կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-09 15:42
Հասարակություն

Նախատեսվում է զինծառայողների աշխատավարձերի բարձրացում. Սեյրան Օհանյան

Նախատեսվում է զինծառայողների աշխատավարձերի բարձրացում. Սեյրան Օհանյան

Երևանի պետական համալսարանում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հանդիպեց համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ: Նախարարը կարևորեց նման հանդիպումների անցկացումը և նշեց, որ բանակի դերակատարությունը անվտանգության համակարգի ձևավորման հարցում առաջնային է:

«Մենք բազմաթիվ սպառնալիքներ ունենք: Անվտանգության միջավայրն այսօր բավական փխրուն է, բայց ՀՀ զինված ուժերը կարողանում են սեփական պատրաստվածությամբ, զինծառայողների մարտական ոգու, բարոյահոգեբանական բարձր համակարգի շնորհիվ պահպանել հարաբերական խաղաղությունը: Բանակը կարողանում է այս զինված դիմակայության պարագայում ստեղծել այնպիսի զսպիչ մեխանիզմներ, որոնք ստիպում են հակառակորդին` զերծ մնալ խոշորամասշտաբ գործողություններից, և մարտական գործողությունների վերածվելու հավանականությունը հավասարեցնում մինիմումի»,- ասաց նա:

Սեյրան Օհանյանը պատասխանեց նաև մի քանի հարցերի: Զինծառայողների աշխատավարձերի բարձրացման  հարցին ի պատասխան` նախարարն ասաց, որ զինված ուժերում  աշխատավարձի յուրաքանչյուր փոփոխություն  իրականացվում է հանրապետության ընդհանուր աշխատավարձերի քաղաքականության շրջանակներում, սակայն, քանի որ նրանց առաջ առանձնահատուկ խնդիրներ են դրված, նախատեսվում է  համապատասխան աշխատավարձի բարձրացում:

Ինչ վերաբերում է սպառազինության հարցերին, ապա նախարարն ասաց, որ այդ հարցերը որոշակի գաղտնիություն են պարունակում, սակայն կոչ արեց, որ հասարակությունը վստահ լինի, որ զինված ուժերի ղեկավարությունն ու պետության ղեկավարությունն առավել քան հետևողական են այդ ուղղությամբ աշխատանքներում: «Պատերազմով անցած մեր բոլոր ղեկավարները դրա անհրաժեշտությունը գտնում են, և այդ  ուղղությամբ հետևողական աշխատում ենք: Վստահե\'ք մեր ղեկավարությանը և ԶՈՒ ղեկավարությանը»,- ասաց նա: