կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-21 11:55
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնումներին մասնակցողի որակավորման գնահատման ռիսկը պետք է տեղափոխել բանկային համակարգի վրա․ Ատոմ Ջանջուղազյանի առաջարկները

Մեր գնումների համակարգը միտված է լինելու ՓՄՁ-ի աջակցությա՞նը, որը կխթանի ինովացիան,  թե՞ միայն արդյունավետությանը, որով մասշտաբի էֆեկտ կապահովվի․ այս և այլ հարցադրումներ պատճառ են դարձել, որ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը լսումներ հրավիրի «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով՝ հայտնում է Yerkir.am-ը։

Հնաձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը նշեց նաև ուսումնասիրության կարիք ունեցող մյուս հարցերը․ կանաչ գնումներ, մրցակցային միջավայր, բողոքարկման համակարգի կատարելագործում, հաշվետվողականություն և թափանցիկություն։

ՓՄՁ-ները քիչ են հետաքրքրված գնումներով՝ արձանագրեց նիստը վարող Արտակ Մանուկյանը և ակնկալեց հետաքրքրությունը մեծացնելու առաջարկներ։

Քննարկմանը՝ ԱԺ պատգամավորներից բացի մասնակցում են ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ, հրավիրյալ մասնագետներ։

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը արձանագրեց, որ շուրջ 20 տարի Հայաստանն ունի գնումների համակարգ և արդեն 4 օրենք է ընդունել, կուտակել որոշակի փորձ, գիտելիք, նաև հաշվի առել միջազգային պրակտիկան։

Օրենքի կարգավորումները, ըստ նրա, մեծ հարցեր չեն առաջացնում և համամարդկային են, խնդիրներ են առաջանում ենթաօրենսդրական ակտերի մակարդակում․ հենց այստեղ էլ պետք է տարբեր շահերի ճիշտ հավասարակշռության կետը գտնել։

Նա արձանագրեց, որ ամենամեծ գնորդն, իհարկե, պետությունն է, բայց ՓՄՁ-ն ևս պետք է մասնակցի և դառնա ավելի մեծ։

Ֆինանսների նախարարը ներկայացրեց իրենց գերատեսչության մշակած նախագիծը, որով մի շարք փոփոխություններ են առաջարկում։

Նախ՝ մասնակցի որակավորման գնահատման պատասխանատվությունը այժմ դրված է պատվիրատուի վրա․ նրանք համարում են, որ սա էական ռիսկեր է պարունակում։ Ջանջուղազյանն առաջարկեց այդ գնահատման ռիսկը տեղափոխել մասնագիտացված կառույցներ՝ բանկային համակարգ։ Դա կհանգեցնի գնի բարձրացման, բայց, նրա համոզմամբ,  փոփոխությունը գին-որակ տեսակետից արդարացված կլինի։

Հաջորդ փոփոխությունն այն է, որ այն դեպքերում, երբ գնման առարկան հնարավոր է բաժանել մասերի՝ որոնք վերջնարդյունքի հետ անուղղակի կապ ունեն միայն, յուրաքանչյուր մասի չափով երաշխիքի մարման հնարավորություն նախատեսվի։

Առաջարկվող մյուս փոփոխությունը մինչ այդ գործող ինքնարժեք-գին պահանջի առկայության վերացումն է։ Տրամաբանությունն, ըստ նրա, այն է, որ որոշակի ընթացակարգերի կիրառման դեպքում հնարավորություն լինի նաև ունենալ բանակցելու ինստիտուտ։ Այդ բանակցության ժամանակ որոշակի կախվածություն է առաջանում ի սկզբանե հայտարարված ինքնարժեքի հետ, պետք է հնարավորություն լինի վերանայել առաջարկված գինը։

Այս փոփոխություններին զուգահեռ՝ Ատոմ Ջանջուղազյանն առաջարկեց քննարկել իրենց կողմից արձանագրված մի շարք մտահոգություններ։

Մասնավորապես, կա տեսակետ, որ բանկերը հաճախ կանխիկ դրամական միջոցներով գրավի առարկա են ակնկալում պոտենցիալ մասնակիցներից՝ որպես ապահովման միջոց դրամական երաշխիքի։ Իրենք քննարկում են այլընտրանքային տաբերակ․ որ եթե կանխիկ դրամական միջոցը պատրաստ է տրամադրել մասնակիցը, ապա հնարավորություն ունենա առանց լրացուցիչ ծախս անելու դրա համար գանձապետարանում բացված հատուկ հաշվին փոխանցել կանխիկ միջոցները և դրա միջոցով ապահովագրել պատվիրատուի հնարավոր ռիսկը։

Մյուս մտահոգությունն այն է, որ պետական մարմինների համար նույնանման կարիքները հաճախ նույն կերպ չեն մեկնաբանվում, դրանից բխում է գնումների պլանավորումը և արդյունքում ապրանքների անհամարժեքությունը։ Բանն այն է, որ, ասենք, նույն բաժակը պետական յուրաքանչյուր մարմին նկարագրում է յուրովի և տարբեր գներ նշանակում։ Մինչդեռ Ատոմ Ջանջուղազյանը ճիշտ է համարում, որ գնման առարկան նորմավորվի միասնական տրամաբանությամբ և ներկա ռիսկերը չեզոքանան։ Այսինքն, լինի կարիքի նույնականացում, առարկայի նկարագրություն և նախահաշիվ։

Մեկ այլ խնդիր է այն, որ գնման ընթացակարգերի ժամկետները հաճախ շահարկվում են․ Ջանջուղազյանի խոսքով՝ հնարավոր է կարիք առաջանալ, որ հրատապ լուծման անհրաժեշտություն լինի, մյուս կողմից՝ պետք լինի ռազմավարական երկարաժամկետ պլանավորում․ հավասրակշռված մոտեցում է պետք։

Նա խնդիրներ է տեսնում նաև գործող բողոքարկման համակարգում․ այստեղ ևս օրենսդրական փոփոխությունների առաջարկներ ունեն։

Միջազգային ընթացակարգերը մեր ազգային ընթացակարգերի հետ համադրելու անհրաժեշտություն կա, ինչպես նաև Էլեկտրոնային գնումների համակարգի նոր ծրագրային ապահովման։  

Մանրամասն՝ տեսանյութում․