Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեզոնային արտագնա աշխատանքի մեկնողները հավանաբար ամռանն էլ չեն կարող մեկնել արտերկիր, մասնավորապես Ռուսաստան, երկրներում հաստատված արտակարգ դրության և այս իրավիճակի անորոշության պատճառով: ՀՀ-ի որոշ մարզերի տղամարդկանց գրեթե կեսից ավելին իրենց ընտանիքները տարիներ շարունակ պահում են հենց խոպանում աշխատելով: Թե որքան ժամանակում Հայաստանն ու Ռուսաստանը կհաղթահարեն կորոնավիրուսի թողած տնտեսական հետևանքներն` անորոշ է, իսկ այս իրավիճակը ենթադրում է նաև ՀՀ-ում տրանսֆերների նվազում:
Ինչ կորուստներ են սպասվում և ինչ իրավիճակում կհայտնվեն խոպանչիների ընտանիքները, որոնք են լուծումները: Այս հարցերի շուրջ NewArmenia.am-ը զրուցել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ:
Տնտեսագետի խոսքով, որպեսզի գնահատվի կորուստը նախ պետք է սահմանենք, թե որն է այն կորուստը, որը կունենա մեր ընդհանուր տնտեսության սոցիալական ոլորտը. «Այստեղ բազմաշերտ հետևանքների մասին պետք է խոսենք: Նախ այդ մարդիկ արտագնա աշխատանքով լուծում են իրենց ընտանիքի ամբողջ տարվա սոցիալական խնդիրները: Նրանք տարվա մեջ աշխատելով վեց, յոթ մաքսիմում ութ ամիս իրենց ամբողջ ընտանիքի հոգսը լուծում են դրանով, և իրենց եկամուտը գոյանում է արտագնա աշխատանքից: Դուք ճիշտ նշեցիք, մենք ունենք տարածաշրջաններ, որոնց աշխատուժի հիմնական մասը մեկնում է արտագնա աշխատանքի: Երկրորդը, որը նույնպես կարևոր է, նույն այդ բնակավայրերում ապրող իրենց ընտանիքները հենց արտագնա աշխատանքի եկամուտներով օգտվում են տարբեր ծառայություններից` այդ թվում խանութներից առևտուր են անում, և այդ բնակավայրերը հիմնականում նաև այդ դրամական փոխանցումներով են պահանջարկը ձևավորում, և տնտեսական աշխուժացում է լինում»:
Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ՝ մյուսներն, ովքեր մնում են տեղում, աշխատեցնում են օրինակ` խանութներ` կենցաղային սպասարկման օբյեկտներ և այլն, դրանց հիմնական վճարունակ պահանջարկը ձևավորվում են նորից այդ տրանսֆերներից:
«Այսինքն էապես կարևոր են տրանսֆերները, որպես մեր երկրում լրացուցիչ պահանջարկ առաջացնող եկամուտ և նաև արտարժույթի ներհոսք մեր երկիր, որովհետև այդ տրանսֆերները տարեկան կտրվածքով հասնում են մինչև մեկ միլիարդ դոլարի: Իհարկե այս թիվը չի զրոյանա որովհետև այնուամենայնիվ որոշակի ելքեր կգտնվեն և մարդիկ նորից կվերադառնան իրենց աշխատանքին, բայց կարելի է ասել, որ այս տարին կորցրած է, որովհետև սեզոնային աշխատանքային միգրացիան արդեն վաղուց նախորդ տարիների համեմատ պետք է սկսված լիներ, իսկ այսօր մարդիկ չեն կարողանում տեղափոխվել և նաև բավականին խնդիր է անորոշությունը, թե երբ այս տեղաշարժի սահմանափակումը կվերացվի»,-ասաց տնտեսագետը։
Նա նաև հավելեց, որ աշխատանքային միգրանտների 70 տոկոսը դեպի ՌԴ է մեկնում և այս տարին կարելի է համարել կորցրած տարի, որովհետև դրանից հետո արդեն մեկ երկու ամսվա սեզոնի համար կարող է նույնիսկ տնտեսապես ձեռնտու չլինել մեկնողի համար` ծախս անել, մեկնել` հաշվի առնելով այդ կարճ ժամանակահատվածի եկամուտը:
«Բայց կա նաև երկարաժամկետ հետևանք, որովհետև այս վիճակը մանավանդ Ռուսաստանի տնտեսության վրա, նաև նավթի շուկայի հետ կապված կարող է երկարաժամկետ բացասական ազդեցություն թողնել` ռուբլու արժեզրկում, նաև որոշակիորեն իրական եկամուտների կրճատում: Դրանք կբերեն նաև մեր արտագնա աշխատանքի մեկնողների իրական եկամուտների կրճատման»,- ընդգծեց Ավետիսյանը:
Տնտեսագետն օրինակ բերեց 2008թ. գլոբալ ճգնաժամը, որը տևեց մեկ-երկու տարի և միգրացիայից տրանսֆերների կրճատում եղավ, ինչպես նաև Ռուսաստանից աշխատանքային միգրացիայից սպասվող եկամուտների կրճատում:
«Սեզոնային արտագնա աշխատանքի մեկնողները, եթե չեն մեկնում` ապա մեր երկրում բարձրանում է գործազրկույթան մակարդակը, որովհետև պարբերաբար արտագնա աշխատանքի մեկնածներն իրենց զբաղվածության հարցը լուծել են դրսի աշխատաշուկայում, հիմա մնալով էստեղ խորանալու է լարվածությունը ներքին աշխատաշուկայում: Եթե դուք գնանք այնպիսի համայնքներ, որտեղ շատ են մեկնում արտագնա աշխատանքի այդտեղի խանութներում կտեսնեք հաստափոր պարտքի տետրեր, և այդ պարքի տետրերը կուտակվում են գարնանն ու ամռանը, և մարվում են աշնանը, երբ արտագնա միգրատները վերադառնում են, և դրանից հետո նորից այդ տետրեը գոյանում են, որովհետև սեզոնային արտագնա աշխատանքի եկամուտով ընտանիքները ծայրը ծայրին են հասցնում»,- նշեց Ավետիսյանը:
Նա նաև շեշտեց, որ եթե նրանք այս մեկ տարին չմեկնեն արտագնա աշխատանքի, ապա բացի այն, որ գործազրկության մակարդակը կբարձրանա, այլև սա աղքատություն ծնող հստակ գործոն է: Տնտեսագետի մեկնաբանմամբ աղքատության թվի աճն առաջացնելու է պետական լրացուցիչ ծախսեր` նպաստների գծով և պետությունը նաև պետք է օր առաջ իր առջև խնդիր դնի` հաշվի առնելով այդ մարդկանց մասնագիտությունները` գոնե ժամանակավոր զբաղվածությամբ ապահովելու:
Մեր հարցին, թե կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերվ սահմանված գյուղատնտեսության վարկերը, որոնք առանց տոկոսի են տրվում, կարո՞ղ են մեղմել աղքատությունը, այսիքն այն մարդիկ, որոնք չեն կարող մեկնել արտագնա աշխատանքի` զբաղվեն գյուղատնտեսությամբ` Թադևոս Ավետիսյանը պատասխանեց. «Կարող են որոշակիորեն մեղմել այն պարագայում, եթե մենք դիտարկենք որոշակի ռեգիոններ, որտեղ հնարավոր է զբաղվել անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ: Բայց այստեղ մեծ կարևորություն ունի, թե այդ անտոկոս վարկը որքանով է համարժեք իրավիճակին, որքանով է բավարար, որպեսզի մարդիկ տրամադրվեն և սկսեն այդ աշխատանքները»:
Նա ընդգծեց, որ այս իրավիճակը հաշվի առնելով ցանկանում է հիշեցնել, որ կան պետական զբաղվածության ծրագրեր, որոնք կոնկրետ ուղղված են ժամանակավոր գյուղատնտեսական զբաղվածությանը և անասնապահությանը: Տնտեսագետի դիտարկմամբ այս ծրագրերի աջակցության կոմպոնենտը պետք է ուժեղացվի և առաջ մղվի, որովհետև միայն վարկը դա ի վերջո պարտք է և այս մարդիկ, եթե հյուսիսային շրջաններում սկսեն զբաղվել գյուղատնտեսությամբ` օրինակ ցորեն, գարի ցանեն կամ փորձեն անասնապահությամբ զբաղվել` իրենք բնականաբար միանգամից եկամուտ չեն ստանալու. «Այդ եկամուտն ստանալու են սեզոնի ավարտին, երբ բերք ստանան կամ որոշակի գյուղմթերք իրացնեն և այսպիսի պարագայում խնդիր է մնում այս ընթացքում այդ մարդկանց մինիմալ կենսապահովվումը»:
Թադևոս Ավետիսյանը հավելեց նաև, որ սեզոնային արտագնա աշխատանքի մեկնողներին աջակցելու հիմնական ուղղություններից է նաև պետության կապիտալ ծախսերը` ճանապարհաշինություն, տարբեր ենթակառուցվածքների շինարարություններ, վերանորոգումներ և այլն. «ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողները հիմնականում այս ուղության մասնագետներ են: Պետական մակարդակով հայտարարություններ հնչել են արտագնա աշխատանքի մեկնողներին ուղղված, որ կառավարույթունն ունի պատրաստակամություն կապիտալ ծախսերն ավելացնելու այն նպատակով, որ այդ մարդիկ էլ կարողանան ներգրավվեն այդ աշխատանքներում: Բայց դժվար է ասել ինչպես կյանքի կկոչվի, սա արդեն ցույց կտա ժամանակը»:
Տնտեսագետը կարևորեց նաև ոչ գյուղատնտեսական զբաղվածության` արհեստագործական ուղղությունները` նշելով, որ պետության հնարավոր աջակցությամբ խոպան չմեկնողները կարող են օգտվել այդ ծրագրերից, և զբաղվածության շրջանակներում վերապատրաստվել:
Նարա Մարտիրոսյան