կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-24 19:22
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք Ադրբեջանի շահերը նկատի առնելու պարտավորության չունենք․ Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ Արցախի հարցում Փաշինյանի հետ տարաձայությունների մասին

Արցախի հարցում ՀՅԴ դիրքորոշումն այն է, որ ինչ լուծում էլ լինի՝ որևէ տեսակի հիմնական զիջումներ չպետք է լինեն՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին։

Փաշինյանի կառավարության հետ այս հարթակում տարաձայնությունների մասին հարցին պատասխանելով՝ նա ասաց․ «Մեզ հետաքրքրողը Հայաստանի և Արցախի ժողովրդի որոշումն է, մենք պայման չենք տեսնում, որ Ադրբեջանի համար էլ լուծումն ընդունելի լինի։ Եթե կարող ենք մեր ժողովրդի համար ընդունելի տարբերակի հասնել, մեզ ավելի քան կգոհացնի, մենք Ադրբեջանի շահերը նկատի առնելու պարտավորության տակ չենք»։

ՀՅԴ կեցվածքն, ըստ նրա, բավական արմատական է, բայց իրենք նաև գիտակցում են, որ պետությանը պետք է բանակցային սեղանի շուրջ տարբեր այլընտրանքային տարբերակների մասին բանակցի։

«Սա չի նշանակում, որ այդ այլընտրանքներն ընդունելի են, բայց նշանակում է, որ այդ բանակցությունները պետք է ընթանան Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և այդտեղ է, որ մենք աջակցում ենք»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Բեկումնային փոփոխություններ բանակցություններում չի նկատում, ըստ նրա, կա շարունակական գործընթաց։

Իրենց այս և այլ մոտեցումներ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի պատվիրակությունները 2 տարին մեկ քննարկում են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչների հետ։ Երեկ ևս մեկ այդպիսի հանդիպում եղավ։

Ամենաառաջնահերթ հարցը, որ քննարկել են 2020 թ-ին Սևրի դաշնագրի 100-ամյակի միջոցառումների կազմակերպումն է։

«Սևրը հայ ժողովրդի համար կարևոր պարտամուրհակ է և այդ նշումը պետք է կատարվի 3 կենտրոնում՝ Վաշինգտոն, Սևր՝ Ֆրանսիա և Հայաստան։ Խոսել ենք Սևրի՝ Ֆրանսիայի մեջ մեր կատարելիք աշխատանքների մանրամասների մասին, Վաշինգտոնում մեր ձեռնարկումների մասին և այլ տեղեկություններ փոխանցեցինք։ Բնականաբար, սրանք գործեր են, որոնք ավելի հեշտորեն մենք ենք կարողանում անել, պետությունը զգուշավորություն է ցուցաբերում, որովհետև հողային պահանջատիրության հարց կա այնտեղ»,-ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ աշխարհի 20 երկրի ՀՅԴ հանձնախմբերից և գրասենյակներից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչներ Երևանում և Ստեփանակերտում փետրվարի 24-25-ին մասնակցում են Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․