կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-06-08 22:12
Հասարակություն

Բժիշկը. Վարուժան Ղազանչյան

Բժիշկը. Վարուժան Ղազանչյան

Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.

«ԲԺԻՇԿԸ

Իմ խորին համոզմամբ բժիշկը դա կոչում է, որովհետև դա այն մասնագիտությունն է, որ եթե չսիրես, չես կարող աշխատել: Կդառնաս պաշտոնյա, ադմինիստրատոր, բայց ոչ ասենք վիրաբույժ, կամ անեստեզիոլոգ, որոնց ամեն մի փոքրիկ սխալը կարող է մարդկային կյանքի արժեք ունենալ:

Ես մի շատ սիրելի մորաքույր ունեի՝ Հանրապետության վաստակավոր բժշկուհի՝ Էլիդա Երվանդի Փամբուկչյանը, որին ինստիտուտը ավարտելուց հետո գործուղել էին Գորիսի Շինուհայր գյուղը, որտեղ էլ մի երկու տարի առաջ նա կնքել է իր մահկանացուն:

Նույնիսկ 40 -50 տարի աշխատելուց հետո էլ նա չհաշտվեց մահվան գաղափարի հետ և ամեն անգամ երեխայի պես լաց էր լինում, եթե հիվանդը մահանում էր:

Մոռացա նշել, որ նա այնտեղ սկսել էր աշխատել անցած դարի քառասունականների կեսերից:

Պատկերացնում եք՝ քաղաքում ծնված, մեծացած նրբիրան աղջիկը հետպատերազմյան լեռնային գյուղում:

Նրան կարող էին արթնացնել գիշերվա ցանկացած ժամի, և նա էշ հեծած հասնում էր նաև հարևան գյուղերը, բուժելու համար հիվանդության ճանկն ընկած, անօգնական գյուղացիներին:

Մինչև հիմա էլ այդ շրջաններում նրա անունը տալիս են մեծագույն հարգանքի և ակնածանքի զգացումով:

Իմ բաջանաղներից մեկը նույնպես բժիշկ է` միկրովիրաբույժ, որը մանրադիտակի օգնությամբ մի քանի ժամ անընդհատ ջլերն ու արյունատար անոթներն էր իրար միացնում, որպեսզի մարդը չկորցնի իր ձեռքը, ոտքը, կամ կտրված մատը:

Էխ Արթուր, Արթուր (խոսքը Երևան քաղաքի լավագույն միկրովիրաբույժներից մեկը հանդիսացող Արթուր Քոչարյանի մասին է), ինչքան էր քեզ զզվեցրել մերձաշխատանքային անառողջ մթնոլորտը, որ լքեցիր Երևանը, և բնակություն հաստատեցիր ԱՄՆ -ում, ուր զրկված ես քո մասնագիտությամբ մարդկանց օգտակար լինելու հնարավորությունից:

Վերջին տարիներին, ցավոք սրտի, և ինքս, և կինս մի քանի անգամ հայտնվեցինք հիվանդանոցներում, և պիտի ասեմ, որ հիմա այնպիսի մեծ երախտագիտության զգացում ունենք մեզ բուժող բժիշկների հանդեպ, որ խոսքերով արտահայտելն անհնար է:

Գևորգ Թամամյան, Ռուբեն Հովհաննիսյան, մենք հիացած ենք ձեր մարդկային և մասնագիտական որակներով, և մինչև մեր կյանքի վերջը համարելու ենք մեզ՝ ձեզ պարտական:

Ոչ մի վարձատրությամբ հնարավոր չէ փոխհատուցել այն հսկայական նյարդային լիցքը, սթրեսային իրավիճակները, որի մեջ շատ հաճախ հայտնվում է բժիշկը:

Նրանց կյանքը հավերժական պայքար է…

Պատկերացրեք անեստեզիոլոգի աշխատանքը: Մի փոքր նարկոզը ավել տված լինի՝ վիրահատվողը չի արթնանա, պակասի դեպքում կարթնանա վիրահատությունը չավարտված:

Եվ այդ ամենը համարյա ամեն օր, մի քանի անգամ:

Իսկ չէ, որ այնուամենայնիվ լինում են դեպքեր, երբ հիվանդը նարկոզից դուրս չի գալիս:

Չէ, այդ մարդիկ հերոսներ են, որ կամավոր իրենց վրա նման ծանր հոգեբանական բեռ են վերցրել:

Կամ վերցրեք մեր բժիշկների աշխատանքը՝ կորոնավիրուսային համաճարակի պայմաններում:

Ի՞նչ է նրանք փողի համար են օր ու գիշեր մնում հիվանդանոցներում, վտանգելով սեփական առողջությունն ու կյանքը:

Ծիծաղելի կլիներ նման մտածելակերպը:

Բժիշկը նույնիսկ ավելին է, քան մեծատառով մարդը:

Մենք բոլորս պիտի գլուխ խոնարհենք մեծատառով ԲԺՇԿԻ առաջ, իր ամենօրյա անզիջում պայքարի համար՝ հանուն մեզ, հանուն կյանքի…»: