Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համարյա 7 տարի բանտում նստելուց հետո այսօր ազատություն է ստացել Վրաստանի նախկին վարչապետ, ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, որը համարվում էր նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի (2004-2013 թթ.) շրջապատի ամենաազդեցիկ մարդը: Հենց բանտի դարպասների մոտ նա խոստացել է «տապալել ներկայիս իշխանությունը»՝ «այլ քաղբարտարկյալների» ազատ արձակելու, երկրի արևմտամետ ուղեգծի անկասելիությունն ապահովելու, Վրաստանին «հավատը, հույսը և արժանապատվությունը վերադարձնելու» համար. ըստ yerkir.am-ի՝ գրում է «Կոմերսանտ» պարբերականը:
Վանո Մերաբիշվիլին ձերբակալվել էր 2013-ի մայիսի 21-ին: Նա 2 տարի և 3 ամիս ազատազրկման էր դատապարտվել Կախեթիում գինու գործարանի ապօրինի առգրավման համար, 3 տարի ազատազրկման՝ երիտասարդ բանկիր Սանդրո Գիրգվլիանիի՝ բարձրաստիճան ոստիկանների կողմից առևանգման ու սպանության գործով ապացույցների կեղծման համար, 4 տարի և 6 ամիս ազատազրկման՝ 2011-ի մայիսի 26-ի «ռուսամետ ցույցի» դաժան ցրման համար, որի արդյունքում զոհվել էր 4 մարդ, 5 տարի ազատազրկման՝ 2012-ի խորհրդարանական ընտրություններում ընտրողներին կաշառելու համար (այդ ժամանակ վարչապետ էր), 6 տարի և 9 ամիս ազատազրկման՝ ՆԳՆ հատուկջոկատայինների կողմից Սահակաշվիլու կնոջը թերթում վիրավորած գործարար Վալերի Գելաշվիլիի ծեծը կազմակերպելու համար: Ազատազրկման վերջին ժամկետը «կլանել» էր մյուսները, և արդյունքում՝ Մերաբիշվիլին բանտում անցկացրեց 6 տարի և 9 ամիս: Այս ամբողջ ընթացքում նա մենախցում է եղել:
Մերաբիշվիլին խոստացել է իր հետագա ծրագրերի մասին պատմել օրերս հրավիրվելիք մամուլի ասուլիսում: «Կոմերսանտ»-ի տվյալներով՝ դիտարկվող տարբերակներից մեկը նրա մասնակցությունն է 2020-ի խորհրդարանական ընտրություններին հայրենի Ախալցխայի շրջանից՝ մեծամասնական ընտրակարգով՝ որպես ընդդիմության միասնական թեկնածու:
Ի դեպ, վրացական ընդդիմության գլխավոր գաղափարախոս Միխեիլ Սահակաշվիլիի հայտարարություններից երևում է, որ նա այնքան էլ ոգևորված չէ Մերաբիշվիլիի՝ մեծ քաղաքականություն վերադառնալուց, քանի որ նրան «չափազանց օդիոզ» կերպար է համարում: Մերաբիշվիլիի անվան հետ կապված են սկանդալային գործեր, որոնք արատավորում են Սահակաշվիլիի իշխանության տարիները:
Վերջերս «Մտավարի արխի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահն ասել է՝ եթե չլինեին ՆԳ նախարարի «սխալներն ու հանցագործությունները», «ռուսաստանցի օլիգարխ Իվանիշվիլիին չէր հաջողվի հեշտությամբ գրավել իշխանությունը 2012-ին»: Հավանորեն, Սահակաշվիլին նկատի ունի «ինտիմ տեսանյութերի» հետ կապված սկանդալը. ՆԳՆ հակահետախուզության աշխատակիցները նկարահանում էին ընդդիմադիր քաղաքական ու հասարակական դեմքերի, ապա շանտաժի ենթարկում՝ պահանջելով դադարեցնել ընդդիմադիր գործունեությունը:
Բացի դրանից՝ Մերաբիշվիլին չէր կարողացել կանխել բանտային սկանդալը. 2012-ի հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ ԶԼՄ-ները տարածեցին Թբիլիսիի բանտերից մեկում բանտարկյալներին կտտանքների ենթարկելու մասին տեսանյութ, որը շոկ առաջացրեց հանրության շրջանում և դարձավ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության պարտության պատճառներից մեկը:
Նույն հարցազրույցում նախկին նախագահը Մերաբիշվիլիին խորհուրդ է տալիս «չզբաղվել քաղաքականությամբ, այլ ճամփորդել», քանի որ Վրաստանը, ինչպեսև ամբողջ աշխարհը, «շատ են փոխվել այս տարիների ընթացքում»:
Մերաբիշվիլին այս հայտարարությունները չի մեկնաբանել, սակայն չի բացառել, որ կմեկնի Կիև՝ Սահակաշվիլիի հետ հանդիպելու:
Սակայն նոր ազատ արձակված քաղաքական գործիչը կարող է չհասցնել մեկնել Վրաստանից, նրան մոտ ժամանակներս հնարավոր է բանտ վերադարձնեն: Դատախազությունն արդեն սկսել է իշխանության տապալման մասին նրա հայտարարությունների նախնաքննությունը: Բացի դրանից՝ ՆԳ նախկին նախարարին մեղադրում են նաև 2007-ի նոյեմբերի 7-ի հանրահավաքի դաժան ցրման և «Իմեդի» հեռուստաընկերության վրա հարձակման մեջ: «Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ Մերաբիշվիլին կարող է նաև ներգրավվել 2006-ին «Իմեդի»-ի սեփականատեր Բադրի Պատարկացիշվիլիի դեմ մահափորձի գործում. ՆԳՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն ձերբակալված են, և եթե ցուցմունք տան, Սահակաշվիլիի նախկին զինակիցը դարձյալ կհայտնվի բանտում: