կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-06 12:45
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս իշխանությունը անդադար ինքն իր ոտքի վրա կրակելով է զբաղված․ Մարուքյան

Այս իշխանությունը անդադար ինքն իր ոտքի վրա կրակելով է զբաղված և երբ մենք ասում ենք՝ ա՛յ աղբեր ջան, ա՛յ գլխիդ ղուրբան ոտիդ մի կրակիր, այս մարդիկ քիչ չի՝ չեն հասկանում, հետն էլ՝ ստանում ենք ամենավատ վիրավորանքները․ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ-ում՝ արտահերթ նիստի չկայանալուց հետո։

Նա նկատի ուներ Սահմանադրության փոփոխությունները ոչ թե ԱԺ-ում, այլ հանրաքվեի միջոցով անելու ուղղությամբ «Իմ քայլը» խմբակցության ընթացքը։ Մարուքյանի համար անհասկանալի է՝ եթե տարիուկես ժողովուրդի անունից արել են՝ ինչ ուզել են, ինչն է ստիպում, որ այս անգամ  էլ նույնը չանեն, ինչո՞ւ են ուզում քաղաքացիներին տանել ընտրական տեղամասեր, ավելին՝ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և նախկին իշխանության այլ ներկայացուցիչների քարոզարշավի մասնակցելու հնարավորւթյուն տալ։ 

Եթե նպատակը՝ փոփոխությունների փաթեթը հանրաքվեով ընդունելուց հետո ՍԴ-ի հաստատմանը չներկայացնելն է, ապա թե՛ ԱԺ-ով, թե՛ հանրաքվեով փոփոխելուց հետո ՍԴ-ի հաստատմանը ներկայացնելը պարտադիր է․ եթե մտադիր են խախտել օրենքը՝ կարող են խախտել նաև առանց հանրաքվե նախաձեռնելու՝ ԱԺ-ով  հաստատելով փոփոխությունները։

Օրինագծերի փաթեթի մասին ասաց՝ այնքան հակասահմանադրական փաստաթուղթ է, որ իրենց խմբակցությունը, որևէ տեսքով, դրան կողմ քվեարկել չի կարող։

Մարուքյանը նաև տեղեկացրեց, որ ԵԱՀԿ և ԵՄ դեսպանները եղել են ԱԺ-ում՝ արտահերթ նիստի նախօրեին, հանդիպել են ԱԺ նախագահի հետ։ Նման հանդիպումների ժամանակ դեսպանները լռում են, որովհետև պետության ներքին գործն է, բայց զեկուցում են իրենց երկրներ և մեր երկիրը համապատասխան ազդակ է ստանում։

Մարուքյանի վրդեվեցնում է նաև իշխող խմբակցության անտեղյակությունը, թե հենց իրենք ինչ են ուզում․ «3 անգամ ԱԺ խորհրդի նիստ է հրավիրվել 2 օրվա մեջ ու հետաձգվել, նախագիծ է բերվել-հանվել, բերվել-լրամշակվել, հետո հրավիրվել է այս նիստը, հիմա էլ այս նիստից են հանել նախագիծը, նորից բաներ կան, պետք է շտկեն էլի բերեն։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան անլրջացնել կարելի է նման կարևոր պրոցեսը և չիմանալ՝ ինչ ես ուզում անել։ Եթե մարդը գիտի՝ ինչ է ուզում անել, մասնագետներ կան, իրավաբաններ կան, գրում են, բերում են»։

Մանսագիտությամբ իրավաբան Էդմոն Մարուքյանի համար այդ փաթեթը այնքան  խնդրահարույց է, որ ինչքան շտկում են՝այնքան շտկելու տեղ կա․ «Բայց ես ձեզ ասեմ՝ այդ փաթեթը չի կարող շտկվել, որովհետև նրա էությունն է հակասահմանադրական, նրա էությունն է պրոբլեմատիկ»։

Մարուքյանի կարծիքով՝ իրենք էլ են հասկանում, որ շատ պրոբլեմատիկ փաթեթ են բերել և փորձում են ինչ-որ խնդիրներ շտկել, բայց ինչ էլ շտկեն, հեղինակին այնքան հարց կա տալու, որ անհնար է 3 ժամանոց քննարկման ժամանակ և 5 ժամանոց մեծ փաթեթի ժամանակ այդ հարցերը տալ։

«Օրինակ՝ քաղաքական մեծմասնությունը այն հոդվածը Սահմանադրության, որն ուզում է փոխել, այդ հոդվածը կարող է փոխել խորհրդարանում։ Բայց իրենք երկրորոդ ընթերցման փաստաթղթեր չեն ներկայացրել։ Ինչո՞ւ․ որ առաջին ընթերցումից հետո տապալեն այդ նախագիծը, որ գնա հանրաքվեի։ Ինչո՞ւ․ եթե խորհրդարանը կարող է այդ փոփոխությունը անել այստեղ, ինչո՞ւ եք տանում ժողովրդին ընտրական տեղամասեր՝ մեկը կարո՞ղ է բացատրել մեզ»,-ասաց նա։

Սահմանդրական դատարանի աշխատանքը ճգնաժամ որակելը Էդմոն Մարուքյանի համար սխալ է․ «Նախ՝ էդ ճգնաժամը սուտ պատմություն է, բայց անգամ եթե ընդունենք, որ ինչ-որ մի մարդ ասել է՝ կա ճգնաժամ և մյուսները համաձայնել են այդ մարդու հետ, այդ ճգնաժամի համար չի կարելի մատաղ անել իրավունքի գերակայությունը, մեր միջազգային  վարկը, չի կարելի հնարավորություն տալ նախկին ռեժիմի ներկայացուցիչներին՝ վերակենդանանալու քարոզարշավի միջոցով»,-ասաց Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան արտահերթ նիստը չկայացավ․ նախաձեռնողը հետ կանչեց նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը: Հետո ԱԺ  խոսնակ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ «Իմ քայլը» միջնորդել է կրկին հրավիրել արտահերթ նիստ: «Իմ Քայլը» խմբակցության մի շարք պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված  արտահերթ նիստի օրակարգում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»   և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերն էին։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․