կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-10 17:40
Հասարակություն

Վարչապետի գլխավորությամբ քննարկվելու են մարզային զարգացման ռազմավարությունների նախագծերը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվելու են մարզային զարգացման ռազմավարությունների նախագծերը

ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման շրջանակներում 2017 թվականի ապրիլի 6-8-ը  Կապանում տեղի է ունեցել ՄարզՌազմ ծրագրի 4-րդ  (վերջին) դասընթացը, որին մասնակցել են 10 մարզի աշխատակազմերից շուրջ 40 աշխատակից:  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը և նախարարության տարածքային կառավարման վարչության պետ Արթուր Սողոմոնյանը մարզերի աշխատանքային խմբերի  հետ ամփոփել են 2017-2025 թթ. մարզային զարգացման ռազմավարությունների  մշակման արդյունքները,  2016 թ. հոկտեմբեր – 2017 թ. մարտ ամիսների ընթացքում իրականացված դասընթացների ժամանակ  տրամադրված գիտելիքները և հմտությունները, ներկայացվել են տարածքային զարգացման գործառնական ծրագրի մշակման մեթոդաբանությունը:

Փոխնախարար Արթուր Խաչատրյանի խոսքով,   2016 թ. հուլիսին Կառավարության կողմից` 2016-2025 թթ տարածքային զարգացման ռազմավարության ընդունումից հետո ՀՀ ՏԿԶ նախարարությունը մարզպետարանների, ինչպես նաև ԵՄ խորհրդատվական խմբի աջակցությամբ սկսել էր  բոլոր մարզերի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքները:

«Արդեն պատրաստ են ՀՀ մարզերի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարությունների նախագծերը, որոնց հիմնական նպատակներն են` տարածքների մրցունակության բարձրացում, զբաղվածության ընդլայնում, մարդկային կապիտալի զարգացում: Եվրամիության մեր գործընկերների աջակցությամբ իրականացվող ՄարզՌազմ ծրագրի շրջանակներում կազմակերպված այս  հանդիպման նպատակն է ամփոփելու  կատարված աշխատանքը, ինչպես նաև հող նախապատրաստել  տարբեր ուղղություններով գործառնական ծրագրերի մշակման համար՝  տնտեսության բազմազանեցում (դիվերսիֆիկացիա), զբոսաշրջություն, փոքր և միջին բիզնեսի զարգացում, վերամշակվող արդյունաբերության զարգացում և այլն: Մարզային ռազմավարական փաստաթղթերը ուղենիշ են լինելու նաև ֆինանսավորման համար: Որևէ ծրագրի ֆինանսավորման առաջարկ հնչելու պարագայում հենց առաջին քայլով   նախատեսվում է հստկեցնել,  արդյոք ծրագրային այդ ուղղությունը, իբրև առաջնահերթություն,  ներառված է տվյալ մարզի զարգացման ռազմավարական փաստաթղթում»,-նշել է Արթուր Խաչատրյանը:

Դասընթացից ձեռքբերված հմտությունները և գիտելիքները մասնակիցները կիրառելու են նաև մարզային վարչակազմերի տարբեր գործերում:  Հիշեցնենք, որ  ս.թ. մարտի 21-ին ՀՀ մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների նախագծերը փոխանցվել են ՀՀ կառավարության աշխատակազմ և առաջիկայում ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունենալու նախագծերի քննարկում: Հավելենք, որ ռազմավարությունները ներկայացվել էին շահագրգիռ մարմինների քննարկմանը, որից հետո ստացված առաջարկությունները և դիտողությունները քննարկվել և ամփոփվել էին  ՀՀ ՏԿԶ նախարարությունում:

ՀՀ մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների նախագծերին կարող եք ծանոթանալ ՀՀ ՏԿԶՆ պաշտոնական կայքում http://mtad.am/hy/razmavarutyunner/, ինչպես նաև իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում https://www.e-draft.am/projects/45