորահրամանատար Չաքա բեյի անունը՝ «ԹԶՈՒ Չաքաբեյ գործողությունների պլանավորման հրահանգ»։
2014 թ. հունիսի 13-ին թվագրվող վերոնշյալ փաստաթուղթը, ըստ հեղինակի, լրամշակվել է և վերջնականապես կազմվել, և ենթադրաբար այն դեռևս ակտիվ է։
PowerPoint ծրագրող կազմված շնորհանդեսը, որը գաղտնազերծվել է, ցույց է տալիս հրահանգների անուններն ու տարեթվերը։
Սլայդերից մյուսը ցուցադրում է Հայաստանի և Հունաստանի դեմ Թուրքիայի գործողությունների հրահանգները, դրանց անուններն ու հրապարակման տարեթվերը։
Փաստաթղթերը հրապարակվել են այն բանից հետո, երբ դատական նիստից հետո մերձէրդողանական դատախազ Սերդար Ջոշքունը, հավանաբար մոռացել էր վերացնել գաղտնի փաստաթղթերը, նախքան դատական նիստերից մեկի շրջանակում կներկայացներ դատարանին։ Այդ փաստաթղթերը ստացվել էին երկրի ԳՇ կողմից՝ 2016 թ. հուլիսի 15-ի անհաջող ռազմական հեղաշրջման դատական գործի շրջանակում։
Նշենք, որ Չաքա բեյը Բյուզանդիայի դեմ երկար ժամանակ պատերազմած, հունապատկան մի շարք կղզիներ զավթած և Էգեյան ծովում իշխանության հասած էմիր էր։ Եթե ուշադրություն դարձնենք վերջին 2 տարիներին Թուրքիայի՝ Էջեյան ծովում գործողություններին, կհասկանանք գործողությունը սելջուկ զորավարի պատվին դնելու հիմքերը. Թուրքիան վերջին տարիներին ոտնձգություններ է կատարում Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու նկատմամբ, ապօրինի հորատման աշխատանքներ է կատարում, փորձում զավթել հունապատկան կղզիները, խախտում է Հունաստանի օդային տարածքը։
Թուրքիայում բազմիցս ակնարկվել է Հայաստան ներխուժման ցանկության մասին: Դեռևս Արցախյան հերոսամարտի ժամանակ՝ Շուշիի և Լաչինի ազատագրումից հետո, Թուրքիայում սկսեցին քննարկել Հայաստան ներխուժման հարցը՝ կիրառելով «կիպրոսյան տարբերակը», սակայն Ռուսաստանի կոշտ հայտարարություններից հետո Թուրքիան հրաժարվեց այդ գաղափարից: Սակայն քննարկումները չդադարեցին: Այնպես, ինչպես Սիրիայի և Իրաքի դեպքում (այդ երկրներ ներխուժման համար պատճառաբանում էին, որ այդտեղ կան քուրդ «ահաբեկիչներ», որոնց պետք է չեզոքացնել), Հայաստանի դեպքում էլ հայտարարվում էր, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալները կրթվում և ապաստանում են Հայաստանում (մասնավորապես՝ Արմավիրում և Արցախի Քաշաթաղի շրջանում):
Թեև ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունը զսպող մեխանիզմ է թուրքական անհագ ծավալապաշտության համար, սակայն թուրքական ներխուժման վտանգը չի դադարում օրակարգային մնալ Հայաստանի անվտանգության համար: