Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այն բանից հետո, երբ տեղեկություններ ի հայտ եկան, որ Թուրքիան կտրուկ պակասեցրել է ռուսաստանյան գազի գնումը և 13 տարվա ընթացքում առաջին անգամ դուրս եկել առաջատար գնորդների եռյակից, բազմաթիվ փորձագետներ փորձեցին պարզել թուրքական այդ շեշտակի շրջադարձի պատճառները, որն, ի դեպ, զարմանալիորեն համարյա համընկավ «Թուրքական հոսք» գազատարի շահագործման հանձնելու հետ: 2007 թվականից թուրքական շուկան «Գազպրոմ»-ի երկրորդ գնորդն էր՝ Գերմանիայից հետո: Սակայն անցյալ տարի առաջ դուրս եկավ ոչ միայն Իտալիան, այլև Ավստրիան, որի տնտեսությունը երկու անգամ փոքր է թուրքականից. ըստ yerkir.am-ի՝ Regnum-ում տպագրած իր հոդվածում գրում է քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:
Ըստ նրա՝ փորձագետների նշած պատճառներն են՝ թուրքական տնտեսության ճգնաժամային վիճակը, որը հանգեցնում է գազի սպառման նվազման, սուբսիդիաների բացակություն գազը էլեկտրաէներգետիկայում կիրառելու համար, գնային տարաձայնությունները:
«Կան հարցեր, կան հիմնախնդիրներ: Մեր թուրք բարեկամները պնդում են մի բանաձև՝ առևտրային նկատառումներով, «Գազապրոմ»-ն առաջարկում է այլ որոշում»,- այսպես է մեկնաբանել իրավիճակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Անշուշտ, կան նաև քաղաքական ու աշխարհաքաղաքական հիմնախնդիրներ:
Տարասովը ներկայացնում է թուրքական «գազային լանդշաֆտի» ներկայիս տեսքը՝ 29 տոկոսով ավելացրել է գազի գնումը Ադրբեջանից, գազ է ստանում Ալժիրից, Նիգերիային և Քաթարից, հեղուկացված գազի հազվադեպ մատակարարումներ են լինում Հասարակածային Գվինեայից, Եգիպտոսից, Տրինիդադ և Տոբագոյից, Նորվեգիայից և նույնիսկ Ֆրանսիայից: Քաղաքական դիրքերից իրավիճակը գնահատելիս Թուրքիայի գործողությունները ներառվում են Եվրամիության՝ էներգառեսուրսների մատակարարումների դիվերսիֆիկացման թրենդում, որի նպատակը Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը թուլացնելն է:
Քաղաքագետը նշում է, որ կան նաև այլ հանգամանքներ: Առաջին՝ Անկարան սկսել է պայքարը Արևելյան Միջերկրականի էներգառեսուրսների համար, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Թուրքմենստան, որտեղ, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, քննարկել է «Հարավային գազային միջանցքին» (շրջանցում է Ռուսաստանը՝ դուրս գալով Թուրքիա) Աշխաբադի միացման հարցը:
Երկրորդ՝ վերջերս Իդլիբում տեղի ունեցած ճգնաժամը ցույց տվեց, որ Թուրքիան որոշակի հանգամանքներում ու պայմաններում կարող է Ռուսաստանի հետ «գազային հարաբերությունների» փոխակերպման փորձ անել որոշակի աշխարհաքաղաքական նպատակներով: Անկարան հասկանում է, որ «Թուրքական հոսքը» ներկայիս տարբերակով գոյություն ունի այն պատճառով, որ Մոսկվան չէր ցանկանում տարանցման հարցով կախվածություն ունենալ Ուկրաինայից: «Թուրքական հոսքը» եկավ փոխարինելու «Հարավային հոսք»-ին, որը ենթադրվում էր կառուցել ոչ թե մինչև Թուրքիա, այլ բուլղարական Վառնա նավահանգիստ:
«Դառնալով ռուսական գազի սպառող ու պոտենցիալ տեղափոխող՝ Թուրքիան իրեն պահում է այնպես, կարծես մեծ աշխարհաքաղաքական լավություն է արել Ռուսաստանին, որը պետք է դրա դիմաց վճարի: Նախկինում նման բան չկար: Եվ հարց է ծագում՝ ո՞վ է ավելի լավ, Ուկրաինա՞ն, թե՞ անկանխատեսելի դարձող Թուրքիան: Որոշ փորձագետների գնահատականով՝ հենց Անկարայի անկայուն դիրքորոշումը դեր խաղաց ռուսական գազը Ուկրաինայով Եվրոպա տեղափոխելու հարցով բանակցություններում: Այդ պատճառով ևս մի հարց է ծագում «Թուրքական հոսք»-ի հեռանկարների վերաբերյալ, որի լիակատար իրագործումը սկսում է բախվել շարունակական քաղաքական հակագործողությունների, այդ թվում՝ օվկիանոսի այն կողմից՝ «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ ակցիաներից հետո»,- գրում է Տարասովը:
Նա համարում է, որ ԱՄՆ-ը հասել է իր առաջին հաղթանակին՝ Մոսկվային թույլ չտվեցին Կիևին թողնել առանց եկամուտի, որը ստացվում է ռուսական գազի տարանցումից: Ռուսաստանը ստիպված եղավ Ուկրաինայի հետ նոր երկարաժամկետ պայմանագիր ստորագրել, երաշխավորել 5 տարվա ծավալներ և լավ պարգև ծառայությունների դիմաց, բացի դրանից էլ՝ ուկրաինական կողմին մոտ 3 մլրդ դոլար վճարել հին պարտքերի դիմաց:
Երկրորդ հաղթանակը, ըստ քաղաքագետի, կռում են Էրդողանն ու Ալիևը, որոնք լուծում են թուրքմենական գազը Կասպից ծովի հատակով Թուրքիա հասցնելու հարցը: Վերջերս Կարնեգիի հիմնադրամի վաշինգտոնյան գրասենյակում անցկացված «Բալկանյան էներգետիկ մարտադաշտեր. գազային խողովակաշարները և աշխարհաքաղաքականությունը» համաժողովում քննարկվել է հարց՝ ինչպես փակել «Թուրքական հոսքը»: ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայության հատուկ զեկույցում նշվում է այդ ուղղությամբ Էրդողանի գործողությունների հաջողությունը, որը «փորձեր է անում Ռուսաստանից ԱՄՆ-ի կողմն անցնելու», իսկ Ադրբեջանը ամերիկացիների համար «ավելի հրապուրիչ մատարակար է, քան «Գազպրոմը»»: Ամերիկացի փորձագետները «Թուրքական հոսք»-ի հնարավոր արգելափակումը կապում են նաև իդլիբյան ճգնաժամի հետ, այսինքն՝ Մոսկվային հնարավոր է կանգնեցնեն ընտրության առջև՝ կա՛մ «Թուրքական հոսքը», կա՛մ Իդլիբը:
«Թե ինչպե՞ս կզարգանան «Թուրքական հոսք»-ի հետ կապված իրադարձությունները և Ռուսաստանի հարաբերությունները Անկարայի ու Բաքվի հետ, ածանցյալ է նոր ձևավորվող իրավիճակից: Ո՞վ այդ պատմությունից հաղթանակով դուրս կգա, ցույց կտա ժամանակը: Սակայն Մոսկվան լուրջ հաղթաթղթեր ունի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ խաղում, և դրանք փոքր-ինչ բացելու ժամանակն է»,- հոդվածը եզրափակում է Ստանիսլավ Տարասովը: