Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) տեղի էր ունենում Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով 3-րդ վարույթի հերթական նիստը: Նախորդ նիստը հետաձգվել էր աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ նախորդ երկու կարգապահական վարույթներով Զարուհի Նախշքարյանին արդեն իսկ հայտարարվել է խիստ նկատողություն, և ևս մեկ նկատողությունը ճակատագրական կլինի դատավորի համար. վերջինս կզրկվի դատավորի լիազորություններից:
Իրավաբանական համայնքում կարծիք կա, որ Զարուհի Նախշքարյանին պատժելու ուղիղ ցուցում կա քաղաքական վերնախավի կողմից, քանի որ վերջինս համարձակվել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի դեմ որոշում կայացնել:
Հիշեցնենք նաև, որ ԲԴԽ-ն «խիստ նկատողություն» կարգապահական պատասխանատվությունը Զարուհի Նախշքարյանի համար սահմանեց այն բանի համար, որ վերջինս ինքնաբացարկ չէր հայտնել «Իկրայի գործով» վարույթից:
«Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ԲԴԽ-ն ինչ որոշում կկայացնի, ես պատրաստ եմ ամեն ելքի։ Բայց ես ուզում եմ, որ ԲԴԽ-ն այնպիսի որոշում կայացնի, որը չի անդրադառնա մեր ողջ դատական համակարգի վրա, և հնարավորություն չի տա այսպիսի խայտառակ դատավարությունների»,- այսօր ԲԴԽ-ում հայտարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը։
Նա նշեց, որ ո՛չ հայցվոր կողմը, ո՛չ պատասխանողը, և ո՛չ էլ վերաքննիչ դատարանը չեն գտել, որ ինքը թույլ է տվել որևէ դատավարական խախտում. այդ կերպ համարում է միայն միջնորդություն հարուցած անձ նախարարը։
«Այս պայմաններում մենք հավաքվել են ԲԴԽ-ում և փորձում ենք լուրջ իրավաբանություն իրականացնել այս հարցերի շուրջ։ Սա զավեշտ է ինձ համար»,- ասաց նա:
Նշենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա։ Վերջինս դժգոհ էր մնացել դատավորի կայացրած որոշումից, որով դատարանը Սաֆարյանին պարտավորեցրել էր ներողություն խնդրել լրագրողից և վճարել 600.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում։ Խոսքը լրագրող «Թագուհի Ասլանյանն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի» գործով կայացված որոշման մասին է։
Գործով հայցի հիմքը Ստյոպա Սաֆարյանի հրավերն ու դրան հետևած քննարկումն է, որով Սաֆարյանը սահմանափակել էր լրատվամիջոցների մուտքը միջոցառմանը՝ կազմելով համապատասխան ցուցակ, իսկ երբ քննարկմանը չհրավիրված լրատվամիջոցների լրագրողները ներկայացել են միջոցառմանը՝ փորձելով հարցեր տալ Սաֆարյանին, հրավիրել խմբագրություն՝ հարցազրույցի, Սաֆարյանը պատասխանել է. «Աշխատեք ձեր վրա, կատարելագործվեք: Մենք միայն կայացածներին ենք հրավիրել: Դուք ինձ հրավերներ մի ուղարկեք ո՛չ սաունաների, ո՛չ ձեր տարածքների, ո՛չ ձեր տների: Դուք իմ կինը չեք, որ ինձ տեղ հրավիրեք, ինձ միայն իմ կինը կարող է տեղ հրավիրել»:
Դատավոր Զարուհի Նախշքարյանը բավարարել էր լրագրողի հայցադիմումը՝ պարտավորեցնելով Սաֆարյանին՝ ներողություն խնդրել լրագրողից։ Դատարանի՝ սույն որոշումից Սաֆարյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն, ինչի հիման վրա էլ վարույթ է հարուցվել։