կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-29 17:04
Քաղաքական

Փաշինյանի գաղտնազերծող հակահարվածը հունից հանեց ԲՀԿ-ին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ուր քննարկվում էր ԸՕ փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը, ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա, ըստ էության, փորձեց հակադարձել երեկ ԱԺ-ում հնչած այն ելույթներին, որոնք ուղղված էին իր դեմ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին ու նրա ղեկավարած ուժին սուր քննադատության ենթարկեցին միանգամից երեք խմբակցություններ՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, որը անվանափոխվել է` դառնալով «Հայկական վերածնունդ»:

Փաշինյանն անդրադարձավ նրանցից յուրաքանչյուրին: Նա նախ նշեց, որ իր ելույթից հետո, որ Հայաստանում պետք է լինի մեկ ընդդիմություն, և ՔՊ-ն հավակնում է լինել այդ ընդդիմությունը, որոշ պատգամավորների մոտ սկսվել են հոգեխանգարմունքի սեանսներ` ճիչեր են արձակում, թե ոմանք հավակնում են լինել եզակի ընդդիմություն:

Դիմելով ԲՀԿ-ին` նա ասաց, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն արդեն քանի անգամ է` ելույթ է ունենում ու ասում` քաղաքական սեկտաներ կան, ու դա ասում է մի կուսակցություն, որի ամբողջ կենսագրությունը` մինչև բոլորովին վերջերս և գուցե մոտ ապագայում, կառուցված էր մեկ անձի՝ առավոտյան, միջօրեի ու երեկոյան պաշտամունքի վրա:

«Տիկին Զոհրաբյանն ասում է՝ մենք գիտենք ձեր չափը, ձեր պայմանավորվածությունները, թե դուք որքան կարող եք խոսել: Մինչդեռ երեկոյան Նաիրա Զոհրաբյանն ինքն իր ձեռքով զանգում է ոմանց ու ասում՝ Հովիկ Արգամիչը ջղայնացել ա, որ «բամփել» բառն եմ օգտագործել, խնդրում եմ հանկարծ չհրապարակեք դա»,- ասաց Փաշինյանը:

Նաիրա Զոհրաբյանը լուռ լսում էր, բայց չդիմացավ ու տեղից բղավեց. «Դուք լկտի սուտ եք ասում»:

Փաշինյանը շարունակեց. «Իրականության զգացումը մի' կորցրեք, Դուք այլևս «Հայկական ժամանակ» թերթի լրագրողը չեք, որ խոսքի կատարյալ ազատություն ունենաք, ճշտեք Ձեր բառապաշարը, մի' խախտեք, թե չէ էքստազի մեջ կընկնեք»:

Ապա դիմելով ՀԱԿ-ին, մասնավորապես` Լևոն Զուրաբյանին` նշեց. «Մի քաղաքական ուժի ներկայացուցիչ էլ հումորի ժանրում ստեղծագործական հաջողություններ է մաղթում: Քանի կառավարությունում, իշխանությունում, այսպես կոչված, ընդդիմությունում կան անեկդոտային գործիչներ, կերպարներ, ուրեմն մեր ստեղծագործական հաջողությունը երաշխավորված է, նույնիսկ մաղթանքների կարիք չկա»:

Նշենք, որ, ի տարբերություն Նաիրա Զոհրաբյանի ու Հեղինե Բիշարյանի, ովքեր հունից դուրս եկան Փաշինյանի ելույթի ժամանակ ու սկսեցին տեղից գոռալ, Լևոն Զուրաբյանը լուռ լսեց, ոչինչ չասաց, անգամ` իր ելույթում չհակադարձեց Փաշինյանին: