կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-25 19:57
Իրավական

ՀՀ ՄԻՊ-ը ՌԴ-ում քննարկել է արտագնա աշխատանքի մեկնող հայաստանցիների իրավունքների երաշխավորման հարցեր

ՀՀ ՄԻՊ-ը ՌԴ-ում քննարկել է արտագնա աշխատանքի մեկնող հայաստանցիների իրավունքների երաշխավորման հարցեր

Մոսկվայում հունվարի 24-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի եռակողմ հանդիպումը: 

 Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հանդիպումն առանձնացել է կարևորությամբ՝ հատկապես կապված Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ ժամանակավորապես բնակվող մեր հայրենակիցներին հուզող խնդիրների լուծման հետ: Նրանք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին և Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարին հասցեագրում են բողոքներ կապված իրենց աշխատանքային, սոցիալական, առողջապահական, կենսաթոշակային, կրթական և այլ իրավունքների հետ։

Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ, օրինակ, ՌԴ-ում ու Հայաստանում աշխատած ժամանակահատվածը չի հաշվարկվում միասնական կենսաթոշակային ստաժի մեջ կամ խնդիրներ են առաջ գալիս բժշկական ծառայություններից ու դրա հետ կապված սոցիալական փաթեթից օգտվելու հարցում: Առկա են նաև դիմումներ, որոնք վերաբերում են աշխատանքային իրավունքներին, երկրից վտարելու որոշմանը, ընտանիքներով Ռուսաստան մեկնելու դեպքում հանրակրթական դպրոցներում ու նախադպրոցական հաստատություններում երեխաների ուսուցմանը և այլն: Քննարկվել են նաև Հայաստանում բնակվող ռուսաստանցիների իրավունքների պաշտպանության հարցերը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի միջև առկա արդյունավետ համագործակցության շնորհիվ նմանատիպ բոլոր դեպքերում հարցը փոխանցվում է ՌԴ գործընկերներին, որոնք էլ հաստատված պրակտիկայի ուժով  ձեռնարկում են միջոցներ քաղաքացու իրավունքի իրացումն ապահովելու ուղղությամբ:

«Ես հաճախ եմ մեր քաղաքացիների բարձրացրած հարցերը քննարկում իմ ռուս գործընկերոջ հետ, սակայն իրավական համակարգերի տարբերությունների պատճառով մենք` օմբուդսմաններս, հաճախ չենք կարողանում լուծել քաղաքացիներին վերաբերող առանձին խնդիրներ», - նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կարևոր առաջնահերթություններից է մարդու իրավունքների և ազատությունների ապահովումը, համապատասխան օրենսդրության ներդաշնակեցումն ու հակասությունների վերացումը:

Ուստի, նշված նպատակներից ելնելով էլ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնց բախվում են երկու երկրների քաղաքացիները Հայաստանում և Ռուսաստանում:

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արման Թաթոյանին և Տատյանա Մոսկալկովային՝ լիարժեք պատրաստակամություն հայտնելով աջակցել երկու երկրների օմբուդսմանների գործունեությանը՝ աշխատողների համար հավասար աշխատանքային պայմաններ ստեղծելու նպատակով։

Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան իր հերթին ընդգծել է եռակողմ հանդիպման կարևորությունը` շեշտելով, որ անհրաժեշտ է համատեղ ջանքերով նպաստել մարդու իրավունքների ամբողջական իրականացման:

 Հանդիպման ընթացքում կողմերը նախանշել են հետագա աշխատանքի կոնկրետ ուղղություններ ու ծրագրեր»: