Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Յուրաքանչյուրն իր կյանքում ունենում է առնվազն մեկ ամանորյա հիշողություն, որը երբեք չի մոռացվում: Հայրենիքի սահմաններին կանգնած զինվորները նույնպես, լինելով իրենց ընտանիքներից և տան ջերմ ու տաք մթնոլորտից հեռու, իրենց զինվորական հուշերին հավելում են ևս մեկը` անմոռանալին:
Արցախյան ազատամարտի տարիներին անցկացրած Նոր տարիներից մեկը չի մոռացել Ազատամարտի առաջին իսկ օրվանից Իրանից եկած ու Հայրենիքում հաստատված` ՀՅԴ Շուշիի առանձին գումարտակի փոխհրամանատար Հարմիկ Հովսեփյանը: Ասում է` ամենատպավորիչ Նոր տարին 1990-ինն էր:
«Այդ օրը շատ խորհրդանշական էր ինձ համար, քանի որ առաջին Նոր տարին էր, որ ընտանիքից հեռու էի անցկացնում, և առաջինն էր հայրենի հողում` Արցախ աշխարհում: Դեկտեմբերի վերջերն էր, համարյա բոլոր տղերքը վերադարձել էին Հայաստան: Միայն Գետաշենում ու Մարտունաշենում Թաթուլը (Ազգային հերոս, դաշնակցական ազատամարտիկ Թաթուլ Կրպեյանը- խմբ.) և մի քանի տղերք էին մնացել` ինքնապաշտանության գործերը վերահսկելու: Իմ գործն այդ ժամանակ Գյուլիստանի (գյուղ ԼՂՀ Շահումյանի շրջանում-խմբ.) ջոկատի կազմում, այսպես կոչված, «տրիվոգաները» վերահսկելն էր կամ էլ Շահեն Մեղրյանի հետ նորաստեղծ ջոկատներին հանդիպելը, նաև` կազմակերպական խնդիրներ լինելու դեպքում` դրանք լուծելը:
Դեկտեմբերի 31-ին ձյուն էր դրել Շահումյանի շրջանում, և լուսնյակ գիշեր էր: Երբ պատուհանից դուրս էիր նայում, բարձունքները, բնությունը նշմարելի էին: Դիմացի բլուրները շատ գրավիչ գեղեցկություն ունեին: Հենց այն բլուրները, որտեղ հիմա մեր հայկական բանակն իր մարտական հերթապահություններն է անցկացնում… Նոր տարվա գիշերվա ամենակարևոր մասն այն էր, որ թոռնիկները փորձում էին համոզել Շահեն Մեղրյանի հորը` Զինավոր դայուն, որ իր ատրճանակը տա, ու իրենք էլ 12:00-ին օդ կրակեն: Երբ մոտեցան Զինավոր դայուն, ասաց. «Է՜, տղե´րք ջան, բալե´ք ջան, պիստալետը դրել եմ պահեստի առաստաղի այսինչ տեղը, չեք կարողանա գտնել»: Թոռնիկներն էլ` շատ ճարպիկ, արագաշարժ, ասացին` կգտնենք: Գնացին ու տան հարակից շինության առաստաղի տակ սկսեցին փնտրել ատրճանակը: Երկար ժամեր փնտրելու հետո չկարողացան գտնել, փոխարենը մեկ տուփ փամփուշտ էին ճարել… Եկան, Զինավոր դայուն ասացին` գտել ենք: Նա էլ խառնվեց իրար. «Ի՞նչ եք գտել»: Իմանալով, որ փամփուշտ են գտել, նորից պառկեց: Ինչ արեցին, Զինավոր դային չասաց ատրճանակի տեղը:
Հետո թոռնիկներից մեկը` Զինավոր դայու սիրելիներից մեկը, ասաց. «Էդ գործը թողեք ինձ վրա»: Գնաց և հինգ րոպե հետո ատրճանակով եկավ: Դու մի ասա` Զինավոր դային ատրճանակն իր բարձի տակ է դրել և երեխաներին ուղարկել ուրիշ գործի հետևից: Եթե չեմ սխալվում` «Նագան» ատրճանակ էր, և երբ 12:00-ն էր, երեխաները սկսեցին պատուհանից օդ կրակել»,- ծիծաղով պատմեց ազատամարտիկը:
Նա հիշեց, որ այդ ժամանակ իրենց է միացել նաև Պողոս Մեղրյանը և իր «ներդրումն» ունեցել երեխաներին երջանկացնելու գործում:
«Նա էլ իր «Մակարով» տեսակի ատրճանակը տվեց, որպեսզի տղերքը մի քանի հատ էլ դրանով կրակեն օդ: Մեկ էլ տեսանք` Զինավոր դային, խառնված իրար, գիշերանոցով, բայց ամենակարևորը` փափախը գլխին, եկավ ու. «Ա՜յ, էդ ի՞նչ եք անում, ստրելբիշչա (հրաձգարան-խմբ.) եք բացել, ինչ եք արել…»: Դու մի ասա` հաշվում էր փամփուշտները»,-հիշեց Հովսեփյանը:
Նրա խոսքով` դա իր` Արցախում անցկացրած առաջին Նոր տարվա գիշերն է եղել, որը, թեկուզ ընտանիքից հեռու, այնուամենայնիվ, անցկացրել է ընտանեկան մթնոլորտում:
«Բայց ամենակարևորն այն է, որ երբ տղերքի հետ խոսում ենք, միշտ կարծես ինչ-որ կիսատ բան ենք թողել Շահումյանի շրջանում: Միշտ երազում են, որ գնան և այդ կորցրածը վերականգնեն, վերադարձնեն: Ես վստահ եմ` օրերից մի օր վերադառնալու ենք Շահումյան, վերականգնելու ենք մեր, այսպես կոչված, կորցրածը, և վստահ եմ` Մեղրյանների վերականգնված օջախում դիմավորելու ենք Նոր տարին»,- ասաց Հարմիկ Հովսեփյանը:
ՀՅԴ Շուշիի առանձին գումարտակի փոխհրամանատարի մաղթանքը մեկն է` թող խաղաղության տարի լինի, և բոլոր զինվորներն անվնաս վերադառնան իրենց ընտանեկան օջախները:
Այսր Արցախի հերոս Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է, նա կդառնար 67 տարեկան:
Զրուցեց Արազ Գայմագամյանը