Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիին հրավիրել է Վաշինգտոն՝ մասնակցելու Դավանանքի ազատության կոալիցիայի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Զալկալիանին Հարավային Կովկասի երկրներից հրավիրված միակ արտգործնախարարն է: Այցը կտևի փետրվարի 4-7-ը, նախարարը հանդիպումներ կունենա ԱՄՆ պետդեպարտամենտում և Կոնգրեսում, նաև՝ ամերիկյան փորձագիտական շրջանակների հետ:
«Ի՞նչն է այստեղ առաջնային, ի՞նչը՝ երկրորդային: Կոալիցիայի օրակարգի մասին տեղեկություններ չկան: Կարելի է նշել միայն հետևյալը՝ ԱՄՆ-ը հայտարարել է, որ «դավանանքի ազատության պաշտպանությունը Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է», որ «շարունակում են պաշտպանել կրոնական ազատությունները և պայքարել այդ ոլորտում խախտումների դեմ»: Վաշինգտոնն ակտիվորեն քաղաքականացնում է եկեղեցական խնդիրները՝ կազմելով այն երկրների ցուցակը, որոնցում, նրա տեսանկյունից, կրոնական ազատության լուրջ խախտումներ են տեղի ունենում: Վրաստանն այդ ցուցակում չէ»,- ըստ yerkir.am-ի՝ նշում է Regnum տեղեկատվական գործակալությունը՝ վերլուծելով Վրաստանի արտգործնախարարի այցի նպատակները, դրանից սպասումները:
Ըստ գործակալության՝ ներկայումս եկեղեցին միակ բանն է, որ կապում է վրացիներին ու ռուսներին: Նույնիսկ 2008-ին Հարավային Օսիայում ռազմական հակամարտության ժամանակ Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը իրենց հեռու չդրեց Ռուսական ուղղափառ եկեղեցուց: Խաղարկելով «ուկրաինական ավտոկեֆալիայի» խաղաքարտը՝ Վաշինգտոնը փորձում է Վրացական ուղղափառ եկեղեցուն ուղղել դեպի Կոստանդնուպոլսյան պատրիարքություն: Այստեղից է հետաքրքրությունը վրացական եպիսկոպոսության նկատմամբ, որի ներկայացուցիչներն, ի դեպ, հաճախ են այցելում ԱՄՆ:
Ամերիկացիների կարծիքով՝ եթե Վրացական ուղղափառ եկեղեցին ճանաչի «ուկրաինական ավտոկեֆալիան», Ռուսական և Վրացական ուղղափառ եկեղեցիների հարաբերությունները կխզվեն, այդ պատճառով ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ՝ ուղղակի կամ կողմնակիորեն միջամտելով եկեղեցական գործերին:
«Սակայն արդյո՞ք Զալկալիանին այդ գործընթացի վրա ազդելու հնարավորություն ու լիազորություն ունի: Դժվար թե, և դա հանգեցնում է այն մտքին, որ նա հիմնական բանակցությունները վարելու է Դավանանքի ազատության կոալիցիայի ձևաչափից դուրս: Ինչի՞ մասին: Ինքը՝ Վրաստանի ԱԳ նախարարը, հայտարարել է, որ մտադիր է «ամերիկյան իշխանություններին հավաստի տեղեկություններ հաղորդել երկրում տիրող իրավիճակի մասին»: Նրա հայտարարության պատճառը Վրաստանի իշխանություններին քննադատող նամակներն են, որոնցով ամերիկացի կոնգրեսականներն ու սենատորները հեղեղել են Թբիլիսին: Դրանցում նրանք պնդում են, թե իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ ընտրական համակարգի խոստացված բարեփոխումից հրաժարվելը տանում է իբր ռուսամետ քաղաքականություն վարող Բիձինա Իվանիշվիլիի «ավտորիտար ռեժիմի» հաստատմանը: Սակայն բանն այն է, որ բողոքի ցույցերով ուղեկցվող բանավեճերը, թե ինչպիսին պիտի լինի ընտրական համակարգը՝ համամասնակա՞ն, թե՞ խառը, ընթանում են ժողովրդական գործընթացների ձևաչափով: Եթե Վրաստանի բոլոր քաղաքացիները դեմ են «Վրացական երազանք»-ին, ապա 2020-ի խորհրդարանական ընտրություններում, որոնք պիտի լինեն «ազատ ու արդար», ընդդիմությունը հաղթելու է: Դա նշում ենք, քանի որ Վրաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին խոսակցությունները հորինված են»,- գրում է Regnum-ը՝ կարծիք հայտնելով, որ հենց «ճգնաժամային իրավիճակի» մասին է Զալկալիանին խոսելու պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ, որոնք, ըստ էության, պիտի այդ իրավիճակից դուրս գալու տարբերակ առաջարկեն:
Իսկ ինչո՞ւ են ամերիկացիները հարկավոր Վրաստանի որոշ ուժերի, և ո՞վ է, ըստ նրանց, փոխարինելու Իվանիշվիլիին: Վրաստանի Ատլանտյան խորհրդի փոխնախագահ Բատու Կուտելիան նշում է, որ «ԱՄՆ-ում վրացական կառավարության հասցեին արդեն կիրառվում են այնպիսի եզրույթներ, որոնք աներևակայելի էին բոլորովին վերջերս, և դրանք կիրառվում են հիմնականում ավտորիատար երկրների ղեկավարության մասին խոսելիս»: Ըստ գործակալության՝ հնարավոր է՝ ներկայիս փուլում վրացական որոշ ուժերի նպատակը տարածաշրջանում ջուր պղտորելն է, որ կրկին շահեն Արևմուտքի պակասած հետաքրքրությունը, իսկ հետո՝ ինչպես ստացվի:
Ի դեպ, ամերիկյան The Washington Times-ի կարծիքով՝ Վաշինգտոնը Վրաստանում կարող է պոտենցիալ պատ կառուցել Չինաստանի՝ տարածաշրջան թափանցման դեմ: Ամերիկյան թերթը նաև կոչ է անում կամուրջներ կառուցել արևմտամետ Վրաստանի և Իսրայելի միջև, որոնք «Մեծ Մերձավոր Արևելքում մնում են ԱՄՆ-ի միակ և ամենահուսալի դաշնակիցներն ու բարեկամները»: Ընդ որում՝ հաշվի առնելով ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման հետ կապված խնդիրները՝ պարբերականը Վաշինգտոնին խորհուրդ է տալիս Թբիլիսիի հետ խոր երկկողմ հարաբերություններ հաստատել:
Միաժամանակ, Վրաստանում հայտարարում են, որ Մոսկվան անվտանգության միակ հիմնախնդիրը չէ, նաև անհանգիստ հարևան կա՝ Իրանը: «Ռազմավարական զգալի դիրք գրավելով Ռուսաստանի և Իրանի միջև՝ Թբիլիսին փորձում է ամերիկյան արտաքին քաղաքականության ցուցակում պահպանել իր դիրքը՝ որպես առաջնահերթություն: Տեսնենք, թե ինչ քաղաքական բեռով ԱՄՆ-ից կվերադառնա նախարար Զալկալիանին»,- եզրափակում է Regnum-ը: