Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 8-ին շարունակվել են Դաշնակցության թեկնածուների նախընտրական հանդիպումները Նոր Շահումյանի շրջանի գյուղական համայնքերում: Մինչ օրվա կարգացուցակին անցնելը, ԱՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, Կենտրոնական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավորի թեկնածու Արթուր Մոսիյանը, Դաշնակցության պատգամավորի թեկնածու Լեռնիկ Հովհաննիսյանը՝ Նոր Շահումյանի շրջվարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանի հետ այցելել են Քարվաճառում կառուցվող «Սիդնեյ» թաղամաս, որտեղ «Արի» ծրագրով ու ավստրալահայերի տրամադրած միջոցներով, ընթացքում են 15 առանձնատների շինարարական աշխատանքերը:
Այնուհետև արձագանքելով և ընդառաջելով Նոր Մանաշիդի գյուղական համայնքի բնակիչների հրավերին, տեղում արտահերթ հանդիպում է ունեցել՝ Դաշնակցության համամասնական ընտրացուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Արթուր Մոսիյանը, ով ծանոթացել է նրանց հուզող խնդիրներին և ներկայացրել այն լուծումները, որոնք նախատեսվում են Դաշնակցության նախընտրական ծրագրով:
Դաշնակցության թեկնածուները բոլոր հանդիպումները սկսել են մարտի 8-ի տոնի առթիվ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ուղղված շնորհավորանքներով:
Օրվա կարգացուցակի համաձայն, նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը և ԱԺ պատգամավորի թեկնածու Լեռնիկ Հովհաննիսյանը օրը մեկնարկել են Նոր Ղարաչինարի համայնքից, որտեղ նախ ծաղիկներ են խոնարհել զոհված ազատամարտիկ Արամայիս /Էդիկ/ Խաչատրյանի կիսանդրու պատվանդանին, ապա հանդիպել բնակիչների հետ:
Իր խոսքում Լեռնիկ Հովհաննիսյանը նախ անդրադարձել է Արցախյան հիմնախնդրի կարգավորման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, ինչպես նաև սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործընթացում ՀՅԴ ներդրումն ու համահայկական ներուժին, ապա ներկայացրել Նախագահի թեկնածու Դ. Իշխանյանի անցած մարտական ու քաղաքական ուղին:
Դաշնակցությունը մշտապես հաշվետու է եղել իր ընտրողներին: Այս մասին նշել է Նախագահի թելնածու Դ. Իշխանյանը՝ հավելելով, որ գործունեության ընթացքում Ազգային Ժողովի իրենց պատգամավորները պարբերաբար հանդիպումներ են ունեցել ավելի քան 210 համայնքերի ընտրողների հետ: Ըստ այդմ, տեղյակ լինելով բնակչությանը մտահոգող խնդիրների էությանը, Դաշնակցությունն իր նախընտրական ծրագրի հիմնադրույթները կազմել է դասակարգված առաջնահերթություններով, իրատեսական հենքով ու հեռագնա նպատակադրումներով: Դ. Իշխանյանի խոսքով, նախընտրական ծրագրիրը Դաշնակցության ընդհանուր նպատակների, սկզբունքերի, համոզմունքերի և գործնական ծրագրերի բաղկացուցիչն է: Նախագահի թեկնածուն նշել է, որ ընտրությունները Դաշնակցության և ընտրողների համար հնարավորություն են` տարբեր բնագավառներում զարգացման նախադրյալներ կյանքի կոչելու: Մեկնաբանելով Դաշնակցության՝ «Զարգանալ՝ չզիջելով» սկզբունքին, Դ. Իշխանյանն, ընդգծեց, որ այն արտացոլում է Արցախի անվտանգության ամրապնդմանն ու պետության սոցիալ-տնտեսական բարգավաճմանը նպատակաուղղված համալիր ծրագրերի էությունը, որոնց իրագործումը կանխարգելիչ նշանակություն կունենա պատերազմի հավանականության վրա և առավել կմոտեցնի խաղաղությանն ու Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը: Արձագանքելով, կադրային քաղաքականության վերաբերյալ Նոր Ղարաչինարի ընտրողների հարցադրմանը, Դավիթ Իշխանյանը տեղեկացրեց, որ ըստ ուսումնասիրությունների արդյունքի պարզ է դարձել, որ արտասահմանում բարձրագույն կրթություն ստացող երիտասարդների մեծ մասը՝ 80-85 տոկոս, վերադառնում են Արցախ, սակայն աշխատանքով չեն ապահովվում: Այդ առումով, Դաշնակցության նախընտրական ծրագիրն առաջարկում է միջազգային չափորոշիչներով բարձրագույն կրթական համակարգ, որտեղ պետությունը՝ տրամադրելով անվճար ու որակյալ բուհական կրթության հնարավորություն, միաժամանակ կարգավորող դերակատարություն է ունենալու՝ մասնագիտական պահանջարկ- առաջարկի ձևավորման գործընթացում:
Անդրադառնալով պետական կառավարման համակարգի լավարկման տեսլականին, Դ. Իշխանյանը, նշեց , որ այդ առումով նախկինում ձեռնարկված կառուցվածքային փոփոխություններին Դաշնակցությունը դեմ է եղել, քանի որ դրանք մակերեսային էին և ըստ էության չէին նախատեսում պետական ուռճացված համակարգի խնդրի լուծումը: Այդ առումով Դաշնակցության նախընտրական ծրագիրն առավել խորքային ու համակարգային լավարկում է առաջարկում: Արդյունքում, առաջացած ֆինանսական միջոցները նպատակաուղղվելու են տնտեսական ու արտադրական հատվածի զարգացմանն ու պահանջված ու որակյալ մասնագիտական ներուժի ձևավորմանը:
Նոր Շահումյանի շրջանում, Դաշնակցության թեկնածուները հանդիպումներ են ունեցել նաև Եղեգնուտ, Քնարավան, Զուար, Նոր Էրքեջ և Չարեքտար համայնքերում:
Զուարի գյուղական համայնքում ընրողների հետ հանդիպումից հետո, Դ. Իշխանյանը, Ա. Մոսիյանը և Լ. Հովհաննիսյանն այցելել են նաև գյուղում գործող` «Մուշ» պատկերասրահ-թանգարան, որտեղ ծանոթացել են ավելի քան 200 գեղանկարների բացառիկ ցուցանմուշներին, ապա տնօրենից հետաքրքրվել` շենքային անհամապատասխան պայմանների լուծման հնարավորություններով:
Դաշնակցության թեկնածուներին ծափահարություններով ու ՀՅԴ դրոշով են դիմավորել Նոր էրքեջի բնակիչները, ովքեր ծանոթանալով կուսակցության նախընտրական ծրագրին, հետաքրքրվել են գյուղերի սոցիալ-տնտեսական զարգացմանը, բնակարանաշինությանը վերաբերող տեսլականով ու մանրամասներով:
Ջերմ ու անմիջական մթնոլորտում անցավ հանդիպումը նաև չարեքտարցի ընտրողների հետ, ովքեր մասնավորապես ողջունել են Դաշնակցության նախընտրական ծրագրի այն հիմնադրույթները, որոնք վերաբերում են դրամավարկային քաղաքականությանը, բնակավայրերի համաչափ զարգացմանը, կենսաթոշակի անցած ազատամարտիկներին զինվորական կարգավիճակ ու հավելավճարներ սահմանելուն ու երիտասարդության ինքնադրսևորման հնարավորության ընձեռմանը: