կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-14 11:34
Քաղաքական

Մի՞թե ոսկին հաղթեց գաղափարին. Արա Նախշքարյան

Մի՞թե ոսկին հաղթեց գաղափարին. Արա Նախշքարյան

Գրող, լրագրող և նկարիչ Արա Նախշքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայ տեսակը, հայրենասերի պակաս կարծես թե չունի։ Մշտապես խոսում ու գրում է Հայրենիքից, Ազգային դիմագծից, Հայրենաճանաչումից, արժեքային համակարգից ու նման շատ մոտեցումներից։ Սակայն, նկատելի է, որ այդ Հայրենասիրությունը սահմանափակվում է միայն իր սենյակի Մասիսների առկայությամբ պատին փակցված բնանկարով։

Գիտեմ. հիմա շատ ընթերցողներ կփորձեն ինքնապաշտպանվելով ընդդիմանալ, թե այս ի՞նչ ես ասում, վիրավորում ես, բա՝ այսպես, բա՝ այնպես… սակայն, ես գիտեմ թե ինչ եմ ասում եւ ու՞մ, կամ, ո՞ր տեսակի մասին է խոսքս։ Հուսով եմ, որ նաեւ ընթերցողների մեջ կլինեն շատերն ովքեր կտեսնեն իրենց այս տողերի տակ։
Ժամանակին, «հայրենասերների» ու «ազգայնականների» մի ալիք կար, որ կազմ-պատրաստ սպասում էր, ասենք՝ թագավորի, կամ իշխաններից մեկի, սայթաքմանը, ազգայինից շեղվելուն, եւ ահա՝ խռովությունների փոթորիկը պատրաստ էր։ Հիմա, սահմանափակվում են միայն ուղիղ միացումներով, կիսատ-պռատ հայտարարություններով ու լկտի սպառնալիքներով, միմյանց վրա ցեխ շպրտելով, իբրեւ մեծ մտածող ու Հայրենիքի դարդ-ցավը, «ճիտին պարտքի» պես սրբազան գաղափարը վզից կախ տված մեկի, ում ոչ անմիջական, բայց վստահվել է ազգի բախտի ու ճակատագրի անիվը պտտողի ծանր բեռը։
Այսօր՝ չեմ տեսնում այդ ալիքը, փոթորիկ ցանողներին, որից հետո միշտ հանդարտ է չորսբոլորը։ Ի՞նչ է, օրվաս կառավարողներն ամեն ինչ Ազգայինի դիրքերի՞ց են անում… Չե՛մ կարծում։ Այդ ամենին հավատալուս համար, օրինակ ու ապացույց է հարկավոր։ Միայն «դուխով» «հեղափոխությունը» քիչ է եւ անհիմն, ու որովհետեւ էլ երերում է եւ սպառնում՝ փլատակվել։ Ազգի վերջին հույսի վերջին պատառիկներն եմ նկատում։ Սանասարի ու Բաղդասարի այդքան հավատով ու վստահությամբ շինված անառիկ բերդի խորտակումն եմ տեսնում։ Իսկ երեկվա անդրդվելի «հայրենապաշտները» լուռ են։ Փոխարենը՝ համաձայնեցված սսկվածությամբ թույլ են տալիս եւ խրախուսում են սպառնացող վտանգը։ Ժողովու՛ր Հայոց, մի փոքր ետ նայեք, մի՞թե այսօրվա համար էին նահատակվել մեր վառ երազի տեսլականն աչքերի մեջ մարած սրբերը՝ Հայկ Նահապետից մինչեւ Ուրֆանյանը… Ազգը իր արմատից ուծացվում է արհեստական կերպով… Ազգային արժեքն այլեւս կրելու է սիմվոլիկ բնույթ։ Ամեն կերպ փորձում են Հային դարձնել լիիրավ աշխարհաքաղաքացի։ Մինչդեռ, Հայն էր մշտապես եղել թելադրողի եւ որոշողի, մոլորակի վրա կյանքի թատրոնի, եթե ոչ գլխավոր, ապա՝ իր ծանրակշիռ դերակատարը։
Ու՞ր հասանք… մի՞թե կարելի էր այսչափ հեռանալ ցեղի հավատալիքներից… Մի՞թե ոսկին հաղթեց գաղափարին-սկզբունքներին, առանձնահատուկ մտածելակերպին ու ոգու յուրօրինակ կերտվածքին։
Այդպես էլ չհասկացանք, որ ամեն փայլող բան ոսկի չէ՛ եւ շատ վտանգավոր է այն ձեռք բերելու համր պատերազմելը։ Պատերազմելը, հատկապես սեփական ցեղի դեմ հանուն՝ օտար, անհայտ ծագման ու երերուն ինչք եւ ունչքի ձեռքբերումների համար վտանգել սեփականը՝ ազգային արժանապատվությունը։
Մի՞թե, ես այսքան անուղղելի վատատես եմ դարձել։
Օգնե՛ք, հասկանամ…
Հ.Գ.
Որպես խոսքերիս վերջաբան, ուզում եմ մեջբերում անել ժամանակի պատմիչներից՝ Փավստոս Բյուզանդի աշխատությունից մեկ հատված՝ Հայոց եւ Պարսից արքաների ավանդազրույցից.
Ավանդազրույցի համաձայն՝ Պարսից Շապուհ II Սասանյան թագավորը զրադաշտականության ամենանվիրական երդումով, խաբեությամբ գերել է հայոց թագավոր Արշակ Բ-ին։ Վերջինիս հավատարմությունը փորձելու համար Շապուհը վհուկների ու աստղահմանների խորհրդով հրամայել է Հայաստանից երկու ուղտաբեռ հող բերել եւ փռել իր ճեմասրահի հատակի կես մասի վրա, եւ Արշակի հետ զբոսնել այնտեղ։ Շապուհի այն հարցին, թե ինչո՞ւ է Հայոց թագավորը մերժել Պարսից հետ բարեկամություն հաստատելու առաջարկները եւ երեք տասնամյակ պատերազմել իր դեմ, Արշակը պարսկական հողի վրա մեղա է եկել եւ ներում է խնդրել, իսկ հայկական հողի վրա ըմբոստացել է։ Շապուհը բանտարկել է Արշակին։
Ըստ զրույցի վերջաբանի՝ Արշակի պալատական ներքին Դրաստամատը, որը պարսկական բանակում մեծամեծ քաջագործություններ էր արել քուշանների դեմ մղված պարսից պատերազմներում, հրաժարվել է պարգեւից եւ փոխարենը մեկ օրով Խուժաստանի Անհուշ բերդում Արշակին այցելելու իրավունք խնդրել։ Նրան թույլատրվել է տեսակցել Արշակի հետ։ Դրաստամատն արձակել է Արշակի կապանքները, հագցրել արքայավայել, կազմակերպել պատվո ճոխ խնջույք, որի ժամանակ էլ անձնասպան են եղել թե՛ Արշակը, եւ, թե՛ ինքը՝ Դրաստամատը։
Կարծում եմ այս դիպվածը լավագույն օրինակ է օրվաս թագավորներին ու իշխաններին, մեծամեծներին, որ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱԶՈՐԱՎՈՐ ՊԱՏԳԱՄՆ Է ՑԵՂԻՑ ԹՈՂՆՎԱԾ…
…ՄԻ՞ԹԵ ՀԱՅԿԸ ՀԱՂԹՎԵՑ…»։