Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկական պատմամշակութային կոթողների, դրանց պահպանման ու տուրիզմի զարգացման մի շարք խնդիրների շուրջ Yerkir.am-ը զրուցել է լուսանկարիչ-ճանապարհորդ Սասուն Դանիելյանի հետ:
-Հայաստանն աշխարհում հայտնի է որպես հին վանքերի ու բերդերի երկիր: Մենք նույնպես հպարտանում ենք մեր հազարավոր վանքերով ու բերդերով, բայց մեր մեծամասնությունն իր կյանքում հազիվ տասը-տասնհինգ վանք է տեսնում, շոշափում: Ո՞րն է պատճառը, միջոցնե՞ր չկան դրանց մոտենալու, թե՞, հեռվից սիրում ենք, բայց մոտենալու ցանկություն չկա:
-Իսկապես, Հայաստանը հարուստ է պատմության և բնության հուշարձաններով։ Եվ հայերիս համար դա ոչ միայն հպարտանալու, այլ` մեծ պատասխանատվություն կրելու խնդիր է առաջ բերում` դրանք անխաթար պահպանելու և հետագա սերունդներին փոխանցելու իմաստով։ Ցավոք, դա այնքան էլ լավ չի ստացվում մեզ մոտ։ Պատճառները հիմնականում պայմանավորված են կրթական համակարգի թերի լինելու հետ և Մշակույթի նախարարության ոչ արդյունավետ գործունեությամբ։ Հայաստանում նոր է սկսել զարգանալ ներքին զբոսաշրջությունը, և երիտասարդների մի ստվար հատված հետաքրքրություն է դրսևորում պատմական և բնական հուշարձանների, գեղատեսիլ անկյունների հանդեպ։ Դա նաև կապված է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, համացանցի և սոցիալական կայքերի զարգացման ու տարածման հետ։ Կարծես` մրցակցություն է սկսվել մարդկանց մեջ, թե ով է ավելի շատ վայրեր այցելում և գեղեցիկ լուսանկարների պաշար կուտակում։
Հայրենաճանաչության համար այս ամենն, իհարկե, լավ է։ Այլ խնդիրներ են առաջացնում վանքերի և բնական հուշարձանների տարածքում սփռված տասնյակ աղբյուր-տաղավարները. այստեղ այցելողների գերակշիռ մասն աղտոտում է միջավայրը։
Վանքեր և եկեղեցիներ չայցելելու մեկ այլ խնդիր է ֆինանսական կողմը։ Մարզաբնակ բնակչության մեծ մասն իրենց կյանքում տվյալ տարածքի հանրահայտ պատմական վայրերից բացի այլ տեղ չեն այցելում։
-Խոսում ենք տուրիզմի զարգացման մասին, բայց մեր ճարատարապետական կոթողներից շատերը, որոնցով պետք է հրապուրվեն տուրիստները, գտնվում են, մեղմ ասած, անմխիթար վիճակում: Այս ուղղությամբ ի՞նչ է պետք անել և որ կողմից սկսել:
-Հայաստանը մեծ զբոսաշրջային պաշար ունեցող երկիր է։ Եվ հետաքրքրական է, որ արտասահմանյան զբոսաշրջիների հիմնական մասն այստեղ է գալիս լեռնային քայլարշավների համար` քայլելու և հիանալու մեր լեռնային չնաշխարհիկ արահետներով։ Այդ արահետներով քայլելիս նրանց առջև բազմաթիվ հին վանքեր, բերդեր ու խաչքարեր են հայտնվում և ավելի հաճելի դարձնում ճամփորդությունը Հայաստանում։ Պահպանության հարցում դեռևս շատ են խնդիրները։ Հայաստանի պատմական հուշարձանների, այդ թվում վանքերի մեծագույն մասն ավերակ վիճակում է, կամ ավերման եզրին է գտնվում։
Հայաստանի բերդերի ավերակ վիճակի պատճառը դարեր շարունակ պետականության կուրուստն է եղել։ Երբ Հայաստանում 14-րդ դարից ի վեր բերդերը լքվեցին, հարևան Վրաստանում գոյատևեցին մինչև ռուսական կայսրության մաս դառնալը։ Սյունիքում ծագած ազգային ազատագրական պայքարի արդյունքում, 17-18-րդ դարերում, ամրացվեցին մի քանի բերդեր, որոնք ավելի շատ վանք-ամրոցներ էին։ Դրանցից մեկն է Կապանի Հալիձորը։
Հայաստանում բազմաթիվ նոր եկեղեցիներ են կառուցվում, տասնյակ միլլիոնավոր արժողությամբ, հիմնականում` անհատների կարողությամբ, ովքեր դա որակում են «բարեգործություն»։ Ես կարծում եմ, որ այդ գումարները պետք է ներդրվեն պատմական վանքերի, եկեղեցիների և բերդերի վերականգնման մեջ։ Ես ականատես եմ եղել այնպիսի օրինակների, երբ գյուղում հազարամյա կիսավեր եկեղեցին անտեսվում է, բայց մեծահարուստ հովանավորը բոլորովին նորն է կառուցում։ Պետությունը պետք է գտնի միջոցներ, որով կվերականգնվեն պատմական հուշարձանները։ Ժողովրդական նվիրատվության մի օրինակ կարող եմ բերել․ Վրաստանում ամենուրեք` խանութներում, դեղատներում, թանգարաններում հանդիպել եմ բարեգործական դրամարկղերի, որոնց նպատակը պատմական հուշարձանների վերականգնումն է։ Հարևաններն իսկապես նախանձելի արագությամբ հարյուրավոր պատմական հուշարձաններ են վերականգնել և վերականգնում են։ Մեզ մոտ հատուկենտ են նման օրինակները, հիմնականում Խորհրդային վերջին տասնամյակին ենք պարտական։
-Վերջին տասնամյակների ընթացքում շատ է բարձրաձայնվել, որ շինարարական աշխատանքների հետևանքով զգալիորեն տուժել կամ իսպառ ոչնչացվել են պատմամշակութային կարևոր կոթողներ: Ունե՞ք նման օրինակներ:
-Այս խնդիրն իհարկե միայն Հայաստանին չէ հատուկ։ Հայաստանում շինարարական աշխատանքներից տուժել են հիմնականում երևանյան հին և արժեքավոր ճարտարապետություն ունեցող շենքերը, և քանի դեռ Երևանում շարունակվում է կենտրոնացումը, այդ խնդիրը լուծվել չի կարող։ Շատ են նաև մարզերում, գյուղերում կատարվող ինքնագործունեության զոհերը։ Վերջինիս պատճառները, կարծում եմ, չտեղեկացվածությունն է և պատկան մարմինների անտարբերությունը։ Ժողովրդական բացառիկ ճարտարապետությամբ հին գյուղական և քաղաքային թաղամասեր են վերացել վերջին տասնամյակներին, որոնք պակաս արժեքավոր չէին հին Երևանից։ Նման օրինակներից է Մեղրիի Փոքր թաղը (բարեբախտաբար ընթացքի մեջ է ճարտարապետ Արմինե Պետրոսյանի վերականգնման նախագիծը), Շվանիձորի հին թաղի հուշարձան տների մեծ մասը վերջին տարիներին ավերվել է, մի քանիսը դեռևս կանգուն, բայց լքված վիճակում են։ Հին Հադրութից մի փոքր փողոց ու մի քանի շենք է պահպանվել։ Հադրութի Տյաք գյուղը երևի բացառիկներից է, որ պահպանել է իր նախնական տեսքն առ այսօր, բայց քանի որ ժողովրդական ճարտարապետության օրինակ համարվող այդ հին տների մեծ մասը բնակելի չեն, կարող են կիսել լքված ու ավերված մյուս հին բնակավայրերի ճակատագիրը։
-Մենք աշխարհի ուշադրությունն ամեն գնով փորձում ենք սևեռել պատմական Հայաստանում թուրքերի, ադրբեջանցիների ու վրացիների կողմից ոչնչացվող հայկական հուշարձանների վրա, բայց մեր պետության ներսում հաճախ, թող ներվի ասել, թքած ենք ունենում եղածի վրա: Որտեղի՞ց է գալիս մեր այս բնավորության գիծը:
-Այո, ցավոք, մեր հարևաններից միայն Իրանին կարող ենք շնորհակալություն հայտնել, որ մեզնից ավելի լավ է հոգ տանում մեր իսկ հոգևոր-մշակութային արժեքների մասին։ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի տարածքներում գտնվող պատմական Հայաստանի հայկական հուշարձանների խնդիրները տարբերվում են իրարից։
Վրաստանում հիմնականում բարձիթողի վիճակում են՝ թողնված բնության քմահաճույքին, իսկ առավել նշանավորներն ու արժեքավորները, ազատելով հայկականությունից (հայերեն արձանագրություն, խաչքարեր, եկեղեցու բեմ և մկրտության ավազան) պարզապես վրացական են դարձնում։
Նախիջևանի տարածքի հարյուրավոր քրիստոնեական հուշարձանների մշակութային ցեղասպանությունն իրագործելուց հետո, այսօր միայն հայկական մի քանի կամուրջ և բերդ է մնացել, որոնց տեսակը ազգային ու կրոնական դիմագիծ չի ունենում։ Բուն Ադրբեջանում համատարած բոլոր վանքերն ու եկեղեցիները, որոնք դեռևս կանգուն են, ներկայացված են աղվանական, բացի Բաքվի 4 եկեղեցիներից միակ կանգուն մնացած և որպես գրադարան գործածվող Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց։
Թուրքիայում հուշարձաններն ավերվել և ավերվում են թե' պետության հովանավորչությամբ, թե' Արևմտյան Հայսատանի տարածքում բնակվող քրդերի և այլ ազգերի միջոցով, որի հիմնական պատճառը գանձախուզական տենդն է։ Արևմտյան Հայաստանում շրջելիս` ցավոտ իրականությունը չի կարող շրջանցել մեզ, քանի որ միայն վերջին տասնամյակում զբոսաշրջային մեծ շահ հետապնդող Աղթամար կղզին և Անիի ավերակներն են պահպանության տակ առնված (բացառությամբ մզկիթների և խոտի ամբարի վերածված եկեղեցիներից)։ Ամեն մի բողոքի ժամանակ թուրքերն աշխարհի աչքն են մտցնում իրենց «հանդուրժողականության» այս օրինակները։ Եվ համատարած ավերված և ավերվող հայկական վերջին մասունքները տեսնելուց հետո առնվազն պետք է հիշենք, որ նույն ճակատագրին կարող էր արժանանալ Դադիվանքը, Գանձասարը, Քարվաճառի, Քաշաթաղի տասնյակ այլ ճարտապատության գոհարները։
Պետք է նաև նշեմ, որ Հայաստանում կան մահմեդական հուշարձաններ, որոնք նույնպես մեր երկրի մշակութային արժեքներն են և հավասարապես ենթակա պահպանման։ Մեր պետության ներսում էլ ցավոք շատ չեն այս ամենի կարևորությունը գիտակցողները։ Ես կարծում եմ, սա ոչ թե բնավորության գիծ է, այլ չիմացության։ Այս խնդիրը լուծելու համար մեծ անելիք ունի մանկապարտեզը, դպրոցը, համալսարանը և ընտանիքը։
-Մշակութային կոթողի պահպանության գործում որո՞նք են պետության և անհատի դերերը:
-Մշակութային կոթողի պահպանության համար պետության, եկեղեցու և անհատի դերը պետք է միասնական լինի։ Պատկան կառույցները պարտավոր են ամբողջությամբ գործածել պատմական հուշարձանների պահպանության գործին վերաբերվող բոլոր օրենքները, հուշարձանի սեփականացման, վերանորոգման և վերականգնման ժամանակ սեփականատերերը և պետական պատասխանատու կառույցները պետք է համատեղ քննարկման դնեն հարցը և որոշում ընդունեն հուշարձանների պահպանության և օգտագործման վերաբերյալ օրենքներով։
Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի պատմամշակութային ժառանգության կարևորությունը, որպես ազգային դիմագիծ։ Պետությունը պարտավոր է բարձր մակարդակով ներկայացնել Հայաստանի մշակութային ժառանգությունն ամբողջ աշխարհին։ Աշխարհում կարևոր տեղ և դեր ունի մշակութային քաղաքականությունը։
-Դրսից մեր երկիր եկած մարդկանց առաջինը որ կոթողները ցույց կտա՞ք. ինչու՞:
-Կարծում եմ մեր երկիր այցելած մարդիկ արդեն իսկ ինչ որ պատկերացումներ պետք է ունենան Հայաստանի մասին, և ես առաջինը նրանց կծանոթացնեի Հայաստանի գյուղերում ապրող հասարակ բնակչության հետ։ Պատմաճարտարապետական կոթողներից դժվարանում եմ առանձնացնել, բայց մի քանիսը կնշեմ. Բղենո, Նորավանք, Հանդաբերդ, Մակարավանք, Երերույք։
Գևորգ Գյուլումյան