Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է ահաբեկչական խմբավորումների կողմից վերահսկվող` Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին նախագիծը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին անհանգստացնում էր նախագծի անվանումը: «Որքանո՞վ է նպատակահարմար, որ կիրառում ենք «ցեղասպան գործողություններ» եզրույթը: Տպավորություն է, որ դա ոչ թե ցեղասպանությունն է, այլ ցեղասպանության տարրեր պարունակող գործողություններ»,- ասաց նա:
Պատգամավորն ընդգծեց, որ եթե ուզում ենք դատապարտել ցեղասպանությունը` իր ամբողջությամբ, ճիշտ կլինի կիրառել «ցեղասպանություն» եզրույթը և ասել, որ եզդի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանությունն ենք դատապարտում:
«Հասկանում եմ` այս եզրույթը անգլերենից «ակտ գենոցիդ»-ի թարգմանությունն է, բայց ճիշտ չի հնչում, պետք է կիրառենք «ցեղասպանություն» տերմինը»,- շեշտեց Ռուստամյանը:
Հարցով հիմնական զեկուցող` ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը նշեց, որ կիսում է Ռուստամյանի կարծիքը: «Սակայն «ցեղասպան գործողություն» և «ցեղասպանություն» եզրույթները միջազգային իրավունքի տեսանկյունից նույն բանն են: Իմ պատկերացմամբ էլ` այդ եզրույթների միջև տարբերություն չկա»,- ասաց նա:
Ռուստամյանն էլ հակադարձեց, որ չէր անդրադառնա, եթե հայտարարության անվանումն այդպես չլիներ: «Պետք է տեքստում գրեինք` ցեղասպան գործողություններ, վերնագրում` ցեղասպանություն, բայց մեզ մոտ հակառակն է եղել. տեքստում ցեղասպանություն է գրված, վերնագրում` ցեղասպան գործողություններ: Ճիշտ կլինի «ցեղասպանություն» բառը կիրառել»,- ընդգծեց նա:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ նշեց, որ հասկանում է Ռուստամյանի դիտարկումը: «Խնդիրը հետևյալն է` «ցեղասպանություն» եզրույթը կարելի է օգտագործել այն դեպքում, երբ այն արվել է պետության կողմից, իսկ այս դեպքում պետություն չէ, այլ ահաբեկչական խմբավորումների կողմից է արված, իսկ «ցեղասպանություն» եզրույթը կիրառելն ավելի հստակ է լինում, եթե կատարվում է պետության կողմից: «Ցեղասպան գործողություն» արտահայտությունը գիտական տերմին է, հիմա մենք ճանաչում ենք ցեղասպան գործողությունը, իսկ ցեղասպան գործողություններից յուրաքանչյուրը ցեղասպանություն է, այսինքն` ցեղասպան գործողությունը ճանաչելով` ճանաչում ենք ցեղասպանությունը»,- ասաց նա:
Աշոտյանը հավելեց, որ եթե «ցեղասպանություն» տերմինն օգտագործեն, կստացվի, որ պետականության որոշակի ատրիբուտիկայով ենք նշում, թեպետ` բացասական ֆոնի մեջ: