կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-02 12:34
Քաղաքական

Առաքելության ավարտ կամ հեռանալու ժամանակը. Արփինե Հովհաննիսյանի բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

Առաքելության ավարտ կամ հեռանալու ժամանակը. Արփինե Հովհաննիսյանի բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

Հետևելով հանրային կյանքի վերջին օրերի բուռն իրադարձություններին`տպավորություն է, թե Դուք հոգնել եք իշխանությունից, դուք հասկացել եք, որ փողոցն ու կաբինետը արմատապես տարբերվում են իրարից, ու ցանկանում եք հեռանալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը իր «Չհիասթափված քաղաքացու Բաց նամակը երկրի վարչապետին» վերնագրված գրառման մեջ:

«Առաքելության ավարտ կամ հեռանալու ժամանակը

Գրել եմ երկար, գիտեմ ՖԲ ձևաչափ չէ, բայց գիտեմ նաև, որ ամեն մեկդ կգտնեք ձեր սիրելի հատվածը, իսկ իրականությունը շատերիդ դուր կգա։

Հարգելի Նիկոլ,

Հետևելով հանրային կյանքի վերջին օրերի բուռն իրադարձություններին`տպավորություն է, թե Դուք հոգնել եք իշխանությունից, դուք հասկացել եք, որ փողոցն ու կաբինետը արմատապես տարբերվում են իրարից, ու ցանկանում եք հեռանալ:

Եթե իմ տպավորությունը ճիշտ է, և Դուք իրոք նման ցանկություն ունեք, ապա կցանկանայի մի քանի փաստարկ ներկայացնել, որոնք իրոք կամրապնդեն Ձեր ցանկությունը, իսկ եթե դա միայն իմ տպավորությունն է, ապա գուցե այդ նույն փաստարկները Ձեզ մոտ նման ցանկություն արթնացնեն: Սա իմ` Ձեզ ուղղված երրորդ նամակն է, և ենթադրում եմ՝ այն կլինի որպես երկրի վարչապետին ուղղված վերջինը, ու առհասարակ էլ վերջինը, իսկ թե ինչու` Դուք ինձնից լավ գիտեք: Ձեր հեռանալու հրամայականը գնահատելու համար չափազանց կարևոր նշանակություն ունի հասկանալ Ձեր ազդեցությունը առանցքային մի շարք երևույթների վրա:

Այսպես`

1) ԲԱՐԵԿՐԹՈւԹՅՈւՆ և ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅՈւՆ

Դուք քաղաքական դիսկուրս ներմուծեցիք պաշտոնյային անհարիր բառերի մի ամբողջ խումբ՝«վնգստալ», «բուդկա», «վեշերը հավաքել», «ասֆալտին փռել», «լափաման» եւ այլն՝ դրանով վիրավորելով ոչ թե Ձեր «սիրած» նախկիններին, այլ Ձեր ընտրազանգվածին՝ մտածելով, թե այդ մարդիկ միայն այդ լեզուն են հասկանում ու կիրթ չեն։ Ի դեպ, տպավորություն է, որ Դուք մարդկանց միջից ուզում եք վերացնել կիրթ ու կրթված լինելու ձգտումը։ Դա է վկայում Ձեր կադրային քաղաքականությունն ու բառապաշարը։

Ձեր իշխանությունը դեֆորմացիայի է ենթարկել դաստիարակություն, պատասխանատվություն, ամոթ, բարեկրթություն, ժողովուրդ և բազմաթիվ այլ հասկացությունները: Երկու տարի առաջ փոփոխության հույսով հրապարակում հավաքված ժողովուրդը Ձեր թեթև ձեռքով դարձավ հայհոյող, ատելություն շնչող ամբոխ, իսկ հետո Դուք սկսեցիք ժողովուրդ անվանել լրատվականների տակ մի կամ երկու կենտրոնից կառավարվող լկտի, վախկոտ ֆեյքերի բիոզանգվածին և իներցիայով նրանց միացող մի քանի իրական, սակայն ֆեյքացած ու դրսում, օրինակ, Թրամփից կամ Զոնսոնից գումար ստացող, բայց այստեղ ապրողներիս դասեր տվող կանանց ու տղամարդկանց մի մասի:

Ձեր իշխանության ու ձեր աջակիցների (ֆեյքերի) հավաքական դեմքն է անպատասխանատվությունը, ամենակարևոր պահին անհետանալը ու անամոթությունը։ Ի դեպ՝ ֆեյքերին մի բան է միավորում՝ նրանք բոլորը ձեր նկարով են՝ բոլորի մոտ ստեղծելով ասոցիացիա, որ հայհոյողը դուք եք։ Մի զարմացեք ուստի Ձեր հանդեպ նման հարձակումների համար։ Դադարեցրեք ու ապաշխարեք։

2) ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Դուք աղավաղել եք թիմային աշխատանքի գաղափարը։ Եթե ամբողջ աշխարհում թիմային աշխատանքը ենթադրում է բարդ խնդիրների լուծում` բոլորի ջանքը, գիտելիքը, փորձառությունը մեկտեղելով, ապա ձեր իշխանության դեպքում ունի հետևյալ տրամաբանությունը` ամենաանհեթեթ, ամենասկանդալային և անհոդաբաշխ հայտարարություններն անում են թիմ հիշեցնող հանրույթի անդամները, որպեսզի այդ ֆոնին Ձեր խոսքը թվա հիմնավորված և կշռադատված։ Ցավոք Ձեր խոսքը հիմնականում չի տարբերվում այն մարդկանց խոսքից, ում զառանցանքները Դուք փորձում եք հիմնավորել:

Ամենավատը` թիմային աշխատանքի ձեր ընկալումը ենթադրում է խոչընդոտել, խանգարել, ստվերել այն թիմակիցներին, ովքեր փորձում են զբաղվել իրական աշխատանքով։ Ի դեպ, այդպիսի իրավիճակ է նաև Ձեր շարքային թիմակիցների մոտ` եթե մեկը մի նորմալ նախագիծ է գրում, ապա սկսվում են բանսարկություններ ու կեղտոտ խաղեր նրա դեմ: Ամենացցուն օրինակներից մեկը արտակարգ դրությունն է: Ակնհայտ է, որ պարետին խոչընդոտել փորձում են ԲՈԼՈՐԸ` Ձեզնից սկսած, առողջապահության նախարարին խոչընդոտում եք հիմնականում Դուք` ժողովրդին անլուրջ իմպուլսներ հաղորդելով, «կորոնավիրուսն ում շունն է» ոճով: Դրա համար էլ հարևան Վրաստանը շատ ավելի լավ վիճակում է, քան մենք:

3) ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւՄ

Դուք մուտացիայի եք ենթարկել պետական կառավարման ողջ տրամաբանությունը: Եթե սկզբնական շրջանում Ձեզ բնորոշ էր ինտուիտիվ կառավարումը, ապա այժմ այն վերածվել է բնազդային կառավարման` առանց որևէ հաշվարկի, տրամաբանության, վերլուծության, ողջամիտ քննադատության հաշվառման:

Բնազդով զգում եք, որ ամեն ինչ վատ է, բայց «հպա՜րտ» քաղաքացու «ախտանիշը» թույլ չի տալիս ընդունել, որ Դուք և Ձեր Չկառավարումն է խնդիրը: Առաջ նայելու փոխարեն անընդհատ հետ եք նայում, պայքարում ստվերների դեմ, փնտրում և գտնում թշնամիներ: Եթե նժարին Դուք ու Ձեր թիմակիցն է, ապա մեղավորը միշտ Ձեր թիմակիցն է: Եթե նժարին Ձեր ապիկար որևէ թիմակից է ու շարքային պետական ծառայող, ապա միշտ մեղավոր է այդ ծառայողը, իսկ առավել համոզիչ լինելու համար այդ պետական ծառայողը մի թեթև լայվով դառնում է նախկին համակարգի սպասարկու, դավաճան, գործակալ ու էլի նման`Ձեր շուրթերից այլևս այնքա~ն անլուրջ դարձած բառեր: Օրինակ` Տաթևիկ Ռևազյանի կազմաքանդած ավիացիան և Աֆրիկան, օրինակ՝ Ձեր խոսնակը, «մենք ռեք ենք» արտահայտությունը ու հայտնի չստացված կադրերը:

Պարոն վարչապետ, պետական կառավարման ողնաշարը կոտրելու ռուբիկոնը Դուք արդեն անցել եք: Դուք թշնամիներ փնտրելու Ձեր մոլուցքին հավատարիմ՝ ուզում եք ազատվել նաև ինստիտուցիոնալ հիշողություն ունեցող արդեն միջին օղակի պրոֆեսիոնալներից` նրանց տարբերվող կարծիքը որպես հակահեղափոխություն պիտակելով: Ձեր «շնորհիվ» շարքային ֆեյսբուքյան ստատուսչի իրեն վաստակավոր քաղաքական գործիչ է համարում՝ նվազագույնը նախարարի պորտֆելով։ Առավել անգրագետները՝ պատգամավորի են ձգտում։

4) ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈւԹՅՈւՆ

Դուք մոտ եք ժողովրդին ու միաժամանակ այնքան հեռու: Եթե խոսքը վերաբերում է ոչ էական թեմայի, Դուք ժամերով կարող եք խոսել` դա անելով այգաբացից մինչև ուշ երեկո: Ընդ որում, մարդիկ լսում են Ձեզ, որ խնդրի լուծում առաջարկեք, ոչ թե պատմեք, թե ինչու չեք կարող լուծել այդ խնդիրը, օրինակ՝ կոմունալներ, օրինակ՝ մարտի 26-ից հետո աշխատանք կորցրած բազմաթիվ մարդիկ, օրինակ՝ բիզնես, որին դուք այդպես էլ անձամբ չկանչեցիք ու հարցնեք՝ իսկ ձեզ ի՞նչ է պետք, որ դիմանաք (գումար, ռոյալթիի հետաձգում, հարկային արտոնություն և այլն): Բայց Դուք այնքան անհասանելի եք, երբ խոսքը վերաբերում է անվտանգությանն ուԱրցախի հարցին։ Տես` արցախյան հարցում փուլային, թե փաթեթային տարբերակի վերաբերյալ բացակա դիրքորոշումը:

5) ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆ և ԻՐԱՎՈւՆՔ

Ձեր մուտացիայի շնորհիվ արդարությունը արիստոտելյան հավասարեցնող և բաշխողից դարձավ ընտրովի: Արդարություն «վերականգնելիս» ստացվեց` Դուք ունեք Ձեր սրտի «թալանչիներ», որոնց Դուք ներել եք, ու մոռացել (այդ թվում՝ երեսուն տարվա թալանի), և թշնամի «թալանչիներ», որոնց թալանածը պետք է կոպեկ առ կոպեկ հետ բերվի:

Ձեր օրոք իրավական դասական հասկացությունները անճանաչելիորեն աղճատվեցին. պարզվեց, որ մեկ հոգով` էլեկտրոնային համակարգով կարելի է իշխանություն յուրացնել, սահմանադրական կարգի պահպանման պատասխանատուն կարող է այդ նույն սահմանադրական կարգը տապալել, իսկ սեփական բանկային մեկ հաշվից մյուսին գումար փոխանցելով էլ՝ ապօրինի հարստանալ:

6)ԿՈՌՈւՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ

«Հեղափոխությունից» հետո ամենաշատը դեֆորմացիայի ենթարկվեց հենց այս գաղափարը: Սկզբում կոռուպցիայի դեմ պայքարը նման էր էժան սերիալի, որի ամեն հաջորդ մասը նախորդից ավելի վատն էր ու պակաս ազդեցիկ: Հետո դարձավ մի քանի անգամ կրկնած սերիալի նման կանխատեսելի, ձանձրացնող ու անիմաստ: Հետո փոխվեց կոռուպցիայի մեխանիզմը՝ պարզվեց, որ ինչ «հետ եք բերել» կոռուպցիայի դեմ պայքարով, ձեր իշխանության անգամ առաջին էշելոնի ապիկարների պարգևավճարներին չի բավարարում: Մի բան ասեմ` հիշեք հետոյի համար. օրինական չի կարող համարվել այն գումարը, որը տրվում է ոչ մի արդյունք չցուցաբերած պաշտոնյային որպես ավանս: Մնացած օդում կախված լուրերի մասին (Ձեր մի շարք թիմակիցների՝ ԱՄՆ-ում հիմնած տարբեր բիզնեսներ և այլ) չեմ խոսում` Ձեզ չնմանվելու համար:

Պարո՛ն վարչապետ,

Յուրաքանչյուրի անհատի, իսկ հատկապես պետական պաշտոնյայի համար կենսական է սխալներից դասեր քաղելը, սեփական վարքագիծը փոխելու ունակությունը։ Ես, օրինակ, հետադարձ հայացք գցելով իմ պետական ծառայության ժամանակահատվածին, գիտակցում եմ, որ որոշ դեպքերում պետք էր վարվել այլ կերպ, լինել ավելի շրջահայաց կամ անհանդուրժող ու մի շարք հարցերի վերաբերյալ ցուցաբերել այլ մոտեցում: Իշխանությունից ընդդիմության անցման փաստը և ժամանակին թույլ տված սխալներս դիտարկում եմ որպես մեծագույն դաս և նախազգուշացում` հետագայում դրանցից խուսափելու համար։ Այդ սխալների համար ներողություն էլ հայցելու ունակ եմ, այս նամակն էլ արժե այդպես ընկալել: Ցավոք, սակայն, Ձեզ ու Ձեր վարքագիծը նայելով՝ տպավորություն է, թե Դուք Ձեզ համարում եք բոլոր հարցերում միակ ճիշտը: Չտեսնելով սեփական սխալները` Դուք աստիճանաբար մուտացիայի եք ենթարկում իրականությունը։ Դուք փորձում եք կերտել այլընտրանքային իրականություն, խեղում եք ամեն ինչ, պատրաստ եք անգամ վերաձևակերպել ֆիզիկայի օրենքները, միայն թե չընդունեք, որ սխալ եք…

ԲԱՅՑ, ԱՎԱՂ, իրականությունը չի փոխվում՝ ով և ինչ էլ անի: Իրականություն է այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ հիմնադիր նախագահ է, իրականություն է այն, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը սեփական կյանքը վտանգելու գնով հող ազատագրած Արցախի հերոսներ են, իրականություն է այն, որ Կարեն Կարապետյանը Ձեզ այնպիսի տնտեսական ցուցանիշներ թողած վարչապետ է, որը դուք այդպես էլ չեք կարողանում գերազանցել, ասեմ ավելին` չեք էլ կարողանալու, իրականություն է այն, որ Դուք ժողովրդի հույսերը համախմբելով իշխանափոխություն իրականացրած ու վարչապետ դարձած անձ եք, իրականություն է այն, որ Միքայել Մինասյանը ՀՀ նորանկախ պատմությունը աննախադեպ ու բացառիկ պատմական փաստով հարստացրած դեսպան է, իսկ Արթուր Վանեցյանը` Ձեր մասին իրականությունը իմացող նախկին պաշտոնյա: Իրականությունն այն է, որ Ապրիլյանը հաղթանակ էր: Իրականություն է այն, որ Հին ու Նոր Հայաստան չկա: Իրականություն է այն, որ այսօրվա նորերի մեջ ամենաշատն են նախկին իշխանությունից սնվածները, իրականություն է այն, որ օլիգարխներ եղել են ու կան, իրականություն է այն, որ եղել է կոռուպցիա ու կակոռուպցիա կա: Իրականություն է այն, որ Ձեր թիմը հիմնականում մեծամիտ է ու տգետ` սովորելու ոչ ունակ: Իրականություն է այն, որ Դուք շատ եք ստել ու ստում: Իրականություն է այն, որ կան նախկին պաշտոնյաներ, ովքեր արժանի են պատժվելու: Իրականություն է այն, որ սխալ է, որ ես հիմա եմ ասում այդ մասին, թեև մտածել եմ այդպես միշտ: Ու այսպես շարունակ….

Մի գաղտնիք բացեմ`

Այս ամենով հանդերձ` ոչ ոք Ձեզնից չի ուզում վերցնել իշխանությունը, Դուք ՀՀ քաղաքացիներին պարտք ունեք վճարելու, ասեմ ավելին` ես ուզում եմ, որ այն պահին, երբ Դուք իշխանություն չունենաք, Հայաստանում գրեթե չլինի մարդ, ով հավատա, որ Դուք ուզում էիք լավ բան անել, բայց Ձեզ չթողեցին: Իրականություն պետք է լինի այն, որ Դուք ուղղակի չկարողացաք: Եթե լինի հակառակը ու Դուք սթափվեք, ու ի հեճուկս բազմաթիվ Չհիասթափվածների` հեղափոխական-մշտական ընդդիմադրից դառնաք վարչապետ. ես միայն ուրախ կլինեմ: Կնշանակի` որոշել եք կանգնեցնել պետության մուտացիայի ու գահավիժման սրընթաց ընթացքը: Եթե ոչ, ապա դուք կհեռանաք Ձեր կամ ժողովրդի, այլ ոչ՝ ամբոխի որոշմամբ:

Հետհաշվարկը սկսված է:

Հ.Գ. Միակ բանը, որ Դուք մուտացիայի չեք ընթարկել, երեսպաշտությունն է` այն մշտական մեղք է: Ձեր թիմակիցները առավելագույն հմտությամբ են կիրառում այն: Ու ամեն անգամ, երբ իրենք արտաբերում են վիրավորանք, հայհոյանք, սրբություն, մայր, երեխա, ընտանիք բառերը, մեծ ցանկություն է առաջանում տեղադրել երկու տարի առաջ մեր բակ եկած լկտի հանրույթի վանկարկումների ու պահվածքի տեսանյութը: Նրանք ինձ մեղադրում էին այն մարդկանց արարքների համար, որոնք այսօր կողքիդ են, Նիկո՛լ: Բայց չեմ անում` հարգելով ընտանիքիս զգացմունքները: Խաղաղություն Ձեզ ու Ձեր ընտանիքին, հարգելի՛ Նիկոլ:

Հարգանքով` ձեր երբեմնի գործընկեր Արփինե Հովհաննիսյան

Հ.Գ.1 Գրեթե ցանկացած հեռացող իշխանություն փորձում է առավել վայրագ ու անխնա կերպով օգտագործել իրավապահ համակարգը ու դատական իշխանությունը: Մատաղացու դառնալը յուրաքանչյուրի անհատական ու գիտակցական որոշումն է: Առաջիկա օրերին այս մասին առավել մանրամասն կխոսենք»: