կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-22 15:51
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք պատանդներ ենք. ՌԴ քաղաքացիները չեն կարողանում հատել ՀՀ֊Վրաստան սահմանը

Մենք պատանդներ ենք, մեզ դուրս են հանում հյուրանոցներից, սննդի գումար չունենք. ՌԴ քաղաքացիները չեն կարողանում հատել ՀՀ֊Վրաստան սահմանը։

ՌԴ ավելի քան 50 քաղաքացիներ երեկ ՌԴ, այնուհետև՝ Վրաստանի դեսպանատան մոտ են հավաքվել՝ ի նշան բողոքի։

Yerkir.am-ի հետ զրույցում ՌԴ քաղաքացի Վարդան Պալյանը նշեց, որ իրենք ցանկանում են վերադառնալ Ռուսաստան, սակայն կորոնավիրուսի արգելքներով պայմանավորված իրենց թույլ չեն տաիս սեփական մեքենաներով հատել հայ-վրացական սահմանը:

«ՌԴ դեսպանատից մեզ ասացին, որ Վրաստանի կառավարության որոշման դեմ ոչինչ անել չեն կարող: Առաջարկեցին, որ Հայաստանում թողնենք մեր սեփական ավտոմեքենաները, որոնց համար անվճար կայանատեղի կտրամադրեն և ռուսաստան վերադառնանք ինքնաթիռով, որի տոմսերը պետք է մեր հաշվին գնենք»,- Yerkir.am-ին ասաց Վարդան Պալյանը:

Ըստ ցուցարարի՝ իրենց՝ ՌԴ վերադառնալու հարցը կախված է օդում։ Նա կոչով դիմում է ՌԴ իշխանություններին՝ քայլեր ձեռնարկել Հայաստանում հայտնված իր ավելի քան հինգ տասնյակ քաղաքացիների՝ ՌԴ վերադարձի համար:

«Կորոնոնավիրուսի հետ կապված իրավիճակը օր-օրի էլ ավելի է վատանում, իսկ մենք չենք ցանկանում այստեղ երկար ժամանակ մնալ: Ավելին՝ վտանգել մեր առողջությունն ու անվտանգությունը: Մենք ՌԴ իշխանություներից համապատասխան քայլեր ենք ակնկալում»,- ՌԴ դեսպանատան մոտ նշեց Վարդան Պալյանը: ՌԴ դեսպանատնից հավաքվածները շարժվեցին դեպի ՀՀ-ում Վրաստանի դեսպանատուն: Այստեղ, սակայն, նրանց չընդունեցին, որևէ մեկը չխոսեց նրանց հետ:

«Մենք համաձայն ենք վրացական կողմի ցանկացած պահանջի՝ սահմանը հատել առանց մեքենաներից դուրս գալու, պատրաստ ենք վճարել սահմանին իրականցվող մեքենաների ախտահանման համար, վճարել մեզ ուղեկցող ոստիկաններին ծառայության համար: Այս և այլ հարցերը մենք ուզում էինք քննարկել ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան աշխատակիցների հետ: Բայց մեզ հետ երկխոսության ոչ ոք այդպես էլ չեկավ, իսկ դեսպանատան անվտանգության աշխատակիցները մեզ ասացին՝ դեսպանատան շենքի մոտից ավելի հեռու հավաքվեք»,-ասաց Վարդան Պալյանը:

Ըստ ցուցարարի՝ իրենց ցանկությունը մեկն է, որ Վրաստանը միջանցք տրամադրի՝ ՌԴ հասնելու համար, քանի որ հայտնվել են անելանելի վիճակում. «Մենք պատանդներ ենք, մեզ դուրս են հանում հյուրանոցներից, սննդի գումար չունենք»:

Հավելենք, որ ՀՀ֊ում գտնվող ՌԴ քաղաքացիները Վրաստանի դեսպանատան առջև իրենց բողոքի ակցիան շարունակում են նաև այսօր։