Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երաժշտական դպրոց երեխաները հաճախ գնում են ծնողների ցանկությամբ ու պարտադրանքով: Դուդուկահար Սևադա Իրիցյանի դեպքում էլ է համարյա այդպես եղել: Ծնունդով Ջավախքի Կորխ և Օրջա գյուղերից սերող ծնողների՝ Չարենցավանում կազմված ընտանիքում փոքրիկ Սևադան 7 տարեկանից 7 տարի ջութակ է նվագել, ու որպեսզի ջութակից գլուխն ազատի, անցել է փողային գործիքներին՝ շվիի, դուդուկի: Բայց պատանին կարճ ժամանակում սիրել է այս նվագարաններն ու հաջողությունների հասել` մրցույթներ, փառատոներ, դափնիներ: Իհարկե, հիմա զղջում է, որ ջութակը թողել է: Եթե տարիները հետ գային, դուդուկին հավասար ջութակն էլ կսիրեր ու կնվագեր: Yerkir.am-ի մշակութային հերթական անդրադարձը երաժիշտ Սևադա Իրիցյանի գործունեության մասին է:
Ժողովրդական մեղեդիները վերապրեցնելով
Շվիի հետ տքնաջան աշխատել է. այն իր համար անցողիկ գործիք կամ դուդուկին հասնելու կամուրջ չի եղել: Հետո կոնսերվատորիա, ասպիրանտուրա ու բեմեր... Ազգային նվագարանները պրոֆեսիոնալ ու մաքրամաքուր մատուցելը Սևադա Իրիցյանի գլխավոր նպատակն է: Խառը ժամանակներ ենք ապրում, ցածրաճաշակ երաժշտությունը հեշտ է տարածվում:
«Ճակատագրի բերումով իմ գործունեությունը կապվեց պարային խմբերի հետ: 2004 թվականից Պարի պետական անսամբլի հետ եմ աշխատում, 2007-ից համագործակցում եմ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հետ: Հատկապես «Կարինում» իմ աշխատանքը մեծապես կապված է «պեղածո, գտածո» նմուշների հետ, որոնք որպես ժողովրդական երաժշտարվեստ՝ ներկայացնում ենք հանրությանը: Եթե հաշվենք միայն ձայնագրությունները, տասնյակներով, հարյուրն անց նոր, չկատարված գործեր ենք ներկայացրել, որոնք պատահաբար են մեր ձեռքն ընկել, նաև Սփյուռքի մեր հայրենակիցներն են փոխանցել: Շնորհիվ ազգային մշակույթի նվիրյալների, նաև իմ լավ ընկերոջ ու բարեկամի՝Գագիկ Գինոսյանի, ազգագրական նմուշները նոր կյանք են ստացել»,-ասաց Սևադան:
Դուդուկ, շվի, զուռնա նվագողներ շատ կան, բայց պարացնողները քիչ են
Վարպետ նվագողների պակաս, փառք Աստծո, չունենք, բայց ուրիշ են պարեղանակ նվագող երաժիշտները: Նրանց նվագը պետք է տրամադրող, ոգևորող, այսպես ասած՝ պարացնող լինի, որ մարդն անկախ իրենից թևերը վեր հանի, հոգին ծառս լինի, ու ինքնաբուխ պարի: Սևադա Իրիցյանի «պարացնելու» վարպետության մասին ավելի լավ, քան «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը, ոչ ոք չի ասի:
«Այն ազնվականությունը, որ Սևադայի նվագի, մեղեդու, պարեղանակի մեջ կա, վստահաբար, Հայաստանում շատ քիչ կհանդիպենք։ Սևադան շատ համեստ է, չի սիրում իր մասին խոսել, բայց ամենապերճախոսն իր նվագն է, որը պարացնում է բոլորին. նրա նվագն ուղղակի գերում է։ Հայաստանում դուդուկի, զուռնայի, բլուլի շատ վարպետ նվագածուներ կան, բայց վստահաբար Սևադան պարեղանակ նվագող լավագույն վարպետն է։ Մենք պիտի ամեն ինչ անենք, որ Սևադա Իրիցյանը պարեղանակ նվագող զուռնաչու դպրոց ստեղծի». Գագիկ Գինոսյանի կարծիքն է Սևադա Իրիցյանի մասին։
Ճիշտ հակառակը՝ առաջարկն է ձևավորում պահանջարկ
Ահռելի աշխատանք է տարվելու հիմա էլ շարունակվում է, որպեսզի մեր ազգագրական ժառանգությունը ճանաչվի, ներկայացվի: «Այլ հարց է՝որքանո՞վ է այդ աշխանանքը երևում՝ առօրյայում կիրառելու, ժողովրդի մեջ տարածելու իմաստով: Մենք ամեն ինչ անում ենք, որ այդ արժեքները հասնեն ժողովրդին, կիրառվեն: Ամենահեշտ պատճառաբանությունը հետևյալն է՝ ժողովուրդն ինչ պահանջում է, այն էլ մատուցում ենք: Ես համաձայն չեմ. Մենք մեր աշխատանքով ցույց ենք տալիս, որ մեր ազգային պարերը կարող են ներմուծվել մարդկանց կենցաղ, դառնալ նրանց առօրյայի մի մասը. ազգային մշակույթը կարող է պահանջարկ ունենալ: Ոչ միայն բեմերից, այլև առօրյայում էլ կարելի է Կոմիտաս, ժողովրդական մեղեդիներ լսել», - վստահ է Սևադա Իրիցյանը:
Նոր սերունդը նրան ոգևորում է, որովհետև ազգային երգ-երաժշտության նվիրյալներն առողջ սերմեր են գցել: Երիտասարդները մեծ պատասխանատվությամբ ու պատվախնդրությամբ են վերաբերվում դուդուկին, առհասարակ ազգային նվագարաններին, նախընտրում են ակադեմիական, մաքրամաքուր նվագը: «Դուդուկին լավ ապագա է սպասվում »,- կարծում է Սևադան:
Դուդուկը պիտի աշխարհեաշխարհ անցնի
Սևադան խանդով չի վերաբերվում, որ դուդուկն աշխարհով մեկ տարածվել է: Այդ միտումը վաղուց պետք է սկսված լիներ՝ ասում է: Հայկական ծագում ունի դուդուկը, բայց համամարդկային արժեք է: Աշխարհը դուդուկն ընդունում է որպես հայկական նվագարան: ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայկական դուդուկի երաժշտությունը ճանաչել է ոչ նյութական մշակութային գլուխգործոց: «Դուդուկը վերջին ժամանակներում ահռելի ճանապարհ է անցել, նվագելու տեխնիկան ավելի ու ավելի է զարգանում, դուդուկը կատարելագործվում ու ավելի հաճախ է համադրվում այլ գործիքների հետ: Նրա հետ դասական նվագարաններ էլ են հնչում, ու հրաշալի արդյունք է ստացվում: Դուդուկի համար դասական կոնցերտ կա»,- իր պատրաստած դուդուկներին հայացք գցելով՝ ասում է Սևադան:
Դուդուկ ինքն էլ է պատրաստում
Դուդուկ պատրաստող վարպետներից ամենևին էլ դժգոհ չէ, ուղղակի մի օր որոշեց, որ ինքն էլ պիտի դուդուկ պատրաստի, գործիքին իր մատները պիտի ծնունդ տան:
«Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում եմ դասավանդում: Ու դասավանդելու ժամանակ էլ սեփական ձեռքերով դուդուկ պատրաստելու միտքը հղացավ: Ընթացքում չստացված գործիքներ էլ են եղել, իսկ հաջողվածները շուրջ 100-ն են: Լավագույն աշակերտներիս իմ պատրաստած դուդուկն եմ նվիրում»,- պատմեց Սևադան:
Ծնողների պարտադրանքով դուդուկի դասերին եկող աշակերտներ էլ են լինում. 6-7 տարեկան երեխայի ձեռքից բռնած՝ ծնողը գալիս է երաժշտական դպրոց: Իսկ երեխան դուդուկ չի էլ տեսել: Այստեղ է, որ ուսուցիչն անելիք ունի, նա պիտի գործիքը սիրել տա: «Մինչև երեխայի ու նվագարանի միջև սեր չլինի, համատեղ աշխատանքը չի ստացվի»,-կարծում է դուդուկահար-մանկավարժը:
Պարեղանակներում անփոխարինելի զուռնան
Զուռնայի ձայնը շատ բարձր է, դուդուկի հետ համեմատած՝զուռնայի երկրպագուներն այնքան էլ շատ չեն: Բայց մեծ կապ ունի, թե ով է զուռնա նվագում և ինչպես: Եթե դուդուկ ու շվի կարելի է ուղղակի լսել առօրյայում, ապա զուռնան ավելի շատ պարի կանչող նվագարան է, զուռնայով ավելի շատ պարեղանակներ են նվագում:
«Մարդիկ ենթագիտակցաբար զուռնան նույնացնում են արևելյան, մահմեդական աշխարհի հետ: Արևելյան մոտիվները հաճախ են զուռնայով հնչում, ու սխալ պատկերացում, ընկալում է ձևավորվում այս գործիքի նկատմամբ: Բայց զուռնան կարելի է հայերեն նվագել՝ մաքուր, ազգային, զուլալ, ականջահաճո: Դուդուկով պարեղանակ նվագելը շատ դժվար է, իսկ զուռնան թմբուկի հետ անփոխարինելի է»,-մասնագիտական նրբությունները բացատրում է երաժիշտը:
«Կոմիտասը չէր սիրում զուռնա, որովհետև շատ պարերգերի բառերը ժամանակի ընթացքում վերացել էին զուռնայի ներգործության պատճառով։ Կոմիտասն ափսոսում էր, որ զուռնայի ներդրվելով՝ շատ պարերգեր իրենց տեքստերը կորցրել էին։ Սակայն ես վստահ կարող եմ ասել, որ Կոմիտասը զուռնան չէր սիրում նաև, որովհետև շատ դեպքերում անտաղանդ, անճաշակ զուռնա նվագողների էր տեսել։ Եթե նա լսեր Սևադա Իրիցյանին, կսիրեր զուռնան»,-ասում է Գագիկ Գինոսյանը։
Ծորուն մահմեդական երաժշտությունը, որն ուղեկցվում է հայերեն տեքստերով, ազգայինից դժվար են տարբերում նրանք, ովքեր իրենց ակունքները չգիտեն, իրական ազգայինը չեն լսել: Իր սաների հետ հաճախ է զրուցում դուդուկի, շվիի, զուռնայի մասին, բացի ծրագրային դասերից, շատ կարևոր է, որ նրանք իմանան ազգային նվագարանների ծագումն ու պատմությունը: Կարևոր է, որ նրանք ճանաչեն այդ գործիքները, սիրեն, հետո միայն նվագեն:
«Ես նրանց համար շատ եմ նվագում, միասին տարբեր ձայնագրություններ ենք լսում, որպեսզի նրանք էլ որակյալն անորակից տարբերեն: Նույն մատներով ու նույն լավ տեխնիկայով կարելի է նվագել ոչ հայկական, աղավաղված երաժշտություն: Իսկ երեխային պետք է առաջին հերթին հեռու պահել այդ աղավաղված երաժշտությունից»,- ասում է Սևադա Իրիցյանը:
Որպեսզի նվագն արվեստ դառնա, ինտելեկտ, հոգևոր ներաշխարհ, գրագիտություն, նաև սեփական արմատները ճանաչել է պետք:
Նաիր Յան
Մանրամասները՝ տեսանյութում.