կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-29 19:51
Տնտեսական

Վարչապետն ընդգծել է թվայնացման, ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման ռազմավարությունների կարևորությունը

Վարչապետն ընդգծել է թվայնացման, ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման ռազմավարությունների կարևորությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում է ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը: Այսօր ներկայացվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հաշվետվությունը, զեկուցմամբ հանդես է եկել նախարար Հակոբ Արշակյանը: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարի հաղորդմամբ՝ 2019թ. մայիսի վերջ ստեղծված նախարարությունը հաշվետու ժամանակահատվածում աշխատանքներ է իրականացրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ռազմարդյունաբերության, թվայնացման, հեռահաղորդակցության խթանման ուղղություններով: Ոլորտային ցուցանիշների մասով նշվել է, որ ընդհանուր շրջանառությունն աճել է 30 տոկոսով, ԲՏԱ շրջանառության մասնաբաժինը ՀՆԱ-ում աճել է 2.4 տոկոսով: 25 տոկոսով աճել է ոլորտի ընկերությունների թիվը, ինչը, Հ. Արշակյանի խոսքով, պայմանավորված է նորաստեղծ ընկերություններին արտոնությունների Ö ‡ դրամաշնորհների տրամադրմամբ: Արձանագրվել է նաև ոլորտում զբաղվածության մակարդակի աճ՝ շուրջ 21 տոկոս: Մշակվել են և ընթացքի մեջ են «Գաղափարից բիզնես», «Վիրտուալ կամուրջ», «Բուհ-մասնավոր» կրթական, «Ներուժ», «Ազգային վենչուրային ֆոնդ» և մի շարք այլ ծրագրեր:

Նախարարը նշել է, որ 2019թ. իրականացված աշխատանքների արդյունքում Արցախի հետ ռոումինգի սակագները 2020թ. հունվարից նվազել են 52 տոկոսով, և այդ գործընթացը շարունակական է լինելու: Միջազգային համագործակցության շրջանակում Հայաստանի տաղավարը մասնակցել է 4 միջազգային ցուցահանդեսի, ստորագրվել է 7 հուշագիր, առ այսօր կնքված պայմանագրերի ծավալը կազմում է 400.000 ԱՄՆ դոլար: Փոխգործակցությունը զարգացնելու պայմանավորվածություններ են ձեռք բերվել ինչպես մի շարք երկրների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ, այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Շարունակվել են մարզերի տեխնոլոգիական զարգացման ծրագրերը. այդ համատեքստում 58,4 մլն դրամ է տրամադրվել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնին, 90,2 մլն դրամ՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնին: Հ. Արշակյանը ներկայացրել է նաև 2020թ. մեկնարկած ծրագրերը՝ «Ծրագրավորման հիմունքներ» անվճար հեռավար դասընթացներ, որոնք կազմակերպվել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված, կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման մարտահրավերների հաղթահարման դրամաշնորհներ, մշակվում է փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ կառավարման և զարգացման հայեցակարգը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կառավարմանն է անցել Ռազմարդյունաբերական կոմիտեն. կատարվել է հայկական ռազմարդյունաբերական համալիրի ստեղծած նմուշների քարտեզագրում, ստեղծվել են համապատասխան կատալոգներ:

Հաշվետու ժամանակաշրջանում նախարարությունում կատարվել է նաև օպտիմալացում, գերատեսչությունը համալրվել է նոր մասնագետներով, շուրջ 28 տոկոսով աճել է միջին աշխատավարձը: Ներկայացվել է նաև Վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարողականը:

Վարչապետը, նախարարի զեկուցումից հետո, հետաքրքրվել է ՀՀ կառավարության գործունեության 2019-2023թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում ԲՏԱ նախարարության կատարած աշխատանքներով, այդ թվում նաև՝ ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքով: Հ.Արշակյանը զեկուցել է, որ թվայնացման, ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման ռազմավարությունները գրեթե պատրաստ են: Կառավարության ղեկավարն ընդգծել է փաստաթղթերի կարևորությունը, հանձնարարել ավարտին հասցնել դրանց մշակումը, և, ներդաշնակեցնելով կառավարության միջոցառումների ծրագրի հետ, սեղմ ժամկետում ներկայացնել քննարկման:

Վարչապետ Փաշինյանի հարցադրմանն ի պատասխան՝ նախարարը զեկուցել է նաև կապի ոլորտում իրականացված միջոցառումների մասին. ԲՏԱ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններով, որոնց նպատակը կապի ենթակառուցվածքների զարգացումն է և հասանելիության շրջանակի ընդլայնումը: Այդ ուղղությամբ քննարկումներն ընթացքի մեջ են: Այս համատեքստում կառավարության ղեկավարը հանձնարարել է արագացնել ինչպես կապի, այնպես էլ ոլորտային մյուս ուղղություններով ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի մշակումը և միջգերատեսչական շրջանառության դնել:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԲՏԱ նախարարության կողմից թվային գործիքների, առցանց հարթակների ներդրման ու կիրառման ուղղությամբ միջոցառումների շարունակական իրականացումը և տվել համապատասխան հանձնարարականներ: