կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-08 10:00
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը հպարտ քաղաքացիներին. «168 ժամ»

Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը հպարտ քաղաքացիներին. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը հանրաքվեի ներկայացնելու՝ խորհրդարանի նախօրեին կայացրած որոշումը, ինչպես նաեւ՝ այդ հարցի նպատակով հրավիրված նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, կանխորոշելու են առաջիկա երկու-երեք ամիսների Հայաստանի ապագան։ Մռայլ ապագան։ «Շնաբարո» ապագան ու «վնգստացող» ապագան։

Բացի այն, որ սահմանադրական հանրաքվեն խնդրահարույց ու վիճահարույց է իրավականության ու սահմանադրականության տեսանկյունից, այն դառնալու է քաղաքական բախումների, ներքին թշնամիների հայտարարման ու դրանց դեմ պայքարի՝ քաղաքական ու բարոյական սթրեսներով լի գործընթաց։ Դրա մեկնարկը տվեց Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում ունեցած իր ելույթով։ Քաղաքական ու ոչ միայն քաղաքական ախտորոշման վկայություն հանդիսացող ելույթով։

Ահա այդ ելույթով սկիզբ դրված գործընթացն ուղեկցվելու է հիստերիայով ու հայհոյախոսությամբ, ատելության ու թշնամանքի անթույլատրելի չափաբաժնով։ Լինելու են մարդկանց՝ «պետության թշնամիներ» ու «ազգի նվիրյալներ» հայտարարելու դիտարժան տեսարաններ, ցանկացած այլակարծություն ներկայացվելու է՝ որպես «ժողովրդի դեմ ուղղված» քայլ։ Ու ամեն ինչ, բնականաբար, արվելու է ժողովրդի անունից, հանուն ու ի շահ ժողովրդի։

Ի դեպ, եւս մեկ ախտորոշման նյութ է Նիկոլ Փաշինյանի կողմից իրեն ու իր քաղաքական թիմին ժողովրդի հետ նույնացնելու քայլը։ Պարզունակ այդ տեխնոլոգիայի հիմքում ընկած է այն հաշվարկը, որ իր եւ իշխանության դեմ ուղղված ցանկացած քննադատություն ներկայացվելու է՝ որպես ժողովրդի դեմ ուղղված քայլ։ Ժողովուրդը, բնականաբար, որեւէ դատական ատյանում իրեն ուղղված այդ վիրավորանքի համար պատիվ պահանջելու հնարավորություն չունի։ Ինչպես որ չկա որեւէ ատյան, որտեղ հնարավոր կլինի բողոքարկել Նիկոլ Փաշինյանի կողմից հռչակած «սիրո եւ հանդուրժողականության» կարգախոսի գործնական վերածումը «ատելության եւ թշնամանքի» իրողության։

Հասարակությունը եւս մի քանի ամիս ապրելու է այդ ատելության խտացված մթնոլորտում՝ հանուն այն բանի, որ Նիկոլ Փաշինյանն իրագործի իր հերթական ցանկություններից մեկը։ Հանուն ժողովրդի, բնականաբար։ Արդեն իսկ հնչել են բազմաթիվ գնահատականներ այն մասին, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դառնալու է Նիկոլ Փաշինյանի վստահության հանրաքվեն։ Գուցե։

Բայց այդ նույն հանրաքվեն նաեւ եզակի հնարավորություն է դառնալու հասարակության համար՝ ապացուցելու կամ ժխտելու այն պարզունակ բանաձեւը, որ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը։

Իսկ դա նշանակում է, որ ավելի գլոբալ իմաստով՝ այդ հանրաքվեն լինելու է ոչ թե սահմանադրական փոփոխությունների,այլ այն մասին, թե արդյո՞ք հասարակությունը եւս ունի ախտորոշման կարիք, թե՞ այնուամենայնիվ նրա հավաքական գիտակցությունն ու արժանապատվությունը կարող է հաղթել մասսայական փսիխոզին։ Նիկոլ Փաշինյանը հասարակությանը նետել է այդ մարտահրավերը։

Գնդակը, ինչպես ասում են, հասարակության դաշտում է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում