Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատը, որը գործում է 92 երկրում եւ 2011թ. ներկայացված է նաեւ Հայաստանում, իր անհանգստությունն է հայտնել իր գործընկերներից Ucom հեռահաղորդակցության օպերատորի եւ նրա տնօրենների խորհրդի նախագահի շուրջ կատարվող զարգացումներով։ Այդ մասին առեւտրաարդյունաբերական պալատը տարածել է հայտարարություն։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ֆրանսիա-Հայաստան առեւտրաարդյունաբերական պալատը Հայաստանում իր առաքելության շրջանակներում, որն է առեւտրային, գործարարական եւ ներդրումային մթնոլորտի բարելավումն ու զարգացումը, ուշադրությամբ է հետեւում «Յուքոմ» եւ «Գալաքսի» ընկերությունների խմբի շուրջ ծավալվող իրադարձություններին։
Հավատացած ենք, որ այս անցումային եւ բարդ շրջանում Հայաստանի Հանրապետությունում գործարարական եւ ներդրումային միջավայրը պիտի լինի պաշտպանված անկայունությունից, բիզնես-վստահության անկումից եւ անվստահության մթնոլորտից:
Այս կոնտեքստում առավել անհանգստացնող էր ՀՀ վարչապետի նորանշանակ խոսնակի ֆեյսբուքյան հայտարարությունը «Յուքոմ» ընկերության բաժնեմասերի օտարմանը կառավարության միջամտելու մտադրության եւ նույն ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ:
ՀՀ Սահմանադրությամբ սահմանվում է ինչպես տնտեսական գործունեության ազատությունն ու տնտեսական մրցակցության երաշխավորումը, այնպես էլ պետության տնտեսական կարգը, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա եւ պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը եւ սոցիալական արդարությանը:
Միեւնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունում պետական իշխանությունը իրականացվում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի հիման վրա:
Խորքային համոզմունք ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունում կառավարման երեք մարմինները պիտի գործեն անկախ, ցանկանում ենք հավատալ, որ խոսնակի հայտարարություններում առկա դատաիրավական եւ գործադիր մարմինների անառողջ փոխազդեցության հնարավորության ակնարկները զուտ խոսնակի անփորձության հետեւանքն են:
Իրավական պետության մեջ գործադիր իշխանությունը զերծ է մնում բաժնետերերի միջեւ ընթացող վեճերին միջամտելուց, դրանց վրա ազդելուց կամ ճնշումներ գործադրելուց, եւ մինչեւ դատական ակտի կայացումը խուսափում է խնդրահարույց եւ կասկածելի հայտարարություններից եւ/կամ գործողություններից, որոնք կարող են ազդեցություն ունենալ անաչառ դատական որոշման վրա եւ բացասական ազդել Հայաստանի Հանրապետությունում բիզնես մթնոլորտի, դրա նկատմամբ վստահության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ոլորտի գրավչության վրա:
Շարունակում ենք հետեւել զարգացումներին եւ լիահավատ ենք, որ բոլոր կողմերը զերծ կմնան ոչ իրավաչափ եւ հակասահմանադրական մոտեցումից եւ գործողություններից:
Հարգանքով եւ Հայաստանի Հանրապետություն, որպես իրավական կայացած պետության տեսլականով` ՖՀԱԱՊ»։