կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-12 12:08
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես խնդրում եմ ձեզ՝ մի ոգևորվեք, բացարձակ մի ոգևորվեք․ Նաիրա Զոհրաբյանին հունից հանեց Վաղարշակ Հակոբյանը

Ես ձեզ չեմ անդրադառնում, ես խոսում եմ կանանց տարանջատելու մասին և ես խնդրում եմ ձեզ՝ մի ոգևորվեք, բացարձակ մի ոգևորվեք՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում, երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից՝ Վաղարշակ Հակոբյանը, տեղից մեկնաբանություն հնչեցրեց կանանց բռնության մասին նրա ելույթի ընթացքում։

Մինչ այդ Վաղարշակ Հակոբյանը մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը թիրախավորել էր՝ հայտարարելով․ «21-րդ դարում Թավշյա հեղափոխությունից հետո ՄԻՊ-ի զեկույցում կանանց մասին խոսել երկու տողով, այն էլ նշելով, որ կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, անթույլատրելի է։ Դուք ասացիք, որ ժամանակը չի հերիքել ավելի մանրամասն խոսել կանանց իրավունքների մասին: Դուք պետք է կրճատեիք ձեր միտքն այլ ասպեկտից, բայց ոչ՝ կանանց»:

Նաիրա Զոհրաբյանը համաձայն չէ և նրա համար ընդունելի չէ, որ Արման Թաթոյանի ձևակերպումը, որ կանայք իրավատեր են, ընդվզում է առաջացնում, թե ինչու է նա կանանց առանձնացնում։ Ասաց, որ այստեղ կա խնդիր և պետք է բաց խոսել դրա մասին։

Նաիրա Զոհրաբյանը ամբիոնից ցույց տվեց բռնության ենթարկված կանանց լուսանկարներ ու պատմեց մանրամասները․ «Ինձ դիմել էր մի կին, որի վրա ամուսինը ռեժիմով սիգարետ էր հանգցնում։ Եվ այդ կինը չէր դիմում իրավապահներին, ասում էր՝  մեր մենթալիտետն այնպիսին չէ, որ դիմեմ։ Մեկ այլ դեպքում, երբ բռնության ենթարկված կնոջը գաղտնի մի կերպ առանձնացրել էինք, կնոջ մայրը զանգեց ինձ և փորձեց ահաբեկել՝ ինչո՞ւ եք ձեր քիթը խոթում նրանց ընտանիքի մեջ, իրենց ընտանիքն է՝ ինչ կուզեն կանեն։ Իհարկե, կա՛ խնդիր»։

Նաիրա Զոհրաբյանը տվյալներ է խնդրել, թե Ընտանիքում բռնության կանխարգելման օրենքի ընդունումից հետո քանի կին է դիմել իրավապահ համակարգին․ պարզվել է՝ աննշան։

Սա ևս խնդիր է համարում Զոհրաբյանը և ասում, որ մենք պետք է բաց խոսենք խնդիրների մասին, որովհետև եթե չունենանք այդ բաց դիալոգը, կշարունակենք ունենալ կանայք, որոնցից շատերը իրենք իրենց իրավունքները չգիտեն։

«Ես կողմ կլինեմ, որ որոշենք բարելավել Ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքը՝ այս խնդիրները չունենալու համար»,-ասաց նա։

«Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը Արման Թաթոյանի աշխատանքը թիրախավորեց նաև՝ հայտարարելով, որ նա, իբրև թե՝ զրոյական վերաբերմունք ունի իշխանության մեջ գտնվող մարդկանց հանդեպ հոգեբանական բռնության նկատմամբ․ «2 տարի շարունակ իշխանության մեջ գտնվող մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են տեռորի, հոգեբանական բռնության, էլ չեմ ասում՝ ինչ տիպի տեռորի են ենթարկում մեր կանանց, և ձեր գնահատականը զրոյական է»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ևս ելույթում անդրադարձավ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին և հայտարարեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է պաշտպանի բոլոր նրանց, ով պաշտպանության կարիք ունի։ Նա անգամ բերեց հարևան Ադրբեջանի ու Թուրքիայի օրինակը, որտեղ օմբուդսմենը պաշտպանում է կառավարության քաղաքականությունը այն դեպքերում, երբ քաղբանտարկյալների հարցն է բարձրացվում․ այդ երկրների ՄԻՊ-ը, Վարդանյանի խոսքով, ասում է, որ իրենց երկրներում մարդու իրավունքները պաշտպանված են։

Հիշեցնենք, որ Արման Թաթոյանը դատապարտել էր ԱԺ-ում իշխանական պատգամավորի հրահրած ծեծկռտուքը։ Նա նաև երեկ ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը նրա համար է, որ ոչ թե պաշտպանի պաշտոնատար անձին, այլ քաղաքացուն, ինչ-որ դեպքերում՝ ընդդիմությանը։ Նա ասել էր, որ կանոններ կան, որոնք վերաբերում են բոլորին, բայց հատկապես կարևոր են վստահության բարձր մանդատ ստացած քաղաքական մեծամասնության եւ դրա յուրաքանչյուր ներկայացուցչի համար։ Արման Թաթոյանը, սակայն, նաև ընդգծել էր, որ իր համար կապ չունի իշխանության ներկայացուցիչ է, թե հասարակ քաղաքացի, եթե կա բռնության սպառնալիք, եթե կա ատելություն, վիրավորանք, իր համար դա դատապարտելի է․ «Այն, որ ատելությունը, սպառնալիքը, վիրավորանքը տարածքում ունի՝ փաստ է: Տպավորություն է, որ սոցցնցերում մարդիկ բաժանվել են խմբերի ու մրցում են, թե ով ում ավելի շատ կհայհոյի: Ագրեսիան հատկապես տարածվում է կեղծ օգտատերերից ու խմբերից»,-նշել էր Արման Թաթոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում․