Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսահանդիպում է ունեցել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կողմերը մտքեր են փոխանակել իրենց երկրներում և աշխարհում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: Այդ համատեքստում երկուստեք գոհունակությամբ հիշատակվել է Եվրոպական միության կողմից Արևելյան գործընկերության և մասնավորապես, Հայաստանին տրամադրվող օգնությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության բարեփոխումների ընթացքն ու առաջնային ուղղությունները: Լիտվայի նախագահը բարձր է գնահատել բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանի իշխանությունների ցուցաբերած վճռականությունը: Նա իր աջակցությունն է հայտնել բարեփոխումների քաղաքականությանը և պատրաստակամություն հայտնել փորձագիտական օժանդակություն տրամադրելու հարցում:
Երկուստեք նշվել է ստեղծված իրավիճակում երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգի աշխուժացման կարևորությունը: Մասնավորապես, նշվել է ուղիղ չվերթի շուտափույթ վերագործարկման առաջնայնությունը: Անդրադարձ է եղել Հայաստան–ԵՄ հարաբերությունների օրակարգին: Կողմերը գոհունակություն են հայտնել այդ կապակցությամբ և ընդգծել տվյալ ուղղությամբ շարունակական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը:
Կողմերը փոխանակվել են պաշտոնական այց կատարելու հրավերներով: