Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփենակերտի հայտարարությունից հետո, որով Հայաստանը հռչակեց հակամարտության կողմ, մինչև Դուշանբեի, Դավոսի պայմանավորվածություններ՝ մենք լուրջ կորուստ ունեցանք Արցախի հարցով բանակցային գործընթացում՝ ըստ Yerkir.am-ի ասաց Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի հիմնադիր-տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին․ արտաքին և ներքին անվտանգություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ։
Բանն այն է, որ 2016 թ-ից հետո Հայաստանը լուրջ դիվիդենտ ունեցավ և Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, այնուհետև Ժնևում պայմանավորվածություն ձեռք բերեց, որ պետք է ուժեղացնել շփման գիծը։ Ռուբեն Հակոբյանի մեկնաբանմամբ՝ առաջին անգամ միջազգային կառույցների ներկայությամբ շփման գիծը դարձավ Արցախի Հանրապետության սահման․ «Երկրորդը՝ վերջապես մենք ունեցանք հնարավորություն ասելու՝ եկեք ֆիքսենք ո՛վ է հարձակվողը, ո՛վ է զոհը։ Դա պետք է իրականացնեինք, բայց ցավոք այդ կարևոր դիվանագիտական դիվիդենտը փոշիացավ, երբ Դուշանբեում, Դավոսում, այնուհետև 2019 թ-ի մարտի 28-ին Վիեննայում հայտարարություն տարածվեց, որտեղ այդ ձևակերպումները չկային»։
Ռուբեն Հակոբյանը կորուստ է համարում նաև այն, որ բանակցային լեքսիկոն մտավ «ԼՂ ադրբեջանական համայնք» ձևակերպումը։ Սա նա համարում է Նիկոլ Փաշինյանի մեղքը, քանի որ երբ նա ասաց, որ հակամարտության կարգավորումը պետք է բավարարի 3 կողմերին էլ, ըստ Ռուբեն Հակոբյանի՝ վերացրեց Արցախի օրինական իշխանությունների սուբյեկտայնությունը։
Ռուբեն Հակոբյանի համար անընդունելի է նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը միշտ հայտարարել է, որ բանակցությունների է գնում առանց որևէ բովանդակային քննարկման, այնինչ վերջին շրջանում հայտարարվեց, որ նապկինում համաձայնություններ են ձեռք բերվել․ «Բավական է Ժնևի հայտարարության մեջ կարդալ այն ձևակերպումը, որ՝ ըստ պայմանավորվածությունների, նշանակում է՝ բովանդակային պայմանավորվածություններ են եղել, որի մասին մեր հասարակությունը տեղյակ չի եղել։ Կարող է լինել համաձայնություն մի դեպքում, եթե տեղի է ունեցել բովանդակային քննարկում։ Ադրբեջանը շատ ավելի անկեղծ է իր ժողովրդի հետ, որովհետև ասում էր, որ բովանդակային քննարկում է լինում»։
2019 թ-ի մարտին, երբ մեր պատվիրակությունն ասում էր՝ գնում ենք առանց օրակարգի, որովհետև ուզում ենք տեսնել ինչ է կատարվում, Ադրբեջանը օրակարգային կետեր էր նշում՝ որևէ լուծում չի կարող լինել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաշվին և հնարավոր չէ, որ Արցախը բանակցությունների մաս կազմի․ «Հայտնի է, որ եթե դու օրակարգ չես տանում, քննարկում ես այն օրակարգը, ինչ դնում են սեղանին, այսինքն ադրբեջանական»։
Ի վերջո, Ռուբեն Հակոբյանը կասկածի տակ է դնում տևական ժամանակ սահմանին կրակոցների պակասի հայանպաստ լինելու հարցը․ «Առաջին անգամ Դուշանբեում մեր իշխանությունը Ադրբեջանի իշախանության հետ պայմանավորվեց, որ նրանք օգնեն, որ եղած իշխանությունը ամրապնդի իր դիրքերը․ Փաշինյանն ասաց, մենք ծանոթ չենք, ժամանակ է պետք և ասաց՝ առաջիկայում ընտրություններ են։ Սրացումներ չեղան բավական ժամանակ, հետո Ադրբեջանական կողմը հստակ խնդիր դրեց, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունը չեղարկվի։ Բացի այց, Ադրբեջանին դա ձեռնտու էր, որովհետև կարողացավ ամրապնդել դիրքերը և Նախիջևանում 10 հազար հեկտարը իր վերահսկողության տակ վերցրեց»։
Բանակցային գործընթացը, Ռուբեն Հակոբյանի համոզմամբ, փակուղի է մտել Նիկոլ Փաշինյանի հակասական հայտարարությունների պատճառով, իսկ արտգործանախարարությունը կրակն է ընկել Փաշինյանի ձեռքը, որովհետև միշտ ստիպված է արդարացնել այն, ինչն արդարացնել հնաարվոր չէ։
Առավել մանրամասն՝ տեսանյութում․