կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-06 09:15
Հասարակություն

Անապահովության գնահատման հարցում հաշվի կառնվի բանկային գործարքների մասին տեղեկատվությունը

Անապահովության գնահատման հարցում հաշվի կառնվի բանկային գործարքների մասին տեղեկատվությունը

Այսօր` կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ներկայումս գործող` ընտանիքների անապահովության գնահատման համակարգի կիրառման վերաբերյալ: Համակարգի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն, հատկապես հասցեականության և հստակության տեսանկյունից, բավարար արդյունավետ չէ, ինչը պայմանավորված է համակարգում անհրաժեշտ տեղեկատվության բացակայությամբ: Առկա իրավիճակի կանոնակարգման նպատակով անհրաժեշտ է անապահովության համակարգում ուսումնասիրել և հաշվի առնել համապատասխան մարդկանց բանկային գործարքների և գույքային իրավունքների հետ կապված ամբողջական տեղեկությունները:

«Հանձնարարում եմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, առաջարկում եմ ԿԲ նախագահին` մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված անձանց  բանկային գործարքները և կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջարկություններ»,- ասաց վարչապետը:

Նա հանձնարարեց նաև տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետերին, կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Երևանի քաղաքապետին` երկամսյա ժամկետում ամփոփել և արդիականացնել անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական շտեմարանում առկա անձանց տվյալները և ներկայացնել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` անապահովության գնահատման գործընթացում այն կիրառելու նպատակով:

«Մենք ուզում ենք անապահովների վերաբերյալ ունենալ ամբողջ տեղեկատվությունը, թե ինչ բանկային գործարքներ ունեն, ինչ գույք ունեն, որպեսզի չստացվի, որ մենք սոցիալական աջակցություն ենք ցուցաբերում անձանց, ովքեր դրա կարիքը չունեն»,- ասաց վարչապետը: