Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը մարտի 13-ին, Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ անց է կացրել խորհրդակցություն, քննարկել դասապրոցեսի դադարեցման հարցը՝ կապված նոր կորոնավիրուսի տարածման հետ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարությունից։
Նա ասել է, որ ԿԳՍ նախարարության համակարգի պատասխանատուները պարբերաբար քննարկում են ոլորտի հետագա գործողությունները եւ նախանշում անելիքները:
«Եթե անհրաժեշտություն է առաջանում դադարեցնել պարապմունքները, ապա ուսուցիչները պետք է այդ ընթացքում աշակերտներին տնային առաջադրանքներ հանձնարարեն, իրականացվեն ճկուն աշխատանքներ եւ, ըստ անհրաժեշտության, կայացվեն որոշումներ՝ արտաքին ընթացիկ ստուգումների, միասնական քննությունների մասով: Խնդիրը մեկն է՝ պահպանել առողջությունը, թույլ չտալ նոր կորոնավիրուսի ներթափանցումը եւ տարածումն Արցախում եւ, միաժամանակ, հասցնել յուրացնել ուսումնական ծրագրերը»,- նշել է նախարարը:
Անդրադառնալով հաճախելիության ցուցանիշներին՝ Նարինե Աղաբալյանն հայտնել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ձեռնարկած միջոցառումները տվել են իրենց դրական արդյունքները. ընթացիկ շաբաթվա հաճախումները նորմայի շրջանակներում են:
«Ունեցել ենք հատուկենտ դպրոցներ, որտեղ բացակաների թիվը շատ էր. նման ցուցանիշներ գրանցվել են հիմնականում գյուղական այն բնակավայրերում, որտեղ սակավաթիվ են աշակերտները: Մարտի 11-ի դրությամբ, հանրապետության հանրակրթական դպրոցներում ունեցել ենք 9,2% բացակայություն, իսկ մարտի 12-ին՝ 8%. նվազումն ակնհայտ է»,- ավելացրել է նա։
Ինչ վերաբերվում է սուր շնչառական վարակներին եւ գրիպին, ոլորտի պատասխանատուն տեղեկացրել է, որ իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հաջողվել է կասեցնել հիվանդությունների տարածումը, որն էլ խիստ անհրաժեշտ է առողջապահական համակարգը չծարնաբեռնելու համար:
Նա վստահություն է հայտնել, որ ճիշտ գործողությունների արդյունքում կկարողանան կանխել նաեւ նոր կորոնավիրուսի տարածումը:
Այն հարցին, թե դասերի երկշաբաթյա դադարեցումը ինչպես պետք է լրացնեն, Նարինե Աղաբալյանը պատասխանել է. «Շատ կարեւոր է ուսուցիչների եւ տնօրենների անելիքների ճիշտ բաշխումը: Պետք է անպայման բարձրացնենք յուրաքանչյուրի սոցիալական պատասխանատվության գիտակցումը. յուրաքանչյուր ոք պատասխանատու է ոչ միայն իր, այլեւ իր շրջապատի առողջության համար: Գրիպով հիվանդ կամ ջերմություն ունեցող ուսուցիչները եւ աշակերտները չպետք է հաճախեն ուսումնական հաստատություն: Բաց թողնված դասերի լրացման ուղղությամբ կաշխատեն մեթոդական միավորման պատասխանատուները, առցանց հավելվածների միջոցով ուսուցիչներն աշակերտներին կկարողանան ստուգել եւ տեղեկանալ հանձնարարությունների կատարման ընթացքի մասին: Ըստ անհրաժեշտության՝ կրթական ծրագիրը կխտացնենք եւ համապատասխան այլ քայլեր կձեռնարկենք»:
Արցախում գործող օպերատիվ շտաբի խորհրդակցությանը, որը վարել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, որոշում է կայացվել, որ նախադպրոցական, արտադպրոցական, հանրակրթական միջին մասնագիտական (արհեստագործական) եւ բարձրագույն ուսումնական հաստատությունները կդադարեցնեն աշխատանքները մեկ շաբաթով՝ սկսած մարտի 14-ից: