կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-16 13:17
Քաղաքական

Ինչպե՞ս բացատրել երկվության ախտանշանը…

Ինչպե՞ս բացատրել երկվության ախտանշանը…

Նորություն չէ, որ վաղուց արդեն գոյություն ունի մեր ժողովրդին իր արդար պահանջատիրությունից խզելու մեծապետական քաղաքականություն, և որ այդ քաղաքականությունը խրախուսողը ընդհանրապես եղել է ԱՄՆ-ի դաշնակցային գործադիր իշխանությունը` գեթ Լոզանի համաձայնագրից ի վեր։ Իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից սկսած` ԱՄՆ-ն այդ քաղաքականության առաջատար ուժն է։ Փաստորեն, նախագահ Ուիլսոնի արդարակորով առաքելության ձախողումից հետո Արևմուտքը որդեգրեց Քեմալական Թուրքիայի սրտի վրա խարսխվելու հստակ ռազմավարություն և Թուրքիան բոլշևիկյան Ռուսաստանից «խլելու» հետևողական դիրքորոշում։ Եվ սա՝ անկա՛խ այն բանից, թե Անկարան ի՞նչ երկերեսանի վերաբերմունք է ցուցաբերում Արևմուտքի հանդեպ վերջին գրեթե մեկ դարի ընթացքում։

Ավելացնենք նաև, որ այս խաղի մյուս կողմում Մոսկվան է, և վերոհիշյալ քաղաքականության սերմերը պետք է փնտրել նաև Կարսի պայմանագրի մեջ։

Եվ, բնականաբար, միջազգային այս կնճռոտ խաղի մեջ պիտի հայտնվեր նաև Հայ Դատը։ Վերջին հարյուրամյակի մեր պահանջատիրության պատմությունը սերտորեն առնչվում է միջազգային այս խաղից բխող մարտահրավերները դիմագրավելու գործին։ Եվ այս գործի մայրուղում գործող առաջնորդող ուժը եղել է և է Հ.Յ. Դաշնակցությունը։ Սփյուռքի և հատկապես Արևմտյան Սփյուռքի` մեր իրարահաջորդ սերունդները քաղաքականացնելու` Դաշնակցության քաղաքականությունը Թուրքիայի աճող ազդեցությանը հակադրեց հայության համաժողովրդական քաղաքական ուժը։ Կրոնամշակութային հողի վրա կազմակերպված մեր համայնքների հավաքական ուժը ՀՅԴ քաղաքական գործի հնոցներում վերածվեց քաղաքական ուժի։ Եվ այսպես է, որ մեր ժողովուրդը կրկին իրեն դրեց համաշխարհային քաղաքականության քարտեզին` հակակշիռ հանդիսանալով Թուրքիայի աշխարհատարած քարոզչությանը։ Եվ, անշուշտ, դա, բնականաբար, պիտի բարդացներ թուրք-արևմտյան և թուրք-ամերիկյան հարաբերությունների գործընթացը։ Եվ այդ իսկ պատճառով Արևմուտքում սկսեցին փնտրել հատուկ քաղաքական գործիքներ ( և գործիչներ...) այս հարցին «լուծումներ» գտնելու և քաղաքական բեմը հնարավոր արագությամբ «ախտահանելու» սևեռուն միտումով։

Խորհրդային Միության փլուզումից և Հայաստանի վերանկախացումից հետո Վաշինգտոնի ռազմագետները հույս ունեին դաշնակիցներ գտնել նաև ՀՀ իշխանության առաջավոր դիրքերում։ Անհիմն չէին այս հույսերը։ Հայ պետականության ղեկավար դիրքերում Հայոց Ցեղասպանության փաստից բխող հայ պահանջատիրության վերաբերյալ իսկապես գոյություն ուներ քաղաքական զգալի երկվություն։ Քաղաքական այդ շերտը գոյություն ունի Երևանում նույնիսկ այսօր։ Գաղտնիք չէ, որ պետականության անմիջական խնդիրներից բխող հաշիվների բարդ և հակասական մի ոլորտ շարունակում է իր պարտադրանքը որոշ պետական այրերի և կազմակերպությունների մտածողության վրա։ Փաստն այն է, որ ՀՀ պետական մտածողության մի որոշակի շերտ դեռ չէ կարողացել հավասարակշռության հանգել այս հարցում և գտնել վարանումներից զերծ ու հստակ մի մտատեսիլ։ Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի հռչակագիրը կարևոր քայլ էր այս մարզում։ Կարևոր գաղափարական հաղթանա՛կ, որ հնարավոր դարձավ նախորդ իշխանության օրոք։ Բայց արդար լինելու համար պետք է ավելացնել, որ դրա տոկուն բովանդակությունը դյուրավ չձևավորվեց... Դրա համար պարտական ենք այն քաղաքական ուժի պնդումներին, որը միշտ էլ եղել է մեր պահանջատիրության դրոշակիրը։ Այնուամենայնիվ, պատմական փաստն այն է, որ այն այսօր կա որպէս համայն հայության քաղաքական վարդապետությունը (doctrine, դոկտրին) ներկայացնող փաստաթուղթ։ Միակ փաստաթո՛ւղթը՝ որ համահայկական հանգամանք ունի այսօր։ Եվ այն այլևս ենթակա չէ դիվանակալների (չինովնիկ) կամ որևէ մեկի վերանայմանը։ Ուզում եմ, սակայն, զգուշացնել, որ այս հարցը մշտապես կենդանի է և այն պիտի չմեռնի, քանի որ մեր պահանջատիրությունը կանգնած է մեծապետական քաղաքականությունների և Թուրքիայի միջև` որպես «նեղացուցիչ» գործոն...Մեծապետությունները և մասնավորաբար Արևմուտքի մեծ պետությունները պիտի շարունակեն փորձել «էժան գնով» լուծել այս հարցը և պիտի հնարեն TARC-ի և Հայ-թուրքական արձանագրությունների պես գործիքներ և միշտ էլ պիտի գտնեն իրենց գործընկերներ հայ կյանքում... Հայ պետականությունը, հայ քաղաքական ուժերը, հայ մտավորականությունը և հայ ժողովուրդը ամենուրեք պիտի հսկեն աչալրջորեն և ձախողության մատնեն բոլոր նմանօրինակ նախաձեռնությունները։ Մի բան հստակ է։ Դաշնակցությունը պիտի լինի այդ պայքարի առաջին դիրքերում։

Վերջապես, ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել Թաներ Աքչամ երևույթին։ Աքչամը Հայոց Ցեղասպանության պատմական փաստի մեծ մասնագետներից է, բայց մեր արդար պահանջատիրության բարեկամը չէ։ Նա հրաժարվում է ընդունել հայ ժողովրդի հողային իրավունքների հիման վրա տարածքային հատուցման սկզբունքը։ Հայրենազրկման խնդիրը Աքչամի օրակարգում գոյություն չունի որպես իրավունքի խնդիր։ Եվ բոլոր նրանք, ովքեր միամտությունը ունեն կարծելու, որ, պրոֆ. Աքչամի համար բեմ հայթայթելով, մենք քաղաքական առավելություն ձեռք կբերենք Թուրքիայի նկատմամբ, չարաչար սխալվում են։ Մենք պարզապես առաւելություն տված կլինենք այն թեզին, որ նույն ինքը` մեծապետությունների թեզն է, և որն ասում է. «Գտնել ձևը նյութական հատուցումներով վերջ դնելու հայ պահանջատիրությանը և մեկընդմիշտ փակելու հայության հողային իրավունքների հարցը»: Պարզ խոսքով` հայ պետականությունը մշտապես պահելով ՊԱՏԱՆԴԻ դիրքերում։ Այս առումով, իրենց թեզի վախճանական հետևության մեջ, Աքչամին և իր նմաններին պետք է դիտել որպես հայ անկախ պետականության լինելիության (viability) և, հետևաբար, անվտանգության էական հակառակորդ։

Կարո Արմենյան

Ապրիլ 15, 2020 Վաշինգտոն