կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-04 17:16
Քաղաքական

Վարչապետի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան. պարզաբանում

Վարչապետի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան. պարզաբանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը. հայտնում է Yerkir.am-ը:

«Վերջինս վատառողջ է եղել, անցել է որոշակի հետազոտութուններ և այժմ իրեն լավ է զգում»,- գրել է Նիկողոսյանը:

Հիշեցնենք` ավելի վաղ վրացական կայքերը, «Թայմեր» գործակալությանը հղումով, գրել էին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածով:

Նշվում էր, որ ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկի մոտ եղել է բարձր ջերմություն և կորոնավիրուսով վարակման ախտանշաններ: Հավելվում էր, որ նրան անմիջապես ուղարկել են Երևանի ինֆեկցիոն հիվանդանոց:

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը պաշտոնական այցի շրջանակներում գտնվում էր Վրաստանի Հանրապետությունում: Այն վարչապետի՝ թվով 2-րդ պաշտոնական այցն էր հարևան երկիր:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 1 դեպք կա: Տղամարդը Երևան էր ժամանել Թեհրանից: Այս պահին նա և օդանավում եղած մնացյալ 30 անձինք գտնվում են կարանտինում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում: Նրանք իրենց լավ են զգում:

Վրաստանում մարտի 4-ի ժամը 17.03-ի տվյալներով՝ 3 կորոնավիրուսակիր կա: