կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-04 13:01
Տնտեսական

Ե՞րբ ենք շոշափելու երկնիշի հասնող տնտեսական աճի սոցիալական ազդեցությունը

Ե՞րբ ենք շոշափելու երկնիշի հասնող տնտեսական աճի սոցիալական ազդեցությունը

Վիճակագրությունը արձանագրում է, իսկ պատասխանատու պետական պաշտոնյաները փաստում, որ մեր երկրում 2018 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է բարձր տնտեսական աճ՝ 8,3%: Սա, իհարկե, տնտեսական զարգացման տեսանկյունից դրական ցուցանիշ է, սակայն հասարակ քաղաքացու տեսանկյունից, զուգահեռաբար և օբյեկտվորեն, դարձյալ առաջ են գալիս հետևյալ հարցերը՝

– իրակա՞ն է, արդյոք, վիճակագրության արձանագրումը,

– եթե` այո, ապա ե՞րբ ենք շոշափելու արդեն իսկ երկնիշի հասնող տնտեսական աճի սոցիալական ազդեցությունը:

Պատասխանը, կարծում ենք, միանշանակ է` այս հարցերը կառաջանան և առարկայական կլինեն, քանի դեռ մեր երկիրը չունի կայուն տնտեսական աճ, որն ուղեկցվում է սոցիալական պետությունը բնութագրող սոցիալական ներառականությամբ: Իսկ վերջինս էլ իր հերթին պահանջում է պետության դերի վերաիմաստավորում, տնտեսության կարգավորման և սոցիալական քաղաքականության համակարգային նոր մոտեցումներ, որոնք կապահովեն երկրում ստեղծվող համախառն եկամտի արդար, բայց ոչ հավասար բաշխումը:

Առիթներ ունեցել ենք բազում անգամներ նշելու առարկայական այն փաստը, որ անկախացումից ի վեր Հայաստանում դեռևս չլուծված են սոցիալական բազմաբնույթ ու տարածված մի շարք խնդիրներ, որոնք հիմնականում արդյունք են տնտեսության տարերային զարգացման ու շուկայի ձախողումների: Հետևաբար, պարզ է դառնում նաև, որ տնտեսության դրվագային աճերը, եթե նույնիսկ դրանք իրականում առկա են, չեն կարող ինքնաբերաբար հանգեցնել սոցիալական խորացող խնդիրների լուծմանը՝ բազմաչափ աղքատության վերացման վերջնանպատակով: Ինչքան էլ ցանկանանք և հայտարարենք, միևնույն է` տնտեսական աճի արդյունքները ինքնաբերաբար չեն մտնելու յուրաքանչյուր քաղաքացու տուն և չեն փոխելու յուրաքանչյուրի կյանքի որակը:

Այս նպատակներին հասնելու ապացուցված արդյունավետ ճանապարհը մեկն է՝ առաջանցիկ և կայուն տնտեսական աճը պետք է հավասարապես ուղեկցվի սոցիալական ներառականությամբ և արդյունքի արդար բաշխմամբ: Իսկ այս պարագայում պետությունը պետք է լիարժեք պարտավորություն և ակտիվ դերակատարություն ստանձնի տնտեսության կայուն զարգացման ապահովման գործում: Պետությունը պետք է վերադառնա շուկա՝ շտկելու շուկայի ակնհայտ բացթողումները, խթանելու առողջ մրցակցությունը և ստանձնելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, սոցիալապես խոցելի անձանց ու խմբերի կյանքի որակի հետևողական բարձրացման երաշխավորի հիմնական դերը:

Ստեղծվող նոր արդյունքի արդար բաշխման ինստիտուցիոնալ իրականացումը կարճ ժամանակահատվածում ի զորու է ավելացնել պետական միջոցները՝ տնտեսության ներառական զարգացումը լիարժեք ապահովելու համար անհրաժեշտ չափով: Պետության շարունակաբար և տնտեսության ներառական զարգացմանը համարժեք աճող միջոցները կայուն կերպով պետք է ուղղվեն սոցիալական պաշտպանության պետական ու համայնքային նոր ծրագրերին, տարածքային համաչափ զարգացման աջակցությանը, կայուն զբաղվածության աջակցությանը՝ ներդրումների աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը, կենսապահովման նվազագույն զամբյուղի փոփոխվող արժեքին համապատասխան կենսաթոշակների ու անապահովության նպաստների չափերի բարձրացմանը, ի վերջո՝ յուրաքանչյուր քաղաքացու նվազագույն սոցիալական կարիքների բավարարման վերջնանպատակի լիարժեք կենսագործմանը:

Սոցիալական պետության և տնտեսության ներառական զարգացման մոդել ունեցող երկրների դրական օրինակով կարելի է հավաքական կերպով փաստել, որ մեր երկրում ևս տնտեսության պետական կարգավորման և մասնակցության համակարգային նոր մոտեցումները, տնտեսական կայուն աճին զուգահեռ, պետք է ապահովեն, որ ՀՆԱ-ի առնվազն 25%-ը (2017թ. շուրջ 12%-ի փոխարեն), բնագավառների համար սահմանված թիրախներին ու ծրագրային առաջնահերթություններին համաչափ, ուղղվի սոցիալական ոլորտին, ներառյալ՝ սոցիալական պաշտպանությունը, առողջապահությունը, կրթությունը, մշակույթը:

Պարզ հաշվարկ-ամփոփում` եթե այս թիրախն ապահովվի, միաժամանակ՝ արդար մրցակցային միջավայրի ձևավորման ու կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի արդյունքում նվազագույնի հասցվի, տարբեր գնահատումներով, ավելի քան 50%-ի հասնող ստվերային տնտեսությունը, ապա, առանց նույնիսկ տնտեսական աճի հաշվառման, պետությունը կունենա առնվազն չորս անգամ ավելի մեծ (ներկայի համեմատ) հնարավորություններ և արդյունքներ՝ երկրում կուտակված սոցիալական խնդիրների լուծման համար:

Մեր երկրի տնտեսության ներառական զարգացմանը վերաբերող` վերը բերված մոտեցումները, առավել ամբողջական և հավաքական լուծումներով, ներկայացված են հանրային քննարկումների ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների նախագծի ձևով:

Նախագծի էլեկտրոնային տարբերակը հասու է www.arfd.info էջում:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող,
տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Թադևոս Ավետիսյան