Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կամք» հասարակական նախաձեռնությունը բոյկոտում է ապրիլի 5-ի հանրաքվեն և վարչապետ Փաշինյանին ուղղված բաց նամակում հիմնավորում իր որոշումը, նաև՝ կոչ ուղղում նրան՝ երկխոսել ՍԴ դատավորների հետ:
Բաց նամակը ներկայացնում ենք ստորև:
ՀՀ Վարչապետ մեծարգո պարոն Փաշինյան,
օրեր առաջ Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը հայտարարել է ապրիլի 5-ի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն բոյկոտելու մտադրության մասին: Սակայն նպատակահարմար համարեցինք բոյկոտի ընտրական շտաբ ձեւավորելուց առաջ նախ հանրությանն ու իշխանություններին ներկայացնել բոյկոտի հիմնավորումները:
Սույն թվականի փետրվարի 17-ին հանրությանը ներկայացրինք մեր քարոզչական շտաբի առաջին հայտարարությունը, որը ներկայացնում էր հանրաքվեի իրավական, բարոյական եւ գործնական առումներով անընդունելի լինելու փաստերը: Այնուհետեւ ձեւավորվեց «Ոչ»-ի շտաբը, որի, մեր կարծիքով, միակ նպատակն է կանխել հանրաքվեի տապալումը:
Մենք առաջին իսկ ժամից, կոչ ուղղեցինք հանրությանը՝ ձեւավորել կոնսենսուս եւ կանխել ընթացող ու հետզհետե խորացող հասարակական պառակտումը: Երկխոսության եւ համաձայնության ճամբար ձեւավորելու փոխարեն, Ձեր կողմնակիցները նախընտրեցին ֆեյքերի միջոցով մեզ «ռմբակոծել» ամենազազրելի եւ անտանելի հայհոյանքներով՝ հուսալով, որ մենք տուրք կտանք մեր բարկությանը եւ սխալներ կգործենք: Սակայն մեր քաղաքական զսպվածությունն ու հայրենիքի նկատմամբ նվիրվածությունը, փառք Աստծո, մեզ զերծ պահեց ֆեյքերի հետևում կանգնած՝ մեզ հայտնի, Ձեզ շարունակաբար արջի ծառայություն մատուցող մի քանի վայ քաղաքագետներին պատժելու ցանկությունից:
Արդ, կոչ ենք ուղղում Ձեզ, պարոն Վարչապետ, սկսել հրապարակային երկխոսություն Սահմանադրական դատարանի անդամների հետ:
Մենք համոզված ենք, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակն ունի խաղաղ եւ օրինական լուծում. դա հրապարակային բանակցությունն է, որի գերագույն դատավորը կլինի ինքը՝ համայն հայ ժողովուրդը: Մենք օրինական այլ ճանապարհ չենք տեսնում եւ մարտի մեկից կսկսենք բոյկոտի աննկուն, համահայկական պայքար:
Մենք համոզված ենք, որ հրապարակային, բաց, ազնիվ երկխոսության չի դիմանա ոչինչ, ո՛չ մասնավոր մանր շահերը, ո՛չ ստերը, ո՛չ ստվերում գործող նախկին իշխանությունների մաս կազմող թալանչիների խորամանկ նախագծերը, ո՛չ հայհոյանքների ու ատելության աղմուկը:
Ես՝ Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության անդամների ու սատարողների հետ, եւ մեզ հետ՝ հեղափոխությանը հավատացած ազատատենչ քաղաքացիների ստվար մի զանգված, կկանգնենք Ձեր կողքին, եթե դուք գործեք ճշմարտության ճամբարում, օրինականության սահմաններում եւ հանուն ամբողջ հայ ժողովրդի շահերի:
Մենք չենք խոսում վերջնագրերով, միշտ կանգնած ենք եղել ու կմնանք մեր պետականության կողքին: Սակայն մարտի մեկից մեր բոլոր ուժերով նետվելու ենք մի պայքարի մեջ, որը համահայկական ներուժի անիմաստ սպառում է, որը այլ ոչինչ է, քան բանաստեղծի ասած խնջույք՝ «ժանտախտի ժամին», որին սակայն այլընտրանք չի թողնում ապրիլի 5-ի հանրաքվեի սխալ որոշումը:
Հարգանքներով՝
Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր՝
Վահագն Չախալյան
Երեւան «21» փետրվար, 2020թ.