կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-24 09:02
Սփյուռք

«Հասարակական իշաճանճի» յաղթանակին սպասելիս

«Հասարակական իշաճանճի» յաղթանակին սպասելիս

Alikonline կայքի խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ Արամ Շահնազարյանը հոդված է հրապարակել՝ անդրադառնալով ամերիկացի քաղաքական գործիչ, դեմոկրատ Բերնի Սանդերսի՝ Նևադայում ընտրություններին տարած հաղթանակին:

Yerkir.am-ը ներկայանում է հոդվածն ամբողջությամբ.

«Բերնի Սանդերսը յաղթեց Նեւադա նահանգի փրայմերիզում: Դեմոկրատական կուսակցութեան ներկուսակցական մրցավազքում ձախակողմեան սենատորի յաղթանակներն աւելի են ամրապնդում նրա կողմնակիցների յոյսերն առ այն, որ առաջիկայ նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրութիւններին հէնց «խելագար Սանդերսը» կը ներկայացնի Դեմոկրատական կուսակցութեանը:

Վերջնական յաղթանակի համար, Սանդերսին անհրաժեշտ կը լինի յաղթել նաեւ Super Tuesday Primaries-ում (մարտի 3-ին ԱՄՆ 14 նահանգներում կայանալիք փրայմերիզներ):

Եթէ Սանդերսին յաջողւի յաղթանակ տանել Super Tuesday Primaries-ում կայանալիքն ընտրութիւնների մեծ մասում, ապա նրա մրցակիցների համար գործնականում անհնար կը դառնայ առաջ անցնել յամառ մրցակցից: Պատմականօրէն Super Tuesday Primaries-ում յաղթող թեկնածուն է ներկայացնում Դեմոկրատական կուսակցութիւնն ԱՄՆ նախագահական ընտրութիւններում:

Բերնի Սանդերսի հնարաւոր յաղթանակի հեռանկարն ինչքան, որ ոգեւորում է ամերիկացի մտաւորականութեանը, ուսանողներին եւ երիտասարդութեանը, նոյն այդքան էլ մտահոգում է ԱՄՆ քաղաքական էլիտային, այդ թւում՝ Դեմոկրատական կուսակցութեան վերնախաւին:

Արդէն լուրեր են շրջանառւում այն մասին, որ Super Tuesday Primaries-ի նախօրէին յայտնի միլիարդատէր, Նիւ Եօրքի նախկին քաղաքապետ Մայքըլ Բլումբերգի նախընտրական շտաբը դիմել է Դեմկորատական կուսակցութեան միւս թեկնածուներին, եւ նրանց կոչ է արել ինքնաբացարկ յայտարարել յօգուտ Բլումբերգի: Այլապէս, ըստ նրանց, բազմաթեկնածու ընտրութիւններում միանշանակ յաղթելու է Սանդերսը:

Սանդերսի յաղթանակն անկասկած նոր մարտահրաւէր է լինելու ԱՄՆ կուսակցական համակարգի համար: Յիշեցնենք, որ երկրի նախորդ նախագահական ընտրութիւններում, հանրապաետականների փրայմերիզներում Դոնալդ Թրամփը յաղթեց այն դէպքում, երբ կուսակցութեան ղեկավարութիւնը դէմ էր նրա թեկնածութեանը:

Այսօր նոյնը կարող է պատահել նաեւ Սանդերսի դէպքում, որը Վերմոնտ նահանգից սենատոր է ընտրւել որպէս անկախ թեկնածու, եւ Դեմոկրատական կուսակցութեան մասին խօսելիս, գրեթէ մշտապէս աչքի է ընկել իր քննադատական հայեացքներով:

Սա, իհարկէ, կարելի է երկրորդական նշանակութեան խնդիր համարել Սանդերսի քաղաքական-գաղափարական հայեացքների ֆոնին: Ամերիկեան քաղաքական համակարգի համար իրական մարտահրաւէրը պէտք է փնտրել հէնց այստեղ:

1971 թւականին մեծ քաղաքականութիւն մուտք գործած Սանդերսն աչքի է ընկնում իր ընդգծւած ձախ՝ ընկերվարական հայեացքներով:

1990 թւականից ի վեր, երբ առաջին անգամ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է մուտք գործել որպէս անկախ պատգամաւոր (Սենատոր է ընտրւել 2007 թւականին), Սանդերսը մշտապէս թէ՛ հանրապետականներին, թէ՛ դեմոկրատների մեղադրել է միլիարդատէրներից եւ մեծ ընկերութիւններից ֆինանսական աջակցութիւն ստանալու մէջ:

ԱՄՆ ֆինանսական ուժի կենտրոններին մարտահրաւէր նետելու յամառութեան արդիւնքում Սանդերսն ամերիկեան ԶԼՄ-ների կողմից արժանացել է «Հասարակական իշաճանճ» տիտղոսին: Ոչ ոք չի մոռացել, որ 2010 թւականին նա 8.5 ժամ անընդհատ ելոյթ ունեցաւ Սենատի ամբիոնից, որպէսզի հնարաւորութիւն ունենայ կանխելու Ջորջ Բուշի հարկային քաղաքականութեան վերաբերեալ օրէնսդրական նախաձեռնութիւնը, որն ըստ նրա՝ հարուստների օգտին էր, եւ մեծացնելու էր ամերիկեան հասարակութեան մօտ առկայ հասրակական խզւածութիւնը:

Սանդերսը համարւում է Սկանդինաւեան երկրների սոցիալական քաղաքականութեան, այդ թւում՝ հանրային առողջապահական ապահովագրութեան, կանանց համար վճարովի ֆիզարձակուրդի, եւ անվճար բարձարգոյն կրթութեան կողմնակիցը:

Արտաքին քաղաքականութեան ոլորտում Սանդերսնը տարբեր երկրներում ԱՄՆ միջամտողական քաղաքականութեան ընդդիմախօսն է: Նա մշտապէս հանդէս է եկել Սպիտակ տան մերձաւորարեւելեան քաղաքականութեան  քննադատի դիրքերից:

Սկզբունքային մօտեցումների, եւ մտաւորականի իր որակների համար Սանդերսն համարւում է ամերիկեան առաջադէմ մտաւորականութեան սիրելին, եւ նրանց գաղափարների եւ տեսակէտների հիմնական կրողն ամերիկեան քաղաքական դաշտում:

Կասկածից վեր է, որ Դեմոկրատական կուսակցութեան կողմից նախագահի թեկնածու առաջադրւելու դէպքում Բերնի Սանդերսը միանշանակ շահելու է ամերիկեան մտաւորականութեան քւէները: Նոյնը, սակայն, չի կարելի ասել ամերիկեան հասարակութեան լայն խաւերի մասին, որոնք դեռեւս Սառը պատերազմի տարիներից տառապում են ընկերվարական՝ այսպէս կոչւած «կարմի» ֆոբիայից: Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցութիւններում նրա մրցակիցները թիրախաւորում են հէնց այս հանգամանքը, փորձելով Սանդերսին ներկայացնել որպէս «կարմիրների» սիրելի թեկնածուն, որն ընտրւելու դէպքում խեղելու է հասարակութեան լայն խաւերի ինքնութեան անքակտելի մասը դարձած, «Ամերիկեան երազանք» կոչւած կապիտալիստական սկզբունքը, որի վրայ է կառուցւել ամերիկեան հասարակական համակարգը:

Եւ հէնց այս հանգամանքն էլ տրամաբանական հարց է առաջացնում. կը կարողանա՞յ արդեօք Սանդրեսը յաղթել Թրամփին առաջիկայ նախագահական ընտրութիւններում, եթէ, իհարկէ, դառնայ Դեմոկրատական կուսակցութեան նախագահի թեկնածուն:

Չմոռանանք, որ 2020 թւականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրութիւններում Թրամփին ցանկացած գնով յաղթելը համարւում է Դեմոկրտական կուսակցութեան գերնպատակը, իսկ Սանդերսն իր տեսակով եւ որակներով այն քաղաքական գործիչը չէ, ով կը հրաժարւի իր սկզբունքներից եւ կընդունի «Նպատակն արդարացնում է միջոցը» մակիաւելիստական սկզբունքը»: