կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-29 17:21
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր դիրքորոշումները հաստատում գտան ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքում․ Ռ․ Քոչարյանի պաշտպան

ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքում եղած ձևակերպումները կօգտագործվեն ինչպես հասցեատեր հանդիսացող Սահմանադրական դատարանի, այնպես էլ փաստաբանների կողմից՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը մամուլի ասուլիսում։

Նրա կարծիքով, իրավունքի զարգացման առումով այս որոշումը շատ կարևոր է լինելու, քանի որ իրենց  կողմից նախկինում արտահայտած բազմաթիվ դիրքորոշումներ, պնդումներ տեղ են գտել ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքում:

«Որոշակի տպավորություն է առաջացել, որ ՄԻԵԴ-ը Սահմանադրական դատարանի առաջին և երկրորդ հարցերին անդրադարձ չի կատարել, մերժել է․ նման ձևակերպումներից պետք է իսկապես զերծ մնալ, որովհետև առաջին և երկրորդ հարցերը վերաբերում էին իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին և ՄԻԵԴ-ը դրան անդրադարձել է երրորդ կետում՝ խորհրդատվական կարծիքի եզրափակիչ մասում»,- ասաց նա:

Վարդևանյանը պարզաբանեց, թե ինչ բան է բլանկետային նորմը․ դա ցանկացած այն նորմն է, որը Քրեական օրենսգրքի մեջ չէ, այլ մեկ այլ փաստաթղթի մեջ է, օրինակ՝ 300.1 հոդվածի նորմերը գտնվում են Սահմանադրության մեջ, այսինքն՝ Սահմանադրությունն է բլանկետային նորմը:

«ՄԻԵԴ-ը հստակ սահմանել է, որ բլանկետային նորմը կարող է լինել իրավաչափ միայն այն դեպքում, եթե այն բավարար հստակ է և կանխատեսելի:

«Պարզ է, որ մենք տվյալ դեպքում հստակության պահանջներն առհասարակ չունենք այդ հոդվածի դեպքում: ՄԻԵԴ-ը մեկ այլ կարևոր հանգամանք է ընդգծել, որ արարքի շրջանակը և ծավալը պետք է լինի հստակ, թե մինչև որտեղ է այդ արարքը հանդիսանում հանցագործություն: 300.1 հոդվածը նաև այս պահանջին չի բավարարում: Սա կարելի է ասել Եվրոպական դատարանի խորհդատվական կարծիքի նոր հանգամանքներից է, որը մեր կողմից հստակ օգտագործվելու է»,- ասաց նա:

Հետադարձ ուժի հետ կապված ևս նա մի քանի շեշտադրում արեց․ եթե ՄԻԵԴ-ը չտեսներ խնդիր, կնշեր՝ այստեղ խնդիր չկա․ «ՄԻԵԴ-ը իր դիրքորոշումների ազատության մեջ որևէ խնդիր չունի, և եթե ՄԻԵԴ-ը մի հարց վերլուծում է, այն էլ նման ծավալուն փաստաթղթով, դա նշանակում է այնտեղ կա խնդիր: Եթե խնդիր չլիներ, ՄԻԵԴ-ը նույնիսկ վարույթ չէր ընդունի: Իսկ այսօր ունենք բավականին օգտակար որոշում, որտեղ հետադարձ ուժի մասով էլ շատ կոնկրետ նշվել է, որ չի կարող այն արարքը, որն ավելի խստացնող է հետադարձ ուժ ունենալ»:

Վարդևանյանը նկատեց, որ ՄԻԵԴ խորհդատվական որոշումով նշված է նաև կանոնը, թե ինչպես է պետք որոշել հետադարձ ուժի կանոնը կիրառելի՞ է, թե ոչ: «Նշված է, պետք է ուշադրույթուն դարձնել ներպետական պրակտիկային, սա բառացի տեղ է գտած խորհրդատվական կարծիքի մեջ, իսկ մենք Հայաստանում ունենք ներպետական պրակտիկա, օրինակ՝ 7-ի գործը: Այս հարցում ևս ՄԻԵԴ-ը արձանագրել է այն, ինչի մասին բազմիցս արձանագրել ենք մենք»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ 2019 թ. հուլիսին ՀՀ Սահմանադրական դատարանն ընդունել էր աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ: ՍԴ որոշման մեջ ՄԻԵԴ-ին ուղղված չորս հարց կար.

1) արդյո՞ք որակական նույն պահանջներն են ներկայացվում (որոշակիություն,

հասանելիություն, կանխատեսելիություն, կայունություն) Կոնվենցիայի 7-րդ հոդվածի

իմաստով հանցագործություն սահմանող «օրենք» հասկացության և Կոնվենցիայի այլ՝

օրինակ՝ 8.11-րդ հոդվածներում գործածվող «օրենք» հասկացության նկատմամբ,

2) եթե՝ ոչ, ապա ինչպիսի՞ չափորոշիչներով են դրանք սահմանազատվում,

3) կարո՞ղ է, արդյոք, ավելի բարձր իրավաբանական ուժ և վերացականության

ավելի բարձր աստիճան ունեցող իրավական ակտերի որոշակի իրավադրույթներին

հղում պարունակող և դրա ուժով հանցագործություն սահմանող քրեական օրենքը

բավարարել որոշակիության, հասանելիության, կանխատեսելիության և կայունության

պահանջները,

4) քրեական օրենքի հետադարձ կիրառման արգելքի սկզբունքին (Կոնվենցիայի

7-րդ հոդվածի 1-ին մաս) համապատասխան՝ ինչպիսի՞ չափորոշիչներ են սահմանված

հանցանքի կատարման պահին գործող և դրանից հետո փոփոխված քրեական

օրենքների համադրման համար՝ պարզելու դրանց բովանդակային (էական) նմանությունները կամ տարբերությունները:

Մանրամասն՝ տեսանյութում․