կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-29 15:48
Հասարակություն

Տիկի’ն, օրիո’րդ, Ձեր հարցադրումն աբսու’րդ է. Անի Զախարյանը հունից հանեց Գագիկ Հարությունյանին

Տիկի’ն, օրիո’րդ, Ձեր հարցադրումն աբսու’րդ է. Անի Զախարյանը հունից հանեց Գագիկ Հարությունյանին

«Ինձ թվում էր, որ Դուք այս տարիներին բացակայում էիք երկրից: Շատ ուրախ եմ այսօր Ձեզ տեսնել մեր երկրում»,- այսօր «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային հիմնահարցերի վերաբերյալ» հանրային քննարկման ժամանակ, դիմելով ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, ասաց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը: Նա մի քանի հարցեր ուղղեց Հարությունյանին:

 

Զախարյանն անդրադարձավ Վերահսկիչ պալատի բացահայտած խախտումներին, կուտակային կենսաթոշակային համակարգին, նվազագույն աշխատավարձին: «Այսօր մեր երկրում նվազագույն աշխատավարձը 45 հազար դրամ է: Արդյոք Սահմանադրական դատարանը չէ՞, որ մարդու արժանապատիվ կյանքի իրավունքը հենց այս օրենքի միջոցով պետք է կյանքի կոչի և ապահովի այնպեսի աշխատավարձ և թոշակ, որ մարդուն արժանապատիվ կյանքով ապահովեն»,- ասաց նա և հավելեց. «Մարդիկ 6-7 ամիս իրենց ռեսուրսներն ու ժամանակը դրեցին` հակասահմանադրական ճանաչելու համար «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքը, ինչպե՞ս եք պատրաստվում փոխհատուցել այդ մարդկանց բարոյական և ֆինանսական վնասները»:

 

Գագիկ Հարությունյանը Զախարյանին խորհուրդ տվեց հարց տալուց առաջ մտածել և նայել սրահում նստած բավարար իրավական գիտելիքներ ունեցող մարդկանց դեմքերին`տեսնելու համար, թե ի՞նչ ռեակցիաներ են առաջացնում իր տված հարցադրումները: «Հավանաբար, Ձեր ներկայությունն ավելի ակտիվ է, քան մյուսներինը, դրա համար մյուսների ներկայությունը Ձեզ համար բացակայություն է»,- ասաց ՍԴ նախագահը և հավելեց. «Դուք բացարձակապես անհիմն հարց եք ուղղում: ՍԴ-ն ընդամենը վեճ լուծող ինստիտուտ է: Կուտակայինի հետ կապված էլ` պարզապես կարելի էր ՍԴ-ի որոշումը կարդալ: Վերջին 6 տարիների ընթացքում մեր երկրի ՍԴ-ն ավելի շատ օրենքներ է հակասահմանադրական ճանաչել, քան Վրաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Լիտվան, Մոլդովան` միասին վերցրած»:

 

Մինչ Հարությունյանը կշարունակեր իր միտքը, Զախարյանը նորից հիշեցրեց նվազագույն աշխատավարձերի հետ կապված իր հարցը, ինչը հունից հանեց ՍԴ նախագահին: «Չգիտեմ հիմա ես ասեմ տիկի’ն, օրիո’րդ, Ձեր հարցադրումն աբսու’րդ է, Դուք հարցադրում եք անում Սահմանադրական դատարանին, ով այդ հարցը չի քննել և մեր իրավասություն մեջ չի մտնում, բարի եղեք դիմում ներկայացնել»:

 

«Ամբողջ Հայաստանի Հանրապետությունը պետք է դիմո՞ւմ ներկայացնի»,- արձագանքեց Զախարյանը:

 

«Ավելորդ է Ձեզ հետ հարց քննարկել, որովհետև ես չեմ կարող իջնել այդ հարթության վրա»,- պաասխանեց ՍԴ նախագահը: 

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: