Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձավ իրեն պաշտոնանկ անելու` ընդդիմադիրների կողմից առաջարկվող նախագծին: Նա մասնավորապես նշեց. «Ազգային ժողովի նկատմամբ վերաբերմունքը չափազանց հարգալից և ինստիտուցիոնալ է, բայց իմ խոսքն ԱԺ-ում մեկնաբանվել է որպես անհարգալից վերաբերմունք»:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պահանջով քվեարկության էր դրվել ֆինանսների նախարարի պաշտոնանկության հարցը, որը մերժվեց իշխանական ուժի կողմից: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իրենց հարցապնդումներին Ջանջուղազյանի պատասխանը որակել էր որպես անհարգալից վերաբերմունք ԱԺ-ի նկատմամբ:
«Ես կուզենայի, որ հստակ և մեկընդմիշտ այս հարցը որոշակիացվի: Հարգանքը ինստիտուտի նկատմամբ չունի այլընտրանք, թե' որպես ամբողջական ԱԺ, թե' խմբակցություն, թե' որպես, առանձին վերցրած, պատգամավոր, որովհետև նրանցից յուրաքանչյուրը ինստիտուտ է: Այս ամենն այլ կերպ ընկալել, քան շահարկման փորձ, դժվար է»,- ասաց Ջանջուղազյանը:
Նախարարն այսօր Ազգային ժողովում չի մասնակցել վերոհիշյալ հարցի քննարկմանը: Անդրադառնալով այս թեմային` նա վստահեցրեց, որ ԱԺ կանոնակարգը որևէ մասնակցություն չի նախատեսում:
Նրա այս պնդմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ ԱԺ-ի և պատգամավորների հանդեպ հարգանքը չունի այլընտրանք. «Կարծում եմ` նման դեպքերի համար պետք է մշակել որոշակի վարքագծային կանոններ: Եթե դա շատ կարևոր է, մենք կարող ենք քննարկել բոլոր քվեարկությունների ժամանակ կառավարության ներկայացուցիչների ներկայության հարցը: Բայց կարող են բարդություններ առաջանալ, որովհետև տասնյակ օրենքներ ու նախագծեր են քվեարկվում»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ հավելելով, որ կարելի է այդ հարցը ԱԺ-ի հետ աշխատանքային մակարդակով լուծել և ընդհանուր հայտարարի գալ: