Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Yerkir.am-ն իր տաղավարում հյուրընկալել է Սասուն-Դիարբեքիր նահանգում բնակվող մեր հայրենակից Կարոտ Սասունյանին, և թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանին։ Կարոտ Սասունյանը լուսանկարիչ է, հոդվածների հեղինակ, և Թուրքիայում հայերինու հայկականությանը վերաբերող շատ կարևոր ուսումնասիրություններ է կատարում։ Նա ծնվել ու մեծացել է Սասունում, սակայն էթնիկ ծագման համար հալածանքների ենթարկվելու պատճառով տեղափոխվել է Դիրաբեքիր, որտեղ էլ սկսել է ավելի բացահայտ խոսել իր ազգային ծագման, ինքնության մասին։
Ստորև ներկայացնենք, հարցազրույցի ժամանակ Կարոտ Սասունյանի խոսքերից մեջբերումներ։
Սասունն իմ համար Աստված է, իմ սիրտն է, իմ հողը, հայ լինելուս մասին քրդերից եմ տեղեկացել․ Սասուն-Դիարբեքիրում բնակվող Կարոտ Սասունյանի բացառիկ պատմությունը
Հայ լինելուս մասին քրդերից եմ իմացել՝ 5-6 տարեկանում, երբ արաբերեն սովորելու էինք գնում մոլլաների մոտ: նրանք ասում էին՝ «Ալթեի որդին, Կարպիսի թոռն, իբր, «Ղուրան» է սովորելու, իմամ է դառնալու, մենք էլ նրա հետևում շարք կանգնելով` նամազ ենք անելու»: Նրանց այդ հայհոյանքներն ու վիրավորական խոսքերն ինձ հարկադրեցին, որ իմանամ ով լինելս: Պապիս հարցրի` ինչո՞ւ են այդպես ասում, նա լռում էր։ Մի օր տեղի տվեց ու ասաց, որ մենք ազգությամբ հայ ենք:
Տարիներ շարունակ սպասում էի մկրտությանս։ Ցանկանում էի մկրտվել Սասունի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որը շատ կարևոր էր իմ տատիկի համար, բայց քանի որ Տեր Հայր չկա մեզ մոտ, ոչ մի կերպ չկարողացա իմ երազանքն իրականացնել։ Տարիներ անց եկա Երևան և իրագործեցի իմ երազանքը՝ Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում։
Հայկական բառերը սովորել եմ պապիկիցս, մեր ապրած շրջանում որևէ հայատառ բան չկա։ Միայն որոշ եկեղեցիների մուտքի արձանագրություններ են հայատառ, դրա համար հայկական այբուբենը և հայատառությունն ինձ համար սրբություն է։
Ծնվել եմ եմ Սասունի Փասուր գյուղում, երկու տղա ունեմ, մեծ տղայիս անունը Արտակ է, 24 տարեկան է, փոքր տղայիս անունը Սասուն է՝ 18 տարեկան է։
Պապիկիս հորեղբոր անունը Մրդո է, նա դաշնակցական էր։ 1893-94 թվականներին դաշնակցականները նախապատրաստում էին ժողովրդին ինքնապաշտպանության։ Դատավորի օգնական կար՝ Պողոսը, ասում էր՝ «ես չեմ կարող Օսմանյան պետությանը դեմ դուրս գալ»։
Թուրքերը միշտ վախեցել են դաշնակցականներից, համարել են ահաբեկիչներ։ Պապիկիս հաճախ էի խոսեցնում, որպեսզի ինչ-որ բաներ իմանամ, փոքր պատմություններ էր պատմում նրանց հերոսությունների մասին, բայց միշտ զգուշավոր էր խոսում, որպեսզի որևէ մեկը չլսեր, հատկապես երբ խոսում էր Դաշնակցության մասին։
«Ազատություն, արդադրություն, Դաշնակցություն», մենք այդպես ենք ընկալում Դաշնակցությանը։ Թուրքիայում հայերը կարող են անդամագրվել տարբեր կուսակցությունների, բայց հոգու խորքում, մեր մտածելակերպով մենք բոլորս դաշնակցական ենք, քանի որ Դաշնակցությունը ոչ թե կուսակցության անուն է, այլ փիլիսոփայություն է, գաղափարախոսություն է, առաջնորդող մի կառույց է, որը 100 տարուց ավելի է կանգուն է։
Տարիներ շարունակ ուսումնասիրել ու բացահայտել եմ ծպտյալ հայերին, նրանց մեջ փորձում էի հայկականությունն արթնացնել։ Սզբում վախեցած ասում են՝ մենք հայ չենք։ Բայց երբ համառորեն պնդում եմ, որ հայ են, խոստովանում են։ Միշտ ասում են՝ ինչո՞ւ հայերը մեզանով հետաքրքրված չեն։ Սասունի Փասուր գավառում, մի գյուղ կա, որտեղ 200 իսլամացած հայեր կան։
Պապս իր աղջիկներին հայերի հետ է ամուսնացրել, նաև իր տղաներին ամուսնացրել է հայուհիների հետ։ Ասում էր՝ այնպիսի մեկի հետ ամուսնացեք, որ ձեր լեզուն չհայհոյի։
Մեր կենցաղը, խոսելաձևը տարբերվում է քրդերից։ Նաև հնուց եկած հայկական պարեր իմացող տարեցներ կան, որոնք, օրինակ, հարսանիքներին պարում են։
Սասունն իմ համար Աստված է, իմ սիրտն է, ամեն ինչ է, եթե Սասունը չլինի, ուրեմն՝ մենք չկանք, չենք լինի։ Այսօր աշխարհի տարբեր երկրներում կարող եմ ապրել՝ Ամերիկա, Կանադա, Ալբանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հայաստան կարող եմ գալ, բայց անգամ Դիարբեքիրում ապրելով՝ ես ուզում եմ Սասունում ապրել, որովհետև մեր նախնիների քրտինքն ու արյունն այդ հողերում են։ Ես հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ ծուռ սասունցի եմ։
Թեմայի մանրամանսերը՝ տեսանյութում։