Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարակաբան Հենդրիկ Շտրեեկը, որն աշխատում է ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութ ստանալու ուղղությամբ, հետազոտել է Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների մեծ մասին: Ըստ yerkir.am-ի` գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում նա խոսել է Covid-19-ի նոր ախտանշանների, էքսպրես թեստերի և բարձր մահացության մասին:
Բոննի համալսարանի բժշկական ֆակուլտետին կից վարակաբանության և ՁԻԱՀ հետազոտությունների ինստիտուտի աշխատակիցների հետ վարակաբանն այցելել է Հայնսբերգ շրջանը, որտեղ վարակվածների թիվն ամենամեծն է, հետազոտել նրանց , հարցումներ անցկացրել, գրանցել ախտանշանները, օդի փորձանմուշներ վերցրել, դռների բռնակներից, բջջային հեռախոսներից` քսուքներ, նույնիսկ` զուգարաններից:
«Վարակվածների մոտ երկու երրորդը նշել են, որ մի քանի օր չեն զգացել հոտերն ու համերը: Ե՞րբ են ի հայտ գալիս այդ ախտանշանները, մենք դեռ հստակ ասել չենք կարող, սակայն ենթադրում ենք` վարակվելուց որոշ ժամանակ անց»,- նշել է Շտրեեկը:
Ըստ նրա` Covid- 19-ով տիպիկ պացիենտի մոտ աշխանշանները թույլ են արտահայտված: Այդպիսի եզրակացության են հանգել նաև չինական Շենչժենի մասնագետները, որոնք բացահայտել են, որ վարակվածների 91 տոկոսի մոտ ախտանշանները թույլ կամ չափավոր են արտահայտվում` չոր հազ, հնարավոր է բարձր ջերմաստիճան: «Մենք դրան ավելացրինք հոտի և համի կորուստը: Բացի դրանից` 30 տոկոսի դեպքում փորլուծություն է նկատվում»,- հայտնել է վարակաբանը:
Անդրադառնալով էքսպրես-թեստերին` Շտրեեկը նշել է, որ, ցավոք, դրանց զգայունությունն ընդամենը 33 տոկոս է, համեմատաբար բարենպաստ պայմաններում` 93 տոկոս: «Այսինքն` եթե թեստի արդյունքը դրական է, ապա Covid-19-ի առկայությունը համարվում է ապացուցված, իսկ եթե արդյունքը բացասական է, պացիենտը, միևնույն է, կարող է վարակված լինել: Դա նշանակում է` թեստը 2-3 հիվանդ չի հայտնաբերում»,- ասել է նա:
Հարցին, թե ի՞նչն է վիրուսն այդքան վտանգավոր դարձնում, վարակաբանը պատասխանել է, որ նոր հարուցիչն այնքան էլ վտանգավոր չէ, նույնիսկ ավելի քիչ վտանգավոր է, քան ատիպիկ թոքաբորբը: Տարբերությունն, ըստ նրա, այն է, որ նոր կորոնավիրուսը բազմանում է քթաըմպանի վերին մասում և այդ պատճառով զգալիորեն վարակիչ է դառնում: Սակայն դա դրական կողմ էլ ունի. ատիպիկ թոքաբորբի վիրուսը բազմանում է խորքում` թոքերում, այդ պատճառով քիչ վարակիչ է, բայց ախտահարում է թոքերը: Նոր կորոնավիրուսը հազվադեպ է հայտնվում թոքերում, բայց եթե դա տեղի է ունենում, հիվանդությունն առանձնահատուկ ծանր ընթացք է ունենում:
Անդրադառնալով խոսակցություններին, թե նոր կորոնավիրուսն ախտահարում է նաև այլ օրգաններ` լյարդը, աղեստամոքսային տրակտը, վարակաբանը նշել է, որ դեռևս հաստատված տվյալներ չկան, սակայն հայտնի է, որ կորոնավիրուսը թափանցում է ACE-2 ռեցեպտորների միջոցով: «Հյուսվածքային շատ բջիջներ ունեն այդ ռեցեպտորը, այդ թվում` տեստիկուլները, որոնք կարող են ախտահարվել, սակայն դեռևս նման ախտահարումների տվյալներ չկան: Համենայն դեպս, հետազոտված պացիենտներից ոչ մեկի արյան կամ պլազմայի մեջ հարուցիչ չի հայտնաբերվել: Անշուշտ, փորլուծությունը վկայությունն է այն բանի, որ աղեստամոքսային տրակտն ախտահարվում է»,- կարծիք է հայտնել Շտրեեկը:
Վարակաբանը նաև նշել է, որ Գերմանիայում, ի տարբերություն Իտալիայի, ցածր մահացությունը զարմանալի չէ, որովհետև Իտալիայում թեստավորել են միայն ծանր ախտանշաններով պացիենտներին, մինչդեռ վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ Covid-19-ով վարակվածների 91 տոկոսի մոտ թույլ կամ չափավոր ախտանշաններ ենլինում: «Ստացվում է, որ իտալացիները սկզբնական շրջանում կենտրոնացել էին միայն 9 տոկոսի վրա: Չինաստանում նույնպես սկզբնական շրջանում մահացածների թիվը մեծ էր, սակայն ոչ` վարակվածների թիվը: Հիմա հակառակն է, քանի որ Չինաստանում հիմա զգալիորեն շատ թեստեր են անում»,- ասել է Շտրեեկը` կարծիք հայտնելով, որ Իտալիայում վարակվածների թիվը ծայրահեղ շատ է, պարզապես դեռևս չեն հայտնաբերվել:
Ըստ նրա` Գերմանիայում ի սկզբանե թեստավորել են նաև թեթև ախտանշաններով պացիենտներին, օրինակ` մեկի կոկորդն էր ընդամենը քոր գալիս, նրան Իտալիայում ընդհանրապես ուշադրություն չէին դարձնի: Վարակաբանը համոզված է, որ Գերմանիայում մահացածների թիվն «ապոկալիպտիկ» չի լինի, և հնարավոր է` 2020 թվականին երկրում մահացածների ընդհանուր թիվը սովորականից ավելի չլինի: