կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-12 10:41
Տարածաշրջան

Վրաստանում ՀՀ քաղաքացիներին կոչ է արվում կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տվյալներ

Վրաստանում ՀՀ քաղաքացիներին կոչ է արվում կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տվյալներ

Վրաստանում Հայաստանից դեսպանությունից հայտնում են․

«Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ հորդորում ենք #Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական տիրույթում գտնվող #ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, բնակության վայր /երկիր, մարզ, քաղաք) ստորև նշված էլ-փոստի հասցեին։

Հիշեցնում ենք, որ հյուպատոսական հաշվառման կանգնելը կամավոր և անվճար գործընթաց է, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելը, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը։

Հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի հղումը՝ https://www.mfa.am/hy/consular-registration/

ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեն [email protected],

ՀՀ դեսպանության հեռախոսահամարը՝ (+995 32) 295 17 23»։

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 12-ի ժամը 10.13-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 126.254 դեպք, որից 4.637-ը՝ մահվան, և 68.266-ը՝ առողջացման:

Հիշեցնենք՝ Եվրոպայում ավելի քան 9000 հայտաբերված վարակակիր կա, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման ավելի քան 700-ական դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոլդովայում։

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 4 դեպք կա. առաջին պացիենտը, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, 29 տարեկան է եւ ժամանել է Իրանից։ Նա իրեն լավ է զգում եւ ոչ մի գանգատ չունի։ Կրկնակի թեստավորումից հետո նրան կարող են դուրս գրել հիվանդանոցից։

Երկու հոգին ՀՀ քաղաքացի են (45 եւ 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում: Բոլոր երեքը գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել աշխարհում: ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել էր.

«Առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է, որ կորոնավիրուսով համակված երկրների, վարակվածների և մահացության դեպքերի թիվը կավելանա: Այն գնահատականին ենք եկել, որ COVID19 կորոնավիրուսը կարող է բնութագրվել որպես համավարակ»:

Նշենք՝ համավարակ են անվանում արտասովոր ուժեղ տարածում գտած համաճարակը, որը բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության տարածմամբ երկրի ողջ տարածքում, ինչպես նաև հարևան երկրների, երբեմն էլ՝ աշխարհի բազմաթիվ երկրների տարածքներում: