կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-16 23:08
Քաղաքական

Եթե Ծառուկյանի հանդեպ գործընթացն իրավական է, ապա «Սաս»-ի Արտակի ձայնագրությունն ի՞նչ եղավ․ Կարեն Քոչարյան

Եթե Ծառուկյանի հանդեպ գործընթացն իրավական է, ապա «Սաս»-ի Արտակի ձայնագրությունն ի՞նչ եղավ․ Կարեն Քոչարյան

Ես չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանն ուզում է գալ իշխանության՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Քոչարյանը։

Ի՞նչ է ուզում Գագիկ Ծառուկյանը՝ Կարեն Քոչարյանը վարկած ունի, բայց չի հրապարակում։

Ինչո՞ւ նա որոշեց իրեն ոչ բնորոշ սուր շեշտադրումներով հայտարարություններ անել իշխանության դեմ, վերլուծաբանն ինքն էլ է զարմացած։

Կարեն Քոչարյանը չի բացառում, որ այդ հայտարարությունները Ծառուկյանի դեմ քրեական գործեր հարուցելու լուրերի արտահոսքի պատասխանը լինեն, բայց այս դեպքում էլ իշխանությունների կեցվածքն է կասկածելի։ Վերլուծաբանը չի համարում, որ իշխանությունն ուզում է ազատվել ԲՀԿ-ից։

«Եթե հեղափոխություն արած ուժին պետք լիներ, որ ԲՀԿ-ն չլիներ, այն չէր լինի դեռ 2018 թ-ի դեկտեմբերին։ Եթե 2018 թ-ի դեկտեմբերին կամ մայիսին հեղափոխություն արած ուժը գտել է, որ պետք է այս ուժը, ապա ես գտնում եմ, որ այս հետապնդումը պահի տակ արված գործողություն է»,-նկատեց նա։

Բացատրությունը պարզ է՝ երբ պետք էր, որ ՀՀԿ-ն չլիներ, ամբողջ նոյեմբեր ամիսը մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ, աշխարհի վերջին դժոխքի մեղքերը վերագրվեցին Հանրապետականին․ և դա աշխատեց։ Կարեն Քոչարյանը համոզված է, որ նույն կերպ այն ժամանակ կարող էին մերժել ԲՀԿ-ին, այն ժամանակ դա աշխատելու էր, բայց չարեցին։

Գագիկ Ծառուկյանի հանդեպ Կարեն Քոչարյանի ընկալումն այսպիսին է․ «Ասել եմ, ասում եմ և կասեմ, որ որպես քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանն ինձ համար երբեք ընկալելի չի եղել ու շարունակում է մնալ ոչ ընկալելի։ Որպես քաղաքական գործիչ։ Ես որպես բիզնեսմեն շատ եմ ընդունում նրան, բայց նա բիզնեսմեն է, ոչ թե քաղաքական գործիչ»։

Այսուհանդերձ, երբ վերլուծում է՝ Ծառուկյանի հանդեպ արշավը քաղաքակա՞ն, թե՞ իրավական գործընթաց է, նրա համար ամեն ինչ ակնհայտ է։

«Եթե այդ ամեն ինչի հիմքում ընկած է իրավական գործընթաց, ես հիմա ընդամենը լակմուսի թուղթ եմ առաջարկում իշխանություններին, ապա Նիկոլ Փաշինյանից լավ ոչ ոք չգիտի, թե Սամվել Ալեքսանյանը 2013, 2017 և այլ թվականներին ինչպես է փող բաժանել Մալաթիա-Սեբաստիայում․ 2013 թ-ը նշում եմ, որովհետև ինքն է առաջադրված եղել այնտեղ և ինքն է բարձրաձայնել անձամբ։ «Սաս»-ի Արտակի ձայնագրությունը, ինձ թվում է, լսել են բոլորը, անգամ մանկապարտեզի երեխաները, որը փաստ է՝ 2017 թ-ին։ Եվ էլի շատ-շատ բդեշխներ, ֆեոդալներ, որ տարիներ շարունակ նույնը արել են։ Այդ դեպքում ինչու այս մասին էլ չի խոսվում»,-եզրակացրեց Կարեն Քոչարյանը։

Մյուս կողմից, նա ընդգծեց, որ եթե գործընթացը իրավական է, ապա տարրական բան՝ կաշառքի դեպքում երկու կողմն էլ մեղավոր են՝ որքան կաշառք տվողը, երկու այնքան էլ կաշառք վերցնողը։

«Եթե դրա հետ միասին կսկսվեն իրավական գործողություններ կաշառք վերցնողների և մնացած բոլոր կաշառք բաժանողների հանդեպ, ապա ես կընդունեմ, որ սա լրիվ իրավական պրոցես էր։ Եթե պետք է սահմանփակվեն միայն Գագիկ Ծառուկյանով, ուրեմն սա բացառապես քաղաքական է՝ անկախ նրանից ոնց եմ վերաբերվում Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչին»,-ասաց Քոչարյանը։

Որպես ՀՀ քաղաքացի նա համարում է, որ այս ամենը շատ վատ հետևանքներ է ունենալու՝ համընդհանուր ատելության առումով, որը շատ վատ բան է։

Ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա է տեղի ունենում, նրանք քննարկում են գործող իշխանությունների ձախող քաղաքականությունը կորոնավիրուսի դեմ պայքարում, սոցիալ-տնտեսական ապաշնորհ քաղաքականությունը, իսկ այսօր արդեն միասնական դիրքորոշում արտահայտեցին Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև ԲՀԿ տարածքային կառույցների շուրջ ծավալվող իրադարձությունների մասին, որոնք որակվեցին ցավալի վկայություն այն իրողության, որ իշխանությունը՝ պատրաստ չլինելով և անկարող լինելով բովանդակային երկխոսությամբ հակադարձել խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության կողմից հնչող հիմնավորված և փաստարկված քննադատություններին, ինչպես նաև սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու, վարչախմբի կառավարչական ձախողումները քողարկելու նպատակով՝ պատրաստ է դիմել ցանկացած բնույթի բռնաճնշումների: ԲՀԿ-ն ողջունեց հայտարարությունը և ջանքերը միավորելու կոչ արեց։ 

«Ես օբյեկտիվորեն սա ընդունում եմ որպես քաղաքական պայքարի սկիզբ»,-հայտարարեց Կարեն Քոչարյանը։

Նա նկատեց, որ երկու տարի ընդդիմադիր դաշտը փաստացի ամայացած էր․ սա, ըստ նրա, նորմալ է, քանի որ հեղափոխություններից հետո միշտ էլ ընդդիմադիր դաշտն ամայանում է, որովհետև գործող ընդդիմությունը դառնում է իշխանություն, իշխանությունը մերժվում է և ի վիճակի չի լինում գրավել ընդդիմադիր դաշտը, որովհետև հասարակությունը նրանց արդեն չի ընկալում ո՛չ որպես իշխանություն, ո՛չ որպես ընդդիմություն, և ժամանակ է պետք լինում, որ ձևավորվի նոր ընդդիմություն արդեն գործող իշխանությանը, ինչի ականատեսն ենք մենք հիմա։

Նախկին իշխող ուժը՝ ՀՀԿ-ն էլ փորձում է ակտիվություն ցուցաբերել, բայց ընդդիմադիրների կոնսոլիդացիային չի միանում։

«Ես կարծում եմ, Հանրապետականին չեն թողնում, որ միանա։ Այսօր Նաիրա Զոհրաբյանը անուններ տվեց, թե ում հետ չեն համագործակցի (Միքայել Մինասյանի)։ Անուններ են, որոնք ոչ թե պարզապես ասոցացվում են կամ օդում կախված լուրերի համաձայն են, այլ փաստեր են»,-ասաց Կարեն Քոչարյանը։

Նա նկատեց, որ նոր ձևավորվող ընդդիմադիր ուժերը հասկանում են, որ կան ուժեր, որոնք որևիցե կերպ չեն ընկալվում ժողովրդի կողմից և եթե լինեն իրենց հետ, ժողովուրդը չի ընկալելու․ «Նրանք գիտեն, որ մարդիկ դժգոհ են Նիկոլ Փաշինյանի գործունեությունից, բայց այդ մարդկանց ավելի ստվար զանգվածները համոզված են, որ եթե պիտի Հանրապետականները փոխարինեն, ավելի լավ է լինի Նիկոլ Փաշինյանը, քան Հանրապետականները»։

Այսուհանդերձ, երկրի քաղաքական դաշտում ՀՀԿ-ի համար տեղ վերլուծաբանը տեսնում է, պարզապես նրանք կմնան մենակ․ «Հանրապետականը, որպես երկար տարիներ աշխատած ուժ, բնականաբար, ինչ-որ էլեկտորատ ունի, որը նախորդ ընտրություններին համարյա 5 տոկոսը անցնում էր, քիչ էր մնացել։ Բնականբար, մի ուժ, որն այդքան տարի աշխատել է, կունենա ինչ-որ ընտրազանգված, բայց դեռ երկար ժամանակ իրենք առանձին կլինեն։ Գոնե այս իշխանությունների օրոք ոչ ոք Հանրապետականի հետ չի համագործակցելու։ Նրանք նույնիսկ կարող են անցնել խորհրդարան շատ քիչ, բայց կոնսոլիդացիոն պրոցեսներ իրենց հետ չի լինի»։

Կոնսոլիդացիոն գործընթաց սկսած ուժերին, Կարեն Քոչարյանի համոզմամբ, ժողովուրդը չի ասոցացնի նախկինների հետ, եթե անգամ ժամանակին համագործակցություն եղել է․ «Նիկոլ Փաշինյանն էլ է աշխատել նախկինների օրոք, հետո՞ ինչ։ Եթե այդպես նայենք, այս երկրում 2 տարեկանից մեծ ինչքան մարդ կա, բոլորը նախկին իշխանությունների օրոք եղել են, հետո՞»։

Կարեն Քոչարյանը նկատեց, որ նախկինում ապրած և աշխատած մարդիկ ու ամբողջ կազմակերպությունները, պարզ է, չեն կարող ցնդել եթե ինչ-որ բան է փոխվել, կամ չեն գնալու Մարսում ապրեն, շարունակելու են ապրել տեղում և արարել, բայց դրան ձևեր ու տեխնոլոգիաներ կան։

«Ինչո՞ւ Հանրապետականը առայժմ շանս չունի, իսկ Դաշնակցությունն ունի․ որովհետև Դաշնակցությունը շատ արագ փոխեց իր դեմքերին, այն դեմքերին, որոնք ասոցացվում էին նախկինի հետ։ Դաշնակցության մեջ հիմա հին դեմքերը չկան, լրիվ երիտասարդ մարդիկ են, ժողովուրդը նրանց է տեսնում և այդ ասոցիացիան արդեն միանշանակ չէ հների հետ, որովհետև այդ երիտասարդները չեն եղել այնտեղ, նրանք չեն կանգնել նախկին իշխանությունների կողքին, չեն ունեցել պաշտոններ նախկին իշխանությունների ժամանակ, չեն ասոցացվում հների հետ»,-նշեց նա։

Քոչարյանի համոզմամբ, եթե Հանրապետականն էլ հավատարիմ մնար դեմքերը փոխելու իր սկսած գործընթացին՝ այսինքն, կուսակցությունը չշարունակեր ղեկավարել Սերժ Սարգսյանը և նա վարչապետ չդառնար, Կարեն Կարապետյանի ռեբրենդինգը ընկալվել էր ժողովրդի կողմից, քանի որ 2017թ-ին Հանրապետականը բավականին ձայն հավաքեց։

Միքայել Մինասյանը, իբրև Հանրապետականի դեմքի փոփոխություն, Կարեն Քոչարյանի կարծիքով, չի ընկալվի։

«Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև նախ ինքն է նշում՝ «հները» և այլն, ինքն է փորձում դիստանցիա պահել Հանրապետականից՝ սկսենք դրանից։ Կստացվի, չի ստացվի, դա այլ խնդիր է, բայց զուտ Հանարպետականի, որպես քաղաքական ուժ, քանի դեռ ղեկավարը Սերժ Սարգսյանն է, խնդիր է իրենց համար քաղաքական որևիցե պրոցեսի մասնակցել արդեն նոր տրամաբանությամբ, նրանք շարունակելու են հին տրամաբանությամբ մասնակցել»,-ասաց նա։

Դաշնակցության դեպքում, նրա համոզմամբ, այլ է․ բացի նոր դեմքերից Դաշնակցությունն ունի կայուն էլեկտորատ, որը տատանվում է տարբեր ժամանակներում՝ կախված կարգավիճակից․ «Պարզ է, որ ընդդիմադիր դիրքերից ռեյտինգը բարձրանալու է, իշխանության մեջ այն ընկնում է, դա էլ է նորմալ։ Դաշնակցությունը դասական կուսակացություն է, ունի իր կառույցները՝ ի տարբերություն շատ շատերի։ Միայն մի քանի կուսակցություն այսօր ունի կառույցներ։ Էլ չեմ ասում՝ Սփյուռքի կառույցների հնարավորությունները։ Նաև փորձը, այդ ամեն ինչը կա»,-նշեց Կարեն Քոչարյանը։

Կոնսոլիդացիոն շարժմանը միացած այլ կուսակցություններ, Քոչարյանի խոսքով, ի տարբերություն Դաշնակցության, նոր են և  նոր միայն պետք է ապացուցեն, թե ինչով կարող են գրավիչ լինել, կկարողանա՞ն դառնալ քաղաքական ուժ, ունենալ կառուցներ մարզերում, ձևակերպել իրենց քաղաքական օրակարգը․․․ ժամանակը ցույց կտա։

Արդյո՞ք ժողովուրդը պատրաստ է հրաժարվել իշխող քաղաքական ուժից․ Քոչարյանը նկատեց, որ կան դժգոհություններ․ «Չեմ ասում դա ատելություն է, մերժելու տրամադրություններ են, ինչպես նախկինում էր, բայց որ դժգոհությունը շատացել է այս իշխանություններից, փաստ է։ Նկատի ունեմ միայն Նիկոլ Փաշինյանից, որովհետև մնացածը ածանցյալներ են, որ պիտի դեռ ապացուցեն, որ իրենք քաղաքական գործիչ են։ Որ ասում են՝ գործիչ եմ, իմ ծիծաղը գալիս է շատ»։

Բացի օբյեկտիվ՝ հետհեղափոխական հիասթափությունից, Կարեն Քոչարյանի համոզմամբ, կա նաև հիասթափության սուբյեկտիվ գործոն՝ կորոնավիրուսային ֆորսմաժորը։ Նա ժողովրդի խոսքը հիշեց՝ «բախտները չբերեց»։ Իշխանությունը, նրա խոսքով, որևէ կերպ պատրաստ չէր այս վիճակին և խոսքը առողջապահականի մասին չէ, այլ սոցիալ-տնտեսական կողմի մասին։ Կարեն Քոչարյանի տեսանկյունից՝ սա ձախողումների արդարացում լինել չի կարող, քանի որ երբ մարդիկ հաց չունենան, ոչ մի արդարացում լսել չեն ուզենա։ Նա նկատեց, որ հռոմեացիները հիմար չէին, երբ ասում էին՝ «հաց և տեսարաններ»․ երբ հացը չկա, ոչ մի տեսարան չի աշխատում։

Աննա Բալյան