Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեզ ոչ միայն պետք է իրականացնել սահմանադրական փոփոխություններ, այլև հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստին։
«Ես այն մարդկանցից եմ, ով չի կարծում, որ երկրի Սահմանադրությունները պիտի հաճախակի փոփոխությունների ենթարկվեն, բայց պիտի նաև ասեմ, որ հատկապես այս շրջանում եկել եմ համոզման, որ մեզ ոչ միայն պետք է իրականացնել սահմանադրական փոփոխություններ, այլև մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել», - ասաց նա։
Սահամանադրական փոփոխությունները, սովորաբար, արվում են քաղաքական նպատահակահարմարություններից ելնելով, ասաց Փաշինյանը, մինչդեռ այժմ ոչ թե քաղաքական անհրաժեշտություն կա նոր սահմանադրական փոփոխությունների, այլ կա պետական անհրաժեշտություն նոր Սահմանադրություն ընդունելու։
Փաշինյանը համոզված է, որ կառավարման համակարգի փոփոխություն չպիտի արվի՝ խորհրդարանական կառավարման համակարգը դեռ պետք է կայանա:
Նրա խոսքով՝ երբ նաև վարչապետի կարգավիճակով շատ պրոբլեմների մեջ խորամուխ է լինում, արձանագրում է մի իրողություն, որ մեր երկրում չկա օրգանական կապ պետական կարգի եւ քաղաքացու կամքի միջեւ:
«Կարծում եմ, կարեւոր պատճառներից մեկն այն է, որ երրորդ հանրապետության պատմության մեջ մենք չենք ունեցել այնպիսի Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություն, որ քաղաքացին իրեն մասնակից համարի այդ պրոցեսի, այդ տեքստի ու պետական կարգի ձևավորմանը»,- ասաց Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իրենը համարի Սահմանադրությունը՝ հայտարարեց Փաշինյանը։ Ըստ նրա՝ Սահմանադրությունը պետք է դառնա մի մեծ հանրային պայմանավորվածություն՝ քաղաքացի-քաղաքացի եւ պետություն-քաղաքացի հարաբերությունների մասին։
«Խորհրդային ժամանակներից կա այդպիսի ընկալում՝ կար ստալինյան Սահմանադրություն, կար բրեժնևյան Սահմանադրություն, և կարծում եմ, որ այս իներցիաներով մենք, ցավոք, շարունակել ենք այդ պրոցեսը, և ամեն անգամ Սահմանադրությունների տեքստերը Հայաստանում ուղղակի կամ անուղղակի, մի քիչ ավելի կամ մի քիչ պակաս, արդարացված ձևով կապվել են անձերի, քաղաքական խմբերի, ապագայի վերաբերյալ նրանց ունեցած խմբային պատկերացումների հետ: Մենք ունենք այսօր հնարավորություն՝ այս շղթան կտրել», - ասաց վարչապետը։
Երբ սա քննարկել են, հասկացել են, որ այսօր իսկապես ունեն այսպիսի հնարավորություն․ «Որովհետև Սահմանադրական մասնագիտական հանձնաժողովը, չնայած ձևավորվել է վարչապետի որոշմամբ, բայց հանձնաժողովի կազմում շատ քիչ են մարդիկ, ովքեր ինձ կամ մեր քաղաքական թիմի հետ ունեն քաղաքական առնչություն»:
Նա հայտարարեց, որ իսկապես կարծում է և իրեն ինչ-որ առումով համարում եմ այդ պրոցեսի երաշխավորը, որ ունենանք Սահմանադրություն, որը կապված չէ կոնկրետ քաղաքական գործչի, կոնկրետ քաղաքական թիմի պատկերացումներն սպասարկելու հետ։
«Ես, առավել ևս այսօր, եկել եմ այն համոզման, որ մեր պետական խնդիրները կարող են լուծվել, կամ այդ լուծման մեջ առանցքային դերակատարում ունի հանգամանքը, թե ինչքանով է պետական կարգը ձևավորվել քաղաքացու կամքի արտահայտությամբ, ինչքանով է բխում այդ կամքից և ինչքանով է հենված այդ կամքի վրա», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ որպեսզի այս պրոցեսը կարողանանք ապահովել, մասնագիտական հանձնաժողովը հանրային քննարկումների պրոցես պետք է սկսի՝ հնարավորինս շուտ և հնարավորինս շատ։
«Ես էլի ցանկանում եմ արձանագրել, որ մեր կարծիքն այն է, որ մենք կառավարման համակարգի փոփոխություն պետք է չանենք: Իհարկե, խորհրդարանական կառավարման համակարգը պետք է Հայաստանում դեռ կայանա և, եթե անկեղծ ասեմ, մենք նույնիսկ պետք է հասկանանք՝ ի՞նչ նկատի ունենք խորհրդարանական կառավարման համակարգ ասելով: Այն, ինչ որ մենք այսօր ունենք, արդյոք դա համարո՞ւմ ենք լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգ, խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներն արդյոք բավարար չափով զարգացա՞ծ են, կամ ցանկանու՞մ ենք արդյոք ավելի զարգացնել խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները», - ընդգծեց Փաշինյանը:
Նա անդրադարձավ կարևոր քաղաքական քննարկումների առիթ դարձած այլ խնդիրների՝ գործող Սահմանադրության մեջ կայուն մեծամասնության առկայության, Սահմանադրության մեջ օտարերկրյա ներդրողների համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու, անկախ դատական համակարգի հարցերին:
«Գիտեմ, որ հանձնաժողովում քննարկումներ կան մեկ միասնական դատական համակարգ ունենալու վերաբերյալ՝ նկատի ունենալով և՛ ընդհանուր դատական համակարգը, և՛ Սահմանադրական դատական համակարգը: Ուղիղ ասած՝ Սահմանադրական դատարանի գործառույթները և դատական ընդհանուր համակարգի գործառույթները, Վճռաբեկի գործառույթները միավորել մեկ համակարգի մեջ: Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ այդ թեման արժանի է լրջագույն քննարկման, որովհետև Երրորդ հանրապետության պատմության մեջ մենք մի քանի անգամ ենք տեսել, երբ սահմանադրական դատական համակարգը, Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի միջև կա որոշակի ընկալումների խզում, որը, չեմ կարծում, թե դրական ազդեցություն է թողնում մեր դատական համակարգի զարգացման վրա», - հայտարարեց վարչապետը:
Նրա ընկալումը հետևյալն է՝ քաղաքական ուղերձները հղել մասնագիտական հանձնաժողովին, ստանալ հանձնաժողովի ուղերձները և կարծիքներն այդ քաղաքական հարցադրման վերաբերյալ, մասնագիտական ֆիլտրով անցած գնահատականների վրա վերանայել, վերագնահատել իրենց կարծիքները և կարողանալ կայացնել որոշումներ:
Նիկոլ Փաշինյանը արձանագրեց․
ա. Հայաստանում բացառված է այլևս որևէ ընտրակեղծիքի կամ որևէ այլ գործիքի կիրառումը Սահմանադրության ընդունման կամ ընդհանրապես որևէ ընտրական պրոցեսում:
բ. Ի վերջո, ժողովուրդը պետք է կայացնի որոշում, և որպեսզի ժողովրդի կայացրած որոշումը ծառայի մեր առաջնային նպատակին, մենք պետք է առավելագույնն անենք, որ մեր հանրությունը հնարավորինս բովանդակային բանավեճին ծանոթ լինի:
Վարչապետն անդրադարձավ նաև ընտրական գործընթացներին․ «Մենք պետք է մտածենք Հայաստանում ընտրական համակարգի տեխնոլոգիական այլընտրանքներ ունենալու մասին: Տեսեք՝ հիմա հանրաքվե ունենք նշանակած, որը կորոնավիրուսի պատճառով չենք կարողանում և, ըստ էության, չենք կարող իրականացնել: Բայց կա տեսակետ, որ կորոնավիրուսը դեռ շատ երկար լինելու է մեզ հետ՝ ոչ միայն Հայաստանում այլև ամբողջ աշխարհում, և կարող է համաճարակային վտանգավոր իրավիճակ լինել առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ՏԻՄ ընտրությունների ժամանակ և այլն: Մենք պետք է մտածենք, թե արդյոք կարող ենք ունենալ օնլայն քվեարկության հուսալի համակարգ, որի արդյունքները նույնքան վստահելի կլինեն, ինչքան վստահելի են, օրինակ, մեր վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Կարծում եմ, որ այս հարցին պետք է նայենք ոչ միայն ուղղակի որպես ընտրական հարց, այլ սա, ըստ էության, նաև մեր պետական անվտանգության հարց է»:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ ակնկալվում է մինչև դեկտեմբերի վերջ ունենալ հանրային քննարկումների փուլն անցած հայեցակարգ, իսկ մինչև 2021-ի հունիս՝ Սահմանադրական բարեփոխումների նախագիծ:
Մանրամասն՝ տեսանյութում․