Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումներից ակնհայտ էր, որ օրվա իշխանությունները ևս շարունակում են լիարժեք կիսել նախկինների հիմնական մոտեցումները, որոնք վերաբերում են պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության և աշխատանքի արդյունավետության խնդիրներին:
Պետք է փաստենք, որ, պետական կառավարման համակարգի տեսանկյունից, այդ մոտեցումներն ունեն բացառապես նեոլիբերալ գաղափարական հենք և պետական ծախսերը կրճատելու առաջնային նպատակ: Այսպիսով` պետությունը ևս մեկ քայլով հեռանում է իր սոցիալական դերակատարումից և նվազեցնում դրական պարտավորությունները՝ հույսը դնելով շուկայի անտեսանելի ձեռքի կարգավորման վրա:
Այս մոտեցումների հիմնական իմաստը հետևյալն է՝ առաջնահերթ դիտարկել աշխատավարձին ուղղվող պետական ծախսերի կրճատումը, ինչին կարելի է հասնել պետության գործառույթները մասնավոր հատվածին պատվիրակելով: Սա էլ իր հերթին «լավ առիթ» ու «հիմնավորում» կդառնա պետական հիմնարկների կամ դրանց առանձին ստորաբաժանումների, պետական հատվածում աշխատատեղերի էական կրճատման համար, ասենք, օրինակ, 30-40 տոկոսով: Իսկ խնայվող միջոցների ընդամենը մի մասը կուղղվի աշխատավարձերի բարձրացմանը, ասենք, օրինակ, մինչև 10 տոկոս: Արդյունքում կձևավորվի «կարևորը»՝ խնայողություն, և այսքան սպասված՝ աշխատավարձերի բարձրացման մասին հայտարարելու հնարավորություն: Իսկ կրճատված աշխատողներն էլ թող իրենց զբաղվածության խնդիրները լուծեն աշխատաշուկայում, աշխատանք գտնեն մասնավոր հատվածում:
Հանրության տեսանկյունից ամեն ինչ կարծես հասկանալի կլինի և դուրեկան, իսկ իշխանության համար, քաղաքական առումով, շահեկան:
Բայց դա միայն առաջին հայացքից է և թվացյալ:
Նախ` համոզված ենք, որ պետական կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ֆինանսական արդյունավետությունը չպետք է հակադրվի պետական կազմակերպությունների կողմից պետությանը վերապահված գործառույթների անմիջական իրականացմանը:
Չպետք է անվերապահ, առանց երկարաժամկետ ու խորքային գնահատումների կիրառվի պետական առանձին գործառույթների ամբողջական կամ մասնակի պատվիրակումը մասնավորին, և սրանով չպետք է առաջնային կերպով թիրախավորվեն պետական հատվածի աշխատատեղերը՝ էական կրճատումների քաղաքականությամբ:
Պետական պատվեր ստացած մասնավոր կազմակերպությունները ևս կարող են գործել անարդյունավետ, և այս պարագայում ևս առկա են բազմաթիվ ռիսկեր, քանի որ կազմակերպության սեփականության ձևը և կառավարման արդյունավետությունը չի կարելի նույնացնել: Տնտեսապես անարդյունավետ կարող են լինել և՛ պետական, և՛ մասնավոր կազմակերպությունները, եթե կառավարիչներն ապաշնորհ են, և՝ հակառակը: Դրա բազմաթիվ օրինակներն ունենք մեր երկրում: Դա է վկայում նաև միջազգային դրական փորձը:
Մյուս կողմից՝ չպետք է որևէ կերպ ընդհանրացվի և թերագնահատվի պետական հատվածի աշխատատեղերի կրճատման ուղղակի և էական ազդեցությունը երկրում առկա սոցիալական խնդիրների խորացման տեսանկյունից:
Այսպես` գործազրկության պահպանվող բարձր մակարդակն անցել է 20 տոկոսի սահմանը, աղքատության ցուցանիշը հասել է 30 տոկոսի, իսկ պետական հատվածում երկար տարիներ աշխատած անձինք հիմնականում ունեն ավելի ցածր մրցունակություն աշխատաշուկայում, և նրանց հիմնական մասը միակ աշխատողն է ընտանիքում: Այս պայմաններում ակնհայտ է, որ հաստիքի կրճատման արդյունքում աշխատանքը կորցրած պետական աշխատողների հիմնական մասը դառնալու է երկարատև գործազուրկ կամ մեկնելու է արտագնա աշխատանքի, իսկ նրանց ընտանիքները կհամալրեն սոցիալական նպաստ ստացող ընտանիքների շարքը, ասենք՝ շուրջ 100 հազար նպաստառու ընտանիքների թիվը դարձնելով 150 հազար:
Փաստորեն, աղքատության հաղթահարման համար վերջերս հռչակված՝ «Նպաստից դեպի աշխատանք և աշխատավարձ» սկզբունքի փոխարեն այս մոտեցման արդյունքում իրականում գործելու է ուղիղ հակառակ՝ «Աշխատանքից դեպի նպաստ» սկզբունքը:
Ընդհանուր առմամբ, դեմ լինելով այս մոտեցմանը, նախ գտնում ենք, որ եթե նույնիսկ կոնկրետ աշխատատեղի կրճատումը խիստ հիմնավոր է տնտեսական արդյունավետության տեսանկյունից և անխուսափելի է, ապա դա պետք է կատարվի անհատական մոտեցմամբ: Յուրաքանչյուր կրճատվող աշխատատեղը զբաղեցնող պետական աշխատողի համար պետք է պետական աջակցությամբ ապահովվի հարմար աշխատանք, որից հետո նոր լուծվի նրա աշխատանքային պայմանագիրը:
Այնուհետև` պետական կառավարման համակարգում, արդյունավետության և աշխատավարձերի բարձրացման համար առաջնային պետք է դիտարկվի ոչ թե աշխատավարձերի ֆոնդերին ուղղվող միջոցների կրճատումը, այլ մի շարք ուղղություններով առկա անարդյունավետ ծախսերի կրճատումները՝ պետական գնումներ, արտասահմանյան գործուղումներ, ծառայողական ավտոմեքենաներին ուղղվող ծախսեր, տարբեր բնույթի ներկայացուցչական ծախսեր և այլն:
Պետական գործառույթների պատվիրակումը մասնավորին և պետական կազմակերպությունների կամ դրանց առանձին ստորաբաժանումների լուծարումը, ի վերջո, հաստիքների կրճատումը, պետք է իրականացվի խորքային վերլուծությունների, լիարժեք հաշվարկների ու իրատեսական կանխատեսումների արդյունքում:
Եվ չստացվի այպես, որ այս կրճատումներով ակնկալվող որոշակի խնայողություններից ավելի շատ ծախսվի հետագայում դրա հետեւանքով առաջացող մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար, միևնույն ժամանակ խորանան սոցիալական լարվածությունն ու գործազրկությունը, շարունակվի պետության սոցիալական դրական պարտավորությունների կրճատումը և ավելանան դրանց կատարման արդյունավետության ռիսկերը:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Թադևոս Ավետիսյան