Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը ներկայացնում է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակի բաց նամակը՝ ուղղված Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ՝ Ժոզեպ Բորելին, Արտաքին գործողության եվրոպական ծառայության խոսնակի՝ Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարությանը վերաբերյալ.
«Հարգելի Բարձր ներկայացուցիչ պարոն Բորել, Որպես Եվրոպական միության տասնչորս անդամ երկրներում հանձնախմբերի գործունեությունը համակարգող հասարակական կազմակերպություն և առաջին հերթին որպես Եվրոպական միության քաղաքացիներ մեր խորին հիասթափությունն ու դժգոհությունն ենք հայտնում Արտաքին գործողության եվրոպական ծառայության խոսնակի՝ Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ մարտի 31-ի հայտարարության առնչությամբ:
Վերոհիշյալ հայտարարությունը, ցավոք, չի սատարում հասարակությունների՝ ժողովրդավարական ճանապարհով ինքնակազմակերպվելու գաղափարը: Մենք վստահ ենք, որ Եվրոպական միությունը արժեքների վրա հիմնված միություն է, և որ այն մեծապես արժևորում է մարդու համընդհանուր իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությունը՝ ինչպես Եվրամիության սահմաններում, այնպես էլ դրանցից դուրս: Իրականում, ԵՄ յուրաքանչյուր ընտրված իշխանություն պարտավոր է պաշտպանել այս արժեքները: Մարտի 31-ին Արցախի ժողովուրդն օգտագործեց ընտրելու իր իրավունքը՝ վերահաստատելով թափանցիկության և ժողովրդավարության սկզբունքների հիման վրա երկիրը կառուցելու իր հանձնառումը: Արցախի ժողովուրդն այս ճանապարհն ընտրել է գիտակցաբար և պատրաստակամորեն՝ ավելի քան քսանհինգ տարի առաջ և դրան հավատարիմ մնացել Սովետական միության փլուզումից ի վեր՝ արտաքին աշխարհից որևէ օգնություն չստանալով և գտնվելով դժվարին աշխարհաքաղաքական իրավիճակում:
Այս հուսախաբ անող հայտարարությամբ Արտաքին գործողության եվրոպական ծառայությունը ցավոք ազդակ է ուղարկում, որ երկրի քաղաքական կարգավիճակը նախապայման է մարդու համընդհանուր իրավունքներից օգտվելու համար: Իրականում միջազգային իրավունքը բացառում է անհատների կամ խմբերի մարդու իրավունքների որևէ սահմանափակում կեցության երկրի կարգավիճակի հիման վրա և չճանաչված երկրների առնչությամբ որևէ խտրական դրույթ չի սահմանում:
Դեռևս որևէ հակամարտություն տևական լուծում չի ստացել՝ դրանում անմիջականորեն ներգրավված ժողովրդին մեկուսացնելով կամ առանց նրանց հետ խոսելու ինչպես նաև առանց նրանց լսելու: Ուստի որպես ԵՄ քաղաքացիներ կոչ ենք անում Արտաքին գործողության եվրոպական ծառայությանը վերանայել այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը և անկեղծորեն հույս ենք հայտնում, որ այս կոչին ականջալուր կլինեք: Հարգանքով՝ Գասպար Կարապետեան ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախումբի Նախագահ»։