Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստեփանակերտում շրջանառվող լուրերի համաձայն՝ մեծածախ առևտրի կետերում մթերային որոշ ապրանքատեսակների սղություն և գնաճ է նկատվում:
Իրողությունը պարզելու նպատակով «Ապառաժ»-ը շրջայցով եղել է մայրաքաղաքի մեծածախ առևտրի մի շարք կետերում: Մասնավորապես, Հեքիմյան փողոցում տեղակայված մեծածախ առևտրի կետերում կատարած դիտարկումների արդյունքում պարզվեց, որ սովորականի համեմատ կտրուկ աճել են ձավարեղենի, ալյուրի, շաքարավազի և ձեթի գնումների ծավալները:
Որոշ առևտրի կետերի վաճառող-վաճառողուհիներն ու պատասխանատուները մեզ հետ զրույցում բնակչության գնումների ներկայիս եռուզեռն ու առևտրաշրջանառության ծավալները համեմատում են ամանորյա ժամանակահատվածի հետ: Մեծամասամբ գերադասում են՝ մասնավորապես ձավարեղենը, ալյուրն ու շաքարավազը գնել մեծ ու փոքր պարկերով:
Մեծածախ առևտրի կետերից մեկի պատասխանատու Արմեն Անտոնյանն իր խոսքում նշեց, որ չնայած սննդամթերքի այդ տեսականու պահանջարկի ու գնումների կտրուկ ավելացումը շուկայում որոշակի սղություն է առաջացրել, այդուհանդերձ մատակարարումը կատարվում է ժամանակին ու անհրաժեշտ ծավալներով: Մեր զրուցակցի հաղորդմամբ՝ վաղը կմեկնեն Երևան պահանջված սննդամթերքի մատակարարման նպատակով:
Ի դեպ, մեր այցի պահին այս առևտրի կետում արդեն ընդունել էին ալյուրով բեռնված առաջին բեռնատարը: Պահեստում նույնպես ալյուրի պարկերի պակաս չէր զգացվում: Ինչ վերաբերում է գնաճին, ապա Արմեն Անտոնյանը տեղեկացրեց, որ նախկինի համեմատ 200 դրամով թանկացել է մեկ պարկ ալյուրի գինը: Գնաճը մեր զրուցակիցը պայմանավորում է դոլարի փոխարժեքի բարձրացմամբ:
Երևանից ներկայումս մատակարարվող ձեթի այն տեսականու պարագայում, որը խոշոր մատակարարները դոլարով են ձեռքբերում, 10-20 դրամով գնաճ է նկատվում: Մեծածախ առևտրի կետերի պատասխանատուները մեզ հետ զրույցում վստահեցրին, որ նախկինում ստացած խմբաքանակի ու ռուսական արտադրության ձեթի իրացումը նույն գներով է, ինչպես նախկինում:
Ավելի քան 4 մեծածախ առևտրի կետերում դիտարկումները ցույց տվեցին, որ մեկ պարկ ալյուրի 200 դրամով թանկացումը վերաբերում է նաև մյուսներին: Ընդհանուր առմամբ, 10-20 դրամով թանկացել են ձավարեղենը, շաքարավազը, մասամբ՝ նաև ձեթը: Մայրաքաղաքի Մ. Մաշտոց փողոցում տեղակայված մեծածախ առևտրի կետում սպառվել էին հնդկացորենը, շաքարավազը: Առկա և ալյուրի, և
ձեթի պաշարներն առայժմ բավականացնում են պահանջարկը բավարարելու համար: Ըստ վաճառողի՝ այսօր և վաղը սպասում են մեծ պահանջարկ ունեցող սննդամթերքի մատակարարմանը: Ի տարբերություն Հեքիմյան փողոցի մեծածախ առևտրի կետերի, որտեղ ձեթի միջին գինը 700 դրամ է կազմում, այստեղ ձեթը վաճառվում է 710-800 դրամով: Բավականին թանկացել է ոսպը՝ կազմելով 600 դրամ:
«Կապիտալ» խանութների ցանցի մթերային առևտրի կետերից մեկում մեր կատարած դիտարկումից պարզվեց, որ ձավարեղենի և ձեթի տեսականու պակաս չի զգացվում: Խանութի պատասխանատուն տեղեկացրեց, որ գնումների ծավալի համեմատական աճ 2 օրով է գրանցվել: Այստեղ առկա ձեթի և ձավարեղենի տեսականու նախկինում ստացած խմբաքանակներն առայժմ չեն սպառվել, ուստի գնաճ ևս չի եղել: Այդուհանդերձ, մեր զրուցակիցը չբացառեց, որ դոլարի փոխարժեքի բարձրացումն առաջիկայում մատակարարվելիք մթերային ապրանքների գնաճի վրա ազդեցություն կունենա:
Նշենք նաև, որ մեր այցի պահին այս մթերային խանութում էին նաև ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները՝ ապրանքների մատակարարման հետ կապված իրավիճակը պարզելու նպատակով:
Վան Նովիկով